Ինչո՞ւ է գիտության և բիզնեսի միջև կամուրջ հարկավոր, և ո՞վ պետք է կառուցի այն․ հարցազրույց ՁԻՀ-ի ղեկավարի հետ

4 դեկտեմբերի, 2023  19:21

Գիտությունն ու բիզնեսը երկու լեռներ են, որոնք գտնվում են միմյանցից հեռու։ Դրանց հնարավոր չէ «մոտեցնել» միմյանց, սակայն դրանց կապը և արդյունավետ փոխազդեցությունը կարելի է ապահովել կամրջի օգնությամբ։ NEWS.am Tech-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ղեկավար Բագրատ Ենգիբարյանը։

Երկու լեռներ և կամուրջ նրանց միջև

Այս երկու լեռների «բնակիչները», նրա կարծիքով, դժվար թե կարողանան նման կամուրջ կառուցել. աշխատանք կա երրորդ կողմի համար, որը կհասկանա երկու կողմերի լեզուն և մշակույթը, կհասկանա, թե ինչ է անհրաժեշտ դրանց զարգացման համար, և արդյունավետ գործող միջնորդ կդառնա դրանց միջև: Այդ դերը, ըստ Ենգիբարյանի, պետք է ստանձնեն իր ղեկավարած ՁԻՀ-ի նման կազմակերպությունները։

Այդ կամրջի ամրացման շրջանակում երրորդ կողմի կարևորագույն խնդիրներից մեկը յուրաքանչյուր լեռան «բնակիչներին» ցույց տալն է, որ մյուսն ունի լուծումներ, որոնք անհրաժեշտ են նրանց զարգացման և մրցունակությունը բարձրացնելու համար։ Այսպիսով, բիզնեսը պետք է ցույց տա, թե ինչու է գիտությունն իր համար այդքան կարևոր. գիտությունն է, որ լուծում է այս բիզնեսի ապագա մրցունակության հետ կապված հարցերը։

«Եթե դու ունես ավտոմեքենա, քեզ գիտություն պետք չէ այն վաճառելու համար։ Այդ ավտոմեքենան վաճառելն այսօրվա խնդիր է, և դրա լուծումը բիզնեսի ձեռքում է։ Սակայն այս ավտոմեքենայի նոր, կատարելագործված տարբերակն ստեղծելու համար անհրաժեշտ է գիտություն: Եվ եթե չբարելավեք ձեր ավտոմեքենան և շարունակ չստեղծեք ավելի ժամանակակից տարբերակներ, վաղը կկորցնեք ձեր մրցունակությունը»,- նշեց Ենգիբարյանը։

Նա հավելեց, որ այսօրվա գիտությունն անհրաժեշտ է վաղվա բիզնեսը զարգացնելու համար։ Եվ եթե մենք այսօր ներդրումներ կատարենք գիտության մեջ, գտնենք և իրականացնենք գիտության և բիզնեսի միջև կամուրջների տարբեր մոդելներ, ապա դա ապագայում կբարձրացնի բիզնեսի մրցունակությունը։ Ճիշտ է, այս գործընթացը, ըստ Ենգիբարյանի, պետք է լինի հետևողական և երկարաժամկետ. այն չի ավարտվում գիտության և բիզնեսի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ, դրանց միջև համագործակցությունը պետք է անընդհատ զարգանա՝ գեներացնելով ավելի ու ավելի նոր գաղափարներ և հնարավորություններ։

Չորրորդ խաղացողը պետությունն է

Ի՞նչ դեր կարող է և պետք է խաղա պետությունն այս գործընթացներում։

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ ՁԻՀ-ի նման կազմակերպությունները չպետք է միայնակ լինեն գիտության և բիզնեսի միջև կապ հաստատելու գործում. պետությունը պետք է մեծացնի այս հաջողությունը, խթանի այն և տարածի ամբողջ երկրով մեկ: Բացի դրանից, պետությունը կարող է համակարգել բազմաթիվ գործընթացներ, հասկանալ, թե որտեղ ինչ է պակասում, օգնել լրացնելու այդ բացերը։

«Օրինակ, եթե ինչ-որ ոլորտում մասնագետների պակաս կա, օրինակ՝ արհեստական ​բանականության հետ աշխատող մասնագետների, պետությունը պետք է ազդանշան ուղարկի կրթական համակարգին և նպաստի նոր կադրերի պատրաստմանը։ Մեկ այլ ոլորտում կարող է լինել «վառելիքի» պակաս, և այստեղ նույնիսկ փոքր նպատակային ֆինանսավորումը կարող է փոխել իրավիճակը»,- ​​պարզաբանեց մասնագետը։

Նրա կարծիքով, եթե պետությունը չհետևի բիզնեսի և գիտության «խաղին» և չհամակարգի այն, իհարկե, որոշակի հաջողություններ նախկինի պես կլինեն, սակայն բավականին դժվար կլինի լուրջ արդյունքների հասնել ամբողջ երկրում։

Չորս հավասար անկյուններ

Ցանկացած ոլորտում որևէ նշանակալի արդյունքի հասնելու համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուրն իր դերը ճիշտ կատարի։ Հայաստանում գիտության և բիզնեսի զարգացման և դրանց միջև ամուր կապերի հաստատման համար կարևոր է չորս կողմերից յուրաքանչյուրի դերը՝ և՛ բիզնեսի, և՛ գիտության, և՛ միջնորդ-կամրջի, և՛ պետության։ Համակարգը կփլուզվի, եթե չորս կողմերից գոնե մեկը չկատարի իր գործառույթները։

«Այստեղ կարևոր է հասկանալ, որ բոլոր այս կողմերը հավասարապես կարևոր դերակատարում ունեն, որ դրանցից յուրաքանչյուրն ամբողջ համակարգի կարևոր մասն է, և դրանցից ոչ մեկը չի գերակայում։ Յուրաքանչյուր կողմ փորձում է ընդգծել իր կարևորությունը և ասում  է, որ եթե ինքը չլիներ, մյուսները չէին լինի։ Սակայն խնդիրն այն է, որ երբ դա սկսում է տեղի ունենալ, կամուրջն սկսում է փլվել: Դրա համար բոլոր կողմերը պետք է հասկանան, որ հավասարապես նույն նպատակներն են հետապնդում»,- նշեց Ենգիբարյանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