Unitree Robotics-ը ներկայացրել է իր նոր ռոբոտը, որը պարում է, քայլում աստիճաններով և արագության նոր ռեկորդ է սահմանել

5 մարտի, 2024  16:22

Չինական Unitree Robotics ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նկարագրում է իր մարդանման H1 ռոբոտի նոր մոդիֆիկացիայի (H1 Evolution V3.0) հնարավորությունները, որը պարում է, քայլում աստիճաններով, հարթ մակերեսով քայլում է 3,3 մ/վ արագությամբ։ Ըստ Unitree-ի՝ սա համաշխարհային նոր ռեկորդ է մարդանման ռոբոտի համար:

Unitree H1 մարդանման ռոբոտի բնօրինակը ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն ունի 1805 մմ բարձրություն, կշռում է մոտ 47 կգ և կարող է տեղափոխել մինչև 30 կգ ծանրությամբ բեռ: Նրա յուրաքանչյուր ոտք ունի շարժվելու հինգ աստիճանի ազատություն՝ շնորհիվ գոյություն ունեցող ազդրի, ծնկի և կոճի հոդերի: Ուսի և արմունկի միացումներն ապահովում են ռոբոտի ձեռքերի շարժման ազատության չորս աստիճան:

Այս տեսանյութում պատկերված է ռոբոտի բնօրինակը։

Ռոբոտի գլխին տեղադրված է Intel RealSense D435i խորությունը չափող տեսախցիկ և Livox MID-360 360° lidar, որոնց տվյալները իրական ժամանակում վերլուծում են երկու Intel Core i7-1265U պրոցեսորներ։ Բնօրինակ Unitree H1-ն ի վիճակի է պահպանել իր հավասարակշռությունը և շարունակել քայլել նույնիսկ այն դեպքում, երբ խոչընդոտներ են ստեղծում՝ նրան հրելով:

Տեսանյութում ցուցադրված մարդանման ռոբոտի H1 Evolution V3.0 տարբերակի ֆունկցիոնալությունը շատ ավելի բարձր է, քան բնօրինակինը։ Նա ոչ միայն արագ է քայլում, այլև պարում է՝ ցուցադրելով ամբողջ մարմնի համակարգվածությունը, բարձրանում և իջնում է աստիճաններով ​​և բարձր թռիչքներ է կատարում։

Այս տեսանյութում պատկերված է ռոբոտի նոր՝ H1 Evolution V3.0 տարբերակը։

H1-ի ոտքերի շարժումն ապահովում է Unitree-ի սեփական արտադրության M107 էլեկտրամղիչը: Boston Dynamics ընկերության Atlas-ի նման մարդանման ռոբոտները ցատկելու համար օգտագործում են ավելի հզոր, բայց ավելի ծավալուն և ծանր հիդրավլիկ շարժիչներ: Եվ էլեկտրական շարժիչների միջոցով շարժման այսպիսի արդյունքների հասնելը Unitree-ի մշակողների կողմի տպավորիչ ձեռքբերում է համարվում:

Հաղորդվում է, որ Unitree H1-ի թողարկումը կարող է սկսվել երեք տարուց։ Ակնկալվում է, որ մարդանման ռոբոտի գինը կկազմի մոտ 90,000 դոլար։


 
 
 
 
  • Արխիվ