Ի՞նչ կարող են պատմել մեզ Մարսի մթնոլորտի մասին Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակով արված լուսանկարները

20 սեպտեմբերի, 2022  11:30

Արեգակնային համակարգի մոլորակների վերջին լուսանկարները, որոնք արվել են Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակով, կարող են օգտակար եւ հետաքրքիր շատ տեղեկություններ տալ այդ մոլորակների մասին։ ՆԱՍԱ-ն եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունը ներկայացրել են Մարսի լուսանկարները, որոնք արվել են սեպտեմբերի 5-ին եւ նոր տեղեկություն են պարունակում, որը կօգնի ավելի լավ հասկանալ մոլորակի մթնոլորտը։

Մերձակա ինֆրակարմիր դիապազոնի տեսախցիկի (NIRCam) տվյալները ցույց են տվել, որ Հելլադայի հսկայական ավազանը օրվա ամենաշոգ ժամին, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ավելի մուգ է, քան մերձակա շրջանները, նշել է Ջուլիանո Լուիցին ՆԱՍԱ-ից։ Ըստ երեւույթին, օդի ավելի բարձր ճնշումն ավազանի ավելի ցածր բարձրությունում ճնշում է ջերմային արտանետումները։

mars-athmosphere-1.jpg (62 KB)

Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակի արած լուսանկարները տիեզերական գործակալություններին նաեւ հնարավորություն են տվել ավելի լավ ընկալել Մարսի մթնոլորտի բաղադրությունը մերձակա ինֆրակարմիր դիապազոնում՝ օգտագործելով հեռադիտակի սպեկտրոգրաֆների կողային զանգվածը։ Սպեկտրոգրաֆիական «քարտեզը» ցույց է տալիս, որ մոլորակը կլանում է ածխաթթու գազը ալիքների մի քանի տարբեր երկարություններում, ինչպես նաեւ ցույց է տալիս ածխածնի մոնօքսիդի եւ ջրի առկայությունը։ Հետագա հետազոտական աշխատանքն ավելի մանրամասն տեղեկություն կտրամադրի Մարսի մթնոլորտի քիմիական բաղադրության մասին։

Ի դեպ, Մարսը լուսանկարելը հեշտ չէ, չէ՞ որ Մարսն ամենավառ օբյեկտներից մեկն է, որոնք կարող է տեսնել Ջեյմս Ուեբի հեռադիտակը, եւ դա խնդիր է աստղադիտարանի համար, որը նախատեսված է Տիեզերքում ավելի հեռավոր օբյեկտների ուսումնասիրման համար։ Հետազոտողները ստիպված էին լուսանկարել շատ կարճ կադրեր եւ օգտագործել հատուկ մեթոդներ արդյունքների ուսումնասիրման համար։

Սա պատկերների եւ դրանց շնորհիվ ստացված տվյալների միայն առաջին մասն է։ Մասնագետների խոսքով՝ Մարսի մասին ավելի շատ բան իմանալու համար կպահանջվեն ավելի մեծ թվով դիտարկումներ։ Բայց սպեկտրալ տեղեկությունն արդեն ակնարկում է լրացուցիչ տեղեկության մասին մոլորակի վրա առկա նյութերի վերաբերյալ։ Լուիցիի կարծիքով՝ Ջեյմս Ուեբի տիեզերական հեռադիտակի հետազոտությունները կարող են լուծել Մարսի վրա մեթանի առկայության մասին վեճերը՝ մատնանշելով այն մասին, որ Կարմիր մոլորակի վրա հեռավոր անցյալում, գուցե, կյանք եղել է։

mars-athmosphere-2.jpg (76 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