Գիտնականների ատեստավորման նոր կարգը մի քանի անհարկի կարծր պահանջներ է պարունակում․ Ա․ Իշխանյան

28 փետրվարի, 2024  21:07

Հայաստանում գիտական կադրերի ատեստավորման նոր կարգի անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, սակայն կառավարության կողմից վերջերս ընդունված նոր կարգը մի քանի անհարկի կարծր պահանջներ է պարունակում՝ հաշվի առնելով հայաստանյան ներկա  իրողությունները։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։

Նրա խոսքով՝ մինչ նոր կարգի ընդունումը գիտնականների ատեստավորումն իրականացվում էր դեռևս 2001-ին ընդունված կարգով, երբ Հայաստանում գիտությունը փաստացի պահվում էր պարզապես գոյատևման ռեժիմում։ Հին կարգով վերջին ատեստավորումը, հիշեցրեց նա, իրականացվել է 2021-ի վերջին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2022-ից գիտության ֆինանսավորումը պետք է շոշափելիորեն ավելանար, և կարիք կար օպտիմալացնել ծախսերն ու միջոցներն արդար բաշխել:

Միևնույն ժամանակ, 2000-ից մինչև 2020-ական թվականների սկիզբն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գիտական ներուժն էապես տկարացել է, այն ժամանակվա միջին տարիքի գիտնականներն արդեն տարեց են դարձել, իսկ միջին սերունդ
գրեթե չկա։

Արթուր Իշխանյանը նշեց, որ ատեստավորման նոր կարգում էական փոփոխություններ են կատարվել ինչպես ձևի, այնպես էլ բովանդակային առումով։ Ներդրվել են գիտական, ինժեներա-տեխնիկական աշխատողների նոր տարակարգեր, ինչպես նաև նրանց գործունեության գնահատման նոր չափանիշներ։

Ակադեմիկոս-քարտուղարն այս փաստաթղթում մի շարք դրական փոփոխություններ է նշում, օրինակ՝ գիտաչափական տվյալների կիրառումը։ Բացի դրանից՝ կարևոր է համարում հետևյալ երկու նորամուծությունները

  1. Երկու նոր պաշտոնների ներդրում՝ հետևելով Արևմուտքում ընդունված էմերիթուս-պրոֆեսոր պաշտոնի օրինակին՝ պատվավոր առաջատար գիտաշխատող և պատվավոր գլխավոր գիտաշխատող։ Սա, նրա խոսքով, ուղղված է մեղմելու այն խնդիրները, որոնք առաջանում են գիտնականների սերունդների միջև առաջացած խզվածքով։ Սա ավագ սերնդի գիտնականներին հնարավորություն է տալիս թողնել վարչական պաշտոնները և ամբողջությամբ կենտրոնանալ գիտական խնդիրների լուծման վրա։
  2. Ավելացվել են գիտական խմբի և գիտական աստորաբաժանման ղեկավարի պաշտոնները, և դա ուղղված է երիտասարդ կադրերի առաջխաղացմանը։

Բայց կան նաև մի շարք դրույթներ, որոնք շատ գիտնականներ համարում են մեր իրականությանն անհամաչափ։ Դրանք վերաբերում են ատեստավորման ժամկետներին և գիտաչափական որոշ պահանջներին։

«Ատեստավորման նոր կարգը գործում է անմիջապես ընդունման պահից, հունվարի 1-ից, և ցանկացողները կարող են այն անցնել արդեն հիմա։ Բայց քանի որ ատեստավորումը պարտադիր պետք է իրականացվի հինգ տարին մեկ անգամ, ապա հաջորդ պարտադիր ատեստավորումը կիրականացվի 2026-ին։ Բավարա՞ր է արդյոք մինչ այդ պահը մնացած ժամանակը։ Ըստ իս՝ ոչ։ Որովհետև որոշ դեպքերում համարժեք չեն պահանջները մեր ներկա պայմաններին։ Նման խիստ չափորոշիչների անցման համար ավելի շատ ժամանակ պիտի տրամադրվեր։

Այսպես, պատվավոր գիտաշխատողի պաշտոնների դեպքում հաշվի են առնվում վերջին 10 տարվա ցուցանիշները։ Սակայն եթե ինչ-որ պաշտոնի համար պետք է հաշվի առնվի 10 տարվա արածը, ապա պետք է նախապատրաստվելու համար տրամադրվեր հենց 10 տարվա ժամկետ։ Երկու տարին, որ մնում է մինչև հաջորդ ատեստավորումը, բավարար չէ որոշ պահանջները բավարարելու համար, որոնք նախատեսված են 10-ամյա կտրվածքով»,- ասաց Արթուր Իշխանյանը։

