Arm Holdings-ի ղեկավարը մտավախություն ունի, որ արհեստական բանականությունը վերահսկողություն ձեռք կբերի մարդկանց նկատմամբ

11 դեկտեմբերի, 2023  14:27

Չիպեր արտադրող բրիտանական Arm Holdings ընկերության ղեկավար Ռենե Հաասն ասել է, որ արհեստական բանականության զարգացման հետ կապված իր ամենամեծ մտավախությունն այն է, որ այն վերահսկողություն ձեռք կբերի մարդկանց նկատմամբ։ Հաասը արհեստական բանականությամբ զբաղվողներին կոչ է արել «համակարգն անջատելու» միջոց գտնել։

Bloomberg-ին տված հարցազրույցում Հաասն ասել է, որ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման տեմպերը՝ մարդիկ շուտով կարող են կորցնել դրա նկատմամբ վերահսկողությունը:

«Ինձ անհանգստացնում է այն, որ մարդիկ կորցնում են իրենց հնարավորությունները (համեմատած մեքենաների հետ): Մենք պետք է չեղարկման ինչ-որ կոճակ գտնենք, հետևի դուռ, համակարգը անջատելու միջոց»,- ասել է Հաասը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մոտ ապագայում Arm Holdings-ը նույնքան կարևոր կլինի գեներատիվ ինչպես արհեստական ​բանականության ոլորտում, այնպես էլ սմարթֆոնների ոլորտում հեղափոխության համար, որտեղ ընկերության կիսահաղորդիչները մեծապես կիրառվում են: «Փոփոխությունները կլինեն առաջիկա հինգից տասը տարիների ընթացքում»,- հավելել է ընկերության ղեկավարը:

Ավելի վաղ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կոչ էր արել իշխանություններին կարգավորել արհեստական բանականության օգտագործումը։ Նրա կարծիքով՝ առանց կառավարության վերահսկողության, արագ զարգացող արհեստական բանականությունը կարող է «վտանգ դառնալ հասարակության համար» և իրական վտանգ ներկայացնել մարդկության ապագայի համար:

Նախկինում նմանատիպ ռիսկերի մասին խոսել էր Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը։ Նա ասել էր, որ տեխնոլոգիայի լայն տարածումն «առաջացնում է մի շարք բարդ հարցեր աշխատուժի, իրավական համակարգի, կողմնակալության և այլ հարցերի վերաբերյալ»: 


 
 
 
 
  • Արխիվ