Էկոկենտրոնը, իր բնույթից ելնելով, պետք է լինի անկախ հետազոտական կենտրոն․ Լիլիթ Սահակյան

29 փետրվարի, 2024  20:22

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը պետք է պահպանի իր իրավակազմակերպչական անկախ կարգավիճակը, ինչպես նաև կառուցվածքն ու անվանումը։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ հավելելով, որ սա կենտրոնի գիտխորհրդի որոշումն է։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն՝ գիտական խմբերն ու ինստիտուտները պետք է մինչև 2024-ի փետրվարի 15-ն առաջարկություններ ներկայացնեին բուհերի խոշորացման և ինստիտուտների հետ միավորման վերաբերյալ։ Էկոկենտրոնի գիտխորհուրդը քննարկել և ներկայացրել է իր առաջարկները ԳԱԱ նախագահություն, իսկ նախագահությունը, ի մի բերելով ԳԱԱ բոլոր ինստիտուտների առաջարկները, փաթեթն ուղարկել է նախարարություն։

Էկոկենտրոնի առաջարկները

«Մեր կենտրոնում մենք անցկացրինք գիտխորհուրդ, քննարկեցինք առաջարկները, ներառեցինք բոլոր արժեքները, որոնք մեզ համար անքննելի են և անփոփոխ, և բյուրեղացրինք այն բոլոր առաջարկները, որոնք մեզ համար ընդունելի են։ Անկախությունը մենք համարել ենք մեր կենտրոնի համար անփոփոխ արժեք, և իրավաբանական առանձին անձ մնալը, ինչպես նաև մեր կառուցվածքի և անվանման փոփոխությանը մենք չենք գնալու՝ պահպանելու համար պատմությունը և գիտական դպրոցի շարունակականությունը։ Դա մեր գիտխորհրդի որոշումն է, դրանք անփոփոխ և անբեկանելի դրույթներն են»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

Ըստ տնօրենի՝ իրենց կենտրոնի համար նախընտրելի առաջնային տարբերակներից մեկը անկախ հետազոտական կենտրոն լինելն է, եվրոպական JRC (joint research center) կենտրոնների օրինակով։ Արևմուտքում այդ կենտրոններն այն օղակն են, որը «մարսում է» իրականացված գիտական հետազոտությունները և քաղաքականության ու անվտանգային հարցերով լուծումներ առաջարկում։ Հայաստանում, Լիլիթ Սահակյանի խոսքով, այդ օղակն այժմ չի գործում, և իրենք իրենց կենտրոնի համար հենց այդպիսի ապագա են տեսնում։

«Մենք կարծում ենք, որ անկախ կենտրոնները պետք են Հայաստանի Հանրապետությանը։ Մեր կենտրոնն իրականացնում է հետազոտություններ երկու անվտանգային հարցերով՝ շրջակա միջավայրի, սննդի և պարենի անվտանգության։ Այդ իսկ պատճառով այն պետք է պահպանի իր անկախությունն ու մոբիլությունը»,- ասաց տնօրենը։ Ըստ նրա՝ հայաստանյան ներկայիս բուհերը, որոնց հետ առաջարկվում է միավորվել, ծանր, դանդաղաշարժ ու ոչ ճկուն կառույցներ են, և դրանց կազմում ընդգրկվելը կվնասի կենտրոնի գործունեությանը։

«Նույնիսկ գիտխորհուրդ հավաքելը բուհերում ավելի երկար ժամանակ է տևում, քան մեզ նման մոբիլ ինստիտուտում։ Խնդիրները, որով մենք զբաղվում ենք, պահանջում են ավելի մեծ ճկունություն, մոբիլություն, գերակտիվություն։ Եվ շատ հաճախ մենք հիմա, անգամ մեր առավելագույն անկախ կարգավիճակում՝ ՀՀ ԳԱԱ համակարգում բողոքում ենք, որ «Գնումների մասին» օրենքը մեր ձեռքերը կապում է, մեզ ավելի «դանդալոշ» է դարձնում, և մենք դժվար ենք կարողանում արձագանքել շուկային։ Ուր մնաց, եթե մենք մտնենք մեծ կառույցների մեջ, որոնք այսօր մեր բուհերն են, և մտնենք այդ գործընթացների մեջ։

Մենք տվել ենք մեր առաջարկները, և կարծում ենք, որ քննարկումների արդյունքում պետք է գանք այն որոշման, որ անվտանգային և քաղաքական ակտիվ գոտում գտնվելով՝ ՀՀ պետք է ունենա անկախ գիտական և կրթական ինստիտուտներ և կենտրոններ»,- նշեց նա։

