Կյանքը Մարսի վրա. գուցե այն կա նաև մինչ օրս, կամ գուցե լինի ապագայո՞ւմ

22 հոկտեմբերի, 2022  11:18

Հնարավոր է, որ հեռավոր անցյալում Մարսի վրա կյանք գոյություն է ունեցել։ Եվ չի բացառվում, որ այն կա մինչ օրս։ Հնարավոր է նաև, որ հնագույն մանրէներն իրենք իրենց ոչնչացրել են. նրանք կարող էին առաջացրած լինել մոլորակի կլիմայի փոփոխություններ, որոնք Մարսը դարձրած լինեին կյանքի համար ավելի քիչ պիտանի և ի վերջո հանգեցնեին այդ նույն մանրէների անհետացմանը:

Արդյո՞ք Մարսը բնակեցվա՞ծ է եղել: Արդյո՞ք այն ապագայում երբևէ բնակեցվելու է: Այս հարցերն այսօր հուզում են բազմաթիվ գիտնականների:

Մանրէներ Մարսի վրա

Կլիմայի մոդելավորման նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ Մարսի վրա կարող էին ապրել ջրածնով սնվող և մեթան արտանետող պարզ մանրէներ։ Փարիզի Կենսաբանության ինստիտուտի բարձրագույն նորմալ դպրոցի (Institut de Biologie de l'École Normale Supérieure, IBENS) աստղակենսաբան Բորիս Սոթերեյը կարծում է, որ այդ օրերին Մարսն այնքան սառը չէր, իսկ պայմաններն այդքան ոչ բարենպաստ չէին, որքան այսօր։ Ջերմաստիճանն այնտեղ եղել է մինուս 10-ից 20 աստիճան Ցելսիուսի սահմաններում, նույնիսկ հեղուկ ջուր է եղել՝ գետերի ու օվկիանոսների տեսքով։ Եվ եղել են բակտերիաների միանգամայն հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ 

Մոտավորապես հենց նույն ժամանակաշրջանում Երկրի օվկիանոսներում հայտնվել են կյանքի պարզունակ ձևեր։ Բայց մեր մոլորակի վրա պարզ մանրէների առաջացումը և զարգացումը բարենպաստ միջավայր են ստեղծել կյանքի ավելի բարդ ձևերի առաջացման համար: Մարսի վրա, կարծես, տեղի է ունեցել ճիշտ հակառակը. մեթանը, որն արտազատվել է միկրոբների կենսագործունեության արդյունքում ջրածնի կլանումից հետո, հանգեցրել է մոլորակի սառեցմանը (մինուս 60 աստիճան Ցելսիուս և ցածր), իսկ մանրէներն ստիպված են եղել թափանցել մոլորակի ընդերքի ավելի խորը շերտեր՝ գոյատևելու համար:

Ժամանակի ընթացքում Մարսն այնքան է ցրտել, որ նույնիսկ բակտերիաների համար այստեղ գոյատևելը շատ է դժվարացել: Հավանաբար, նրանք բոլորը մահացել են դեռ այն ժամանակ, բայց հավանականությունը, որ նրանք դեռևս գոյություն ունեն ինչ-որ տեղ Մարսի ընդերքի խորքում, չի կարելի բացառել: Այնուամենայնիվ, սա դեռ