Ի՞նչ է անում Microsoft-ը և ինչպե՞ս է Սեմ Ալթմանի պաշտոնանկությունն ազդել ընկերության բաժնետոմսերի վրա

22 նոյեմբերի, 2023  12:02

Արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ն ստեղծած OpenAI-ի խոշորագույն ներդրողը՝ Microsoft-ը, հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել բոլոր այն աշխատակիցներին, որոնք լքել են OpenAI-ը Սեմ Ալթմանի աշխատանքից ազատվելուց հետո՝ խոստանալով, որ նրանք բոլորը կպահպանեն իրենց նախկին աշխատավարձերը։ Այնուամենայնիվ, ընկերությունը դեմ չէ Ալթմանի վերադարձին OpenAI։

Հետաքրքիր է, որ OpenAI-ի շուրջ ստեղծված սկանդալը դրական ազդեցություն է ունեցել Microsoft-ի հեղինակության և բաժնետոմսերի գնի վրա:

Microsoft-ի բաժնետոմսերի գինը հասել է առավելագույնի

Microsoft-ի արժեթղթերի գինն աճել է 2%-ով և հասել ռեկորդային ցուցանիշի. երկուշաբթի NASDAQ բորսայում սակարկությունների ավարտին ընկերության բաժնետոմսերը վաճառվում էին մեկ բաժնետոմսի դիմաց 377,44 դոլարով, ինչը դրանց առավելագույն արժեքն է ընկերության ողջ պատմության ընթացքում: Այս աճին նպաստել է OpenAI-ի շուրջ ստեղծված սկանդալը և Microsoft-ի որոշումը՝ աշխատանքի ընդունել ստարտափի նախկին գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին, ինչպես նաև մնացած բոլորին, որոնք Ալթմանից հետո լքել են ստարտափը, այդ թվում՝ համահիմնադիր Գրեգ Բրոքմանը:

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլայի խոսքով՝ Ալթմանը և Բրոքմանը կղեկավարեն արհեստական բանականության ոլորտում առաջադեմ հետազոտական ​​խումբ, որն իր աշխատանքում կկարողանա օգտագործել Microsoft-ի հաշվողական հզորությունը։

RBC Capital Markets-ի գործադիր տնօրեն Ռիշի Ջալուրիան վերջնական արդյունքը համարում է «հսկայական հեղաշրջում Microsoft-ի համար»:

«Կարծում եմ, որ բոլորը մտահոգված էին, որ նորարարությունների տեմպերը կարող են դանդաղել, և որ արհեստական բանականության լուսապսակը, որը վայելում էր Microsoft-ը, կսկսի ցրվել: Հաճախորդները կսկսեն անհանգստանալ: Կարծում եմ, որ Սեմի և Գրեգի գալը, իսկ Սեմն իսկապես հիանալի վիզիոներ է արհեստական ​բանականության ոլորտում, լավագույն սցենարն է Microsoft-ի համար»,- ասել է Ջալուրիան:

Սեմ Ալթմանը կվերադառնա՞ OpenAI

Ըստ Bloomberg-ի՝ Սեմ Ալթմանը և OpenAI-ի տնօրենների խորհրդի անդամները բանակցությունների նոր փուլ են սկսել գործադիր տնօրենի պաշտոնին Ալթմանի վերադառնալու հնարավորության շուրջ։ Այստեղ կարծես թե կարևոր դեր է խաղում ներդրողների և աշխատակիցների գործադրած ճնշումը, որոնց մեծ մասը կարող է հետևել Ալթմանին։

Պարբերականի անանուն աղբյուրները հայտնում են, որ Ալթմանը բանակցություններ է վարում OpenAI-ի տնօրենների խորհրդի անդամներից առնվազն մեկի՝ Ադամ Դ’Անջելոյի հետ։ Ընկերության որոշ ներդրողներ նույնպես մասնակցում են քննարկումներին. նրանցից շատերը ձգտում են, որ Ալթմանը վերականգնվի գլխավոր տնօրենի պաշտոնում, ինչը և սպասելի է. ներդրողները ցանկանում են, որ կայունություն լինի այն ստարտափում, որտեղ նրանք ներդրումներ են անում: Նման բաժնետերերի թվում են Thrive Capital-ը, Khosla Ventures-ը և Tiger Global Management-ը:

Ըստ Bloomberg-ի աղբյուրներից մեկի՝ Ալթմանը, հնարավոր սցենարի համաձայն, կարող է վերադառնալ OpenAI՝ որպես անցումային տնօրենների խորհրդի նախագահ։ Դիտարկվում է նաև Salesforce-ի նախկին գործադիր տնօրեն Բրետ Թեյլորին OpenAI-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ ընտրելու հնարավորությունը։

OpenAI-ի գլոբալ հարցերով փոխնախագահ Աննա Մականջուն վերջերս ծառայողական գրություն է ուղարկել աշխատակիցներին, որում ասվում է, որ ընկերությունը «միավորման շուրջ»  «ինտենսիվ քննարկումներ» է անցկացրել խորհրդի, Ալթմանի և նոր գործադիր տնօրեն Էմմեթ Շիրի հետ: Այս հաղորդագրությունն ուղարկվել է որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ OpenAI-ի աշխատակիցների մեծ մասը սպառնացել էր հեռանալ աշխատանքից, եթե Ալթմանին չվերականգնեն իր պաշտոնում:

Ալթմանի պաշտոնանկության պատճառը մնում է առեղծված

Հետաքրքիր է, որ Ալթմանի պաշտոնանկության ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Խորհուրդն ի սկզբանե իր որոշումը բացատրել էր՝ ասելով, որ «գլխավոր տնօրենը հետևողական կերպով անկեղծ չի եղել տնօրենների խորհրդի հետ իր շփումներում, ինչը խանգարել է իր պարտականությունները կատարելու նրա ունակությանը»: Սակայն խորհրդի անդամները հետագայում հաստատեցին, որ Ալթմանի պաշտոնանկությունը կապված չէ «չարաշահման» կամ «անվտանգության» հետ:

Չի բացառվում, որ նույնիսկ Microsoft-ի ղեկավարությունը չգիտի Ալթմանի պաշտոնանկության պատճառը. Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան հրապարակավ հայտարարել է, որ իրեն որևէ բացատրություն չի տրվել: Արևմտյան լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ նույնիսկ նոր ժամանակավոր գործադիր տնօրեն Էմմեթ Շիրը դեռ չգիտի Ալթմանի պաշտոնանկության իրական պատճառների մասին։ Նշվում է, որ Շիրը նույնիսկ ասել է, որ չի պատրաստվում մնալ OpenAI-ում, եթե տնօրենների խորհուրդը չկարողանա իրեն հստակ բացատրել Ալթմանի հանկարծակի հեռացման պատճառները:

Microsoft-ը կպահանջի բարեփոխում իրականացնել OpenAI-ում

Microsoft-ը, դատելով ընկերության ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից, դեմ չէ, որ Ալթմանը վերադառնա OpenAI: Սակայն անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Ալթմանի հետ կապված պատմությունը, Microsoft-ը կպնդի բարեփոխել OpenAI-ի կառավարման կառուցվածքը: Գործադիր տնօրեն Սաթյա Նադելան բացեիբաց հայտարարել է, որ OpenAI-ը բիզնեսի կառավարման ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք ունի։

Ներկայումս OpenAI-ն արդյունավետորեն ղեկավարվում է շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից, որին պատկանում է բաժնետոմսերի ընդամենը 2%-ը: Միաժամանակ Microsoft-ն իր 49% բաժնեմասով (Microsoft-բ OpenAI-ի կապիտալում արդեն ներդրել է մոտ 13 մլրդ դոլար) ոչ միայն տնօրենների խորհրդում ներկայացուցիչ չունի, այլև վերջին պահին է տեղեկանում ռազմավարական փոփոխությունների մասին։ Ամենայն հավանականությամբ, Microsoft-ը կպահանջի OpenAI-ից փոփոխություններ կատարել իր բիզնեսի կառավարման կառուցվածքում, որն ավելի շատ կանխատեսելիություն կապահովի և, իդեալական տարբերակում, կորպորացիային հնարավորություն կտա ազդեցություն ունենալ ռազմավարական որոշումների վրա:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Microsoft-ը ցանկանում է մեծացնել OpenAI-ի տնօրենների խորհրդի կազմը և որակավորման ավելի բարձր պահանջներ ներկայացնել դրա անդամների համար։


 
 
 
 
  • Արխիվ