Էկոկենտրոնի համար մյուս ընդունելի տարբերակը ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների հետ միասին առանձին կլաստեր ստեղծելն է, որը չի բացառում կենտրոնի անկախ կարգավիճակը, սակայն հնարավորություն է տալիս մեկտեղելով տարբեր գիտական և կրթական գործող ենթակառուցվածքները՝ կլաստերային մոտեցմամբ համագործակցել տարբեր բուհերի և կրթական կազմակերպությունների հետ՝ համատեղ ամբիոններ ստեղծելու, ծրագրեր իրականացնելու համար, ինչը, գործնականում, ներկայումս, իրականացվում է ինստիտուտներում, այդ թվում՝ Էկոկենտրոնում։

«Մեր գիտխորհրդի որոշման մեջ մենք նաև նշել ենք, որ արագ փոփոխությունների, հապճեպ, առանց բոլոր իրավական և ոչ իրավական հարցերը հասկանալու միավորման գնալն անընդունելի ենք համարում։ Ցանկացած պարագայում պետք է փոփոխությունները լինեն բովանդակային ու փոխհամաձայնեցված։ Որոշումների կայացման մի քանի մեթոդներ կան։ Ամենատարածված ու պարզ մեթոդը՝ ուղղակի աղյուսակ կազմել, պլյուս ու մինուսները նշել, ու նայել, թե որն է գերակշռում, բայց կարծես դա էլ չի արվում այսօր։ Ամեն դեպքում, մենք համարում ենք, որ մենք այսօր մնում ենք մեր տեղում, փաստացի, և շարունակում ենք աշխատանքը՝ ներկայիս օբյեկտիվ իրականության մեջ։ Այլապես հնարավոր չէ անորոշության պայմաններում ղեկավարել մի ողջ կոլեկտիվ»,- ասաց Լիլիթ Սահակյանը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք Ակադեմիական քաղաքի տարածք տեղափոխվելու ուղղակի առաջարկ չեն ստացել։ Նախորդ տարի Պետական գույքի կառավարման կոմիտեն կենտրոնի շենքը վերցնելու փորձ է արել: 

«Կարծես թե կարողացանք բացատրել, որ գիտական կենտրոնը վարձու տնվոր չէ, որ երկու-երեք ամսում հավաքվի գնա։ Պետք է ապահովել պատշաճ, միջազգային մակարդակի՝ ինչ մակարդակի գիտություն որ ուզում են ու ակնկալում մեզնից, այդ մակարդակի տարածքներ ու առանց սթրեսի, նորմալ ժամանակ տրվի, որպեսզի իրականացվեն այդ տեղափոխումները։ Բացի դրանից՝ մենք ունենք բազմաթիվ պայմանագրային պարտավորություններ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային, ու տեղափոխությունների ժամանակ դա էլ պետք է հաշվի առնել»,- բացատրեց նա։

Ակադեմիական քաղաքի նախագծի մասին մտահոգությունները

Լիլիթ Սահակյանը տեղեկացրեց, որ ընգրկված է Կառավարության կողմից ձևավորված աշխատանքային խմբում, որտեղ քննարկվում են Ակադեմիական քաղաքին վերաբերող հարցեր։ Առայժմ եղել է խմբի մեկ նիստ, որի ժամանակ գերմանական ճարտարապետական կազմակերպությունը ներկայացրել է քաղաքի նախագիծը, մասնավորապես, թե որտեղ ինչ կլաստերային շենք, ծառութուփ ու ծաղկանոց է լինելու, լճակ և այլն։ Ինստիտուտների ներկայացուցիչները մի քանի մտահոգություն են հնչեցրել, որից հիմնականն այն է, որ այդտեղ այլ կլաստերների հետ միասին տեղակայվելու է նաև սպայական կլաստերը։

«Նախ՝ բոլոր կլաստերները մեկ տեղում են կենտրոնացած։ Երկրորդ՝ այնտեղ է նաև սպայական կլաստերը, որը փաստորեն թիրախ օբյեկտ է մեր պատերազմական գոտում։ Հարց տվեցի, որի պատասխանը չստացա․ հաշվի առե՞լ են արդյոք քաղաքի սեյսմոակտիվությունը և քաղաքական ակտիվությունը։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ դա անվտանգային կարևոր խնդիր է, որը պետք է լուծված լինի այս փուլում։ Պատասխան չեմ ստացել։ Եվ ես մի հարց էլ ունեի՝ արդյոք դա սինխրոնացվո՞ւմ է Երևանի նոր գլխավոր հատակագծի հետ, որը պետք է մշակվի, քանի որ կան բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ։ Այս հարցերին պատասխան չկար»,- պատմեց Լիլիթ Սահակյանը։

