Ստեղծվել է «կախարդական հայելի», որը մարդու դեմքին «նայելով» տասնյակ հիվանդություններ է ախտորոշում

9 հունվարի, 2024  20:17

Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը տեխնոլոգիական մշակումների ամենամեծ ցուցահանդեսի՝ CES 2024-ի շրջանակում ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին», որը սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների աշխտանշաններ, հայտնում է CNET-ը։

Anura MagicMirror-ը աշխատասեղանի սարք է՝ 21,5 դյույմանոց էկրանով, տեսախցիկներով և այլ սենսորներով։ Այն սկանավորում է մարդու դեմքը՝ վերլուծելով հիմնականում արյան հոսքը: Սարքն օգտագործում է արտոնագրված տրանսդերմալ օպտիկական պատկերման տեխնոլոգիա դեմքի անոթները հայտնաբերելու համար: Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի քան 100 պարամետր:

NuraLogix-ից նշում են, որ MagicMirror-ը կարող է տեղեկություններ տրամադրել արյան ճնշման, մարմնի զանգվածի ցուցիչի, սրտի հաճախության փոփոխականության, սրտի կծկումների հաճախության, շնչառության հաճախության և դեմքի մաշկի տարիքի մասին:

Սարքը կարող է նաև գնահատել շաքարախտի, սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի, հիպերտոնիայի, լյարդի ճարպային հիվանդության և այլ հիվանդությունների առաջացման ռիսկերը: MagicMirror-ը նաև տրամադրում է հոգեկան առողջության ռիսկի գնահատում և հայտնաբերում, օրինակ, տագնապային խանգարման և դեպրեսիայի նշաններ:

Դեմքի սկանավորումը տևում է ընդամենը 30 վայրկյան։ Արդյունքում օգտատերը տեղեկատվություն է ստանում հնարավոր պաթոլոգիաների մասին։

Սարքի թողարկման ամսաթիվը և գինը չեն բացահայտվում: Ակնկալվում է, որ Anura MagicMirror-ը կօգտագործվի հիվանդանոցների սպասասրահներում և ծերանոցներում:


 
 
 
 
  • Արխիվ