Մարսի վրա նախկին օվկիանոսի հետքեր են հայտնաբերվել. հնարավո՞ր է, որ կյանք եղած լինի կարմիր մոլորակի վրա

31 հոկտեմբերի, 2022  16:35

Անշուշտ, մեկ անգամ չէ, որ տեսել ենք Մարսի չոր և փոշոտ լանդշաֆտները ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացի արած լուսանկարներում: Ըստ ամենայնի, մոլորակը միշտ չէ, որ այսպիսին է եղել: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ապացույց են գտել, որ կարմիր մոլորակի մակերեսին մոտ 3,5 միլիարդ տարի առաջ հսկայական օվկիանոս է գոյություն ունեցել:

Curiosity-mars

Համաձայն Journal of Geophysical Research: Planets ամսագրի հրապարակման՝ օվկիանոսը կարող էր ընդգրկել Մարսի մակերևույթի հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրերի հասնող տարածք:

Հին օվկիանոսի ուրվագծերը հայտնաբերվել են մոլորակի նոր տեղագրական քարտեզների շնորհիվ։ Aeolis Dorsa-ի շրջանում գիտնականները կարողացել են տեսնել ավելի քան 6500 կիլոմետր երկարությամբ լեռնաշղթաներ, որոնք խմբավորվել են 20 համակարգերի մեջ։ Դրանք իրականում նախկին գետերի և ստորգետնյա ջրանցքների դելտաներն են՝ առափնյա գծի մնացորդները։

Դիտարկումները ցույց են տվել, որ ռելիեֆը մոտ 3,5 միլիարդ տարեկան է՝ առնվազն 900 մետրանոց նստվածքային ապարների շերտով, որն ընդգրկում էր հարյուր հազարավոր քառակուսի մետր տարածք։ Արդյունքները ցույց են տալիս, որ մոլորակի վրա ժամանակին տեղի է ունեցել ծովի մակարդակի բարձրացում, որը համահունչ է եղել երկարատև տաք և խոնավ կլիմայական պայմաններին, որոնք այսօր Մարսում չկան:

SurfaceOceanOnMars

Արդյո՞ք Մարսի վրա նախկինում եղել են այնքան բարենպաստ պայմաններ, որ նրա վրա կյանք գոյություն ունենար: Սա կարմիր մոլորակի վերաբերյալ ամենահիմնական հարցերից մեկն է, որն այսօր անհանգստացնում է շատ գիտնականների:

Նոր տվյալները ցույց են տալիս, որ Մարսի վրա կյանքի համար պայմաններ, կարծես թե, եղել են։ Այս տեսակետին համաձայն է Փենսիլվանիայի պետական ​​համալսարանի երկրաբան Բենջամին Կարդենասը: Նրա խոսքով, Մարսի վրա հսկայական օվկիանոսի առկայությունը բարձրացնում է հավանականությունը, որ մոլորակն ունեցել է կյանքի պոտենցիալ: Ավելին, նոր տվյալները կարող են շատ բան բացահայտել Մարսի հնագույն կլիմայի և նրա էվոլյուցիայի մասին:

«Ելնելով այս եզրակացություններից՝ մենք կարող ենք ենթադրել, որ պետք է լիներ մի ժամանակաշրջան, երբ Մարսը բավականաչափ տաք էր, իսկ մթնոլորտը՝ բավական խիտ, որպեսզի ապահովեր այս քանակությամբ հեղուկ ջուր», - նշել է գիտնականը:

Մեկ այլ հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, գիտնականները, ներառյալ Կարդենասը, կիրառել են ակուստիկ պատկերման տեխնիկա, որն օգտագործվում էր Մեքսիկական ծոցում հնագույն ծովի հատակը քարտեզագրելու նպատակով այն մոդելի համար, որը ցույց էր տալիս, թե ինչպես ջուրը կարող էր քայքայել Մարսի մակերեսը: Մարսի ամբողջ մակերեւույթի վրա հսկայական տարածքներ կան, որոնք կարող են լինել գետերի շղթաներ, և թիմի կողմից ստեղծված սիմուլյացիաները զարմանալիորեն նման են եղել կարմիր մոլորակի լանդշաֆտի ձևին, ինչը հուշում է, որ ժամանակին այնտեղ եղել է ջրային ընդարձակ ծածկույթ:

mars-2

Կլիմայի մոդելավորման մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ Մարսի վրա կարող էին ապրել պարզ մանրէներ, որոնք սնվում էին ջրածնով և արտանետում մեթան։ Չի բացառվում, որ այդ մանրէները դեռ կան այսօր, բայց դրանք գտնվում են մոլորակի ընդերքի խորը շերտերում: Կամ գուցե մեթանը, որը ջրածնի կլանումից հետո ազատվում էր այս մանրէների կենսագործունեության արդյունքում, հանգեցրել է մոլորակի սառեցմանը (մինուս 60 աստիճան եւ ավելի ցածր ըստ Ցելսիուսի), որն ի վերջո հանգեցրել է մանրէների ոչնչացմանը:

Գիտնականները նաև նոր ապացույցներ են գտել Մարսի հարավային բևեռային սառցե շերտի տակ հեղուկ ջրի հնարավոր գոյության մասին, ինչը եւս կարող է փաստարկ լինել, որ կարմիր մոլորակը ժամանակին կարող էր կյանք ունենալ:

Մարսի մթնոլորտի մասին հետաքրքիր տվյալներ կարող են տրամադրել նաև Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմ արած պատկերները: Սպեկտրոսկոպիկ «քարտեզը» ցույց է տալիս, որ մոլորակը կլանում է ածխածնի երկօքսիդը մի քանի տարբեր ալիքի երկարություններով, ինչպես նաև ցույց է տալիս ածխածնի երկօքսիդի և ջրի առկայությունը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