Գիտական աստիճանի համար հավելավճարների մասին

Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման նոր կարգը, որը վերջերս է հաստատել Կառավարությունը, ևս որոշակի մտահոգություններ է առաջացրել գիտնականների մոտ։ Բանն այն է, որ նոր փաստաթղթով գիտական աստիճանի հավելավճարներից զրկվել են գիտավարչական պաշտոններ զբաղեցնող, ոչ լրիվ դրույքով գիտական հաստատությունում աշխատողները։ Մինչդեռ հավելավճարը տրվում է գիտական աստիճանի համար, այլ ոչ պաշտոնի, համարում են գիտնականները։

«Ես ինքս ընդվզել եմ, հետահայաց, իհարկե, որովհետև մինչ այդ մեզ տեղյակ չեն պահել։ Ի պաշտոնե տնօրենn ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է, գիտական գծով փոխտնօրենի և գիտքարտուղարի պաշտոնների անվանումներ խոսուն են արդեն իսկ։ Ես բազային ծրագրի ղեկավարն եմ որպես տնօրեն, նաև գիտական ղեկավարն եմ։ Այսինքն՝ իմ ստորագրությունը դրվում է նաև գիտական հաշվետվության տակ, բայց հետո պարզվում է, որ ես բացառապես վարչարար եմ։ Ավելին, ՀՀ ԳԱԱ գործող կարգերով գիտական ՊՈԱԿ-ի տնօրենին ընտրում են՝ հաշվի առնելով նաև նրա գիտաչափությունը։ Այսինքն՝ ընտրում են որպես գիտնական, հետո միանգամից դառնում ես վարչարա՞ր: Շատ անտրամաբանական եմ սա համարում:

Հավելավճարը տրվում է ոչ թե պաշտոնին, այլ գիտական աստիճանին, և եթե տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը և գիտքարտուղարը նաև գիտական աշխատանք են անում, գիտաչափություն են ապահովում, ապա ինչո՞ւ կտրել հավելավճարը և ի՞նչ հիմնավորմամբ։ Եթե դեմ են հավելավճարին, թող ընդհանրապես հանեն, ինչո՞ւ է տարբերություն դրվում։ Մենք առաջարկել ենք նաև, որ այդ հավելավճարները թոշակի անցնելուց գումարվի թոշակին, բայց դա չի ընդունվել, և մեր գիտնականները թոշակի գնալուց կտրուկ դառնում են աղքատ»,- ասաց նա։

Ատեստավորման նոր կարգը

Լիլիթ Սահակյանը համարում է, որ անցյալ տարվա վերջում ընդունված գիտնականների ատեստավորման նոր կարգը բարձր գիտական պաշտոնների վերաբերյալ հայկական իրականության համար որոշակի խիստ պահանջներ է պարունակում։ Միևնույն ժամանակ, կրտսեր գիտաշխատողներին ոչ մի պահանջ չի ներկայացվում, ինչը Էկոկենտրոնում ճիշտ չեն համարում։

«Դա մեր կենտրոնի արժեքներից է, որ լաբորանտից մինչև կրտսեր գիտաշխատող ավելի դժվար ես անցնում, քան հետո։ Այս հարցով մենք գիտխորհուրդ կանենք, ու մեզ մոտ ավելի խիստ պահանջներ կսահմանենք», - ասաց նա՝ հավելելով, որ ատեստավորման այս կարգը լրամշակման կարիք ունի, որոշ հարցերում իրավաբանական փակուղու առջև է կանգնեցնում, և շատ տարակարգեր այստեղ ներառված չեն։

Ինչ վերաբերում է առաջատար և գլխավոր գիտաշխատողներին ներկայացվող պահանջներին, ապա այստեղ անհասկանալի է ասպիրանտների քանակի հարցը, քանի որ ասպիրանտական տեղերի քանակը սահմանում է պետությունը, և դրանք շատ քիչ են։ «Հետո ինձ համար հարց է մնում՝ ասպիրա՞նտ, թե արդեն պաշտպանած թեկնածու, քանի որ կարող է գիտնականը ունենալ ասպիրանտներ, բայց չպաշտպանեն ու դպրոց չստեղծվի։ Ես հուսով եմ, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման արդյունքում ասպիրանտական դպրոցի և պաշտպանությունների կարգերը կփոխվեն, վերջապես նախագծահեն կրթությունը կներդրվի և կիրականացվի Հայաստանում»,- նշեց նա։ 


 
 
 
 
  • Արխիվ