Ըստ նրա՝ գիտնականների համար անհասկանալի կարծր են նաև որոշ գիտաչափական պահանջներ։ Օրինակ՝ առաջատար գիտաշխատողը վերջին հինգ տարիների ընթացքում պետք է ունենա առնվազն ութ հրապարակում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված ամսագրերում, որից չորսը՝ Q2 ամսագրերում։

«Սա համեմատաբար նորմալ է՝ տարեկան մեկ-երկու հրապարակում, դա նվազագույն պահանջն է։ Որոշ թեթև առարկություններ կան առ այն, որ առնվազն երկուսում պետք է հեղինակը հանդես գա որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։ Բանն այն է, որ որոշ ոլորտներում տպագրության ժամանակ հեղինակների անունները դասավորվում են այբբենական կարգով»,- նշեց գիտնականը։

Ըստ նրա՝ բարդ է վերջին կետը՝ առաջատար գիտաշխատողի պաշտոնին հավակնողը պետք է վերջին հինգ տարիների ընթացքում որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի (ասպիրանտուրա) առնվազն երկու ուսանողի, կամ առնվազն 20 մլն դրամ ընդհանուր ծավալի գիտական դրամաշնորհային ծրագրի ղեկավար լինի։

«Սա բավական վիճարկելի կետ է։ Անհամաչափ խիստ է։ Այն պատճառով, որ ասպիրանտների քանակը շատ սահմանափակ է, և շատ դժվար է ապահովել երկու ուսանողի գիտական ղեկավար լինելու այս հանգամանքը։ Քսան մլն դրամ դրամաշնորհը ևս բավականաչափ մեծ գումար է»,- նշեց նա։

Իշխանյանի խոսքով՝ իրավիճակն էլ ավելի բարդ է գլխավոր գիտաշխատողի դեպքում։ Հինգ տարվա ընթացքում պահանջվում է ունենալ 16 հոդված միջազգային շտեմարաններում ներառված ամսագրերում, բայց դրանցից ութը պետք է հրապարակված լինեն Q1 ամսագրերում, իսկ սա արդեն անհամաչափ պահանջ է։ 

«Կարող է լինել, որ հոդված ուղարկես Q1 կատեգորիայի ամսագիր, բայց մինչև այն հրապարակվի, ամսագրի կարգավիճակը փոխվի և դառնա Q2։ Նման դեպքերը շատ են։ Շատ մասնագետներ կարծում են, որ այս կետն անհրաժեշտ էր սահմանել այնպես, որ, օրինակ՝ երկու հրապարակումը Q2-ում հավասարեցվեր մեկ հրապարակմանը Q1-ում։

Բայց առավել անհամաչափն այն է, որ գլխավոր գիտաշխատողի համար վերջին հինգ տարվա ընթացքում պահանջվում է առնվազն չորս ասպիրանտի գիտական ղեկավար լինելը։ Սա պրակտիկորեն հնարավոր չէ։ Էլ ավելի ծանր է սրա այլընտրանքային պահանջն առ այն, որ ընդհանուր 40 մլն դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագրի ղեկավար պետք է լինել, որից 20 մլն դրամը՝ ոչ ՀՀ պետբյուջեից»,- պարզաբանեց Իշխանյանը։

Նա հավելեց, որ թեև հայագիտության և հումանիտար ոլորտի գիտնականների համար մյուս ոլորտների հետ համեմատած ավելի մեղմ չափանիշներ են սահմանված, սակայն դրանք գործնականում էլ ավելի անիրատեսական են։

Գիտնականը կարծում է, որ պետք էր սահմանել ադեկվատ անցումային ժամանակաշրջան, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային պատրաստվելու։ Անհրաժեշտ էր հաշվառել հնարավոր հավակնորդների թիվը, և նրանց ռեալ հնարավորությունները։

«Ես այսպես կբնութագրեի՝ պահանջները մաքսիմալիստական են, մի քիչ անհամաչափ ներկա իրավիճակի հետ։ Համակարգի տկարացումն է բերել այս վիճակին։ Այլ բան է, եթե միջին սերնդի գիտնականների բավարար թիվ լիներ։ Այդ սերնդի ներկայացուցիչը եթե մի անգամ չկարողանար բավարարել բարձր պաշտոնի պահանջներին, ժամանակ կունենար պատրաստվելու հաջորդ փորձին։ Մեծահասակները, որոնք ներկայում տալիս են հիմնական գիտական արդյունքը, չունեն այդ ժամանակը։ Մենք նայել ենք, շատ քիչ թվով գիտնականներ են բավարարում դրված պահանջներին։ Շատ կարծր են այդ պահանջներն այն պայմանների համեմատ, որոնք անցյալ ժամանակաշրջանում ստեղծված էին գիտնականների աշխատանքի համար»,- եզրակացրեց Արթուր Իշխանյանը։

 


 
 
 
 
  • Արխիվ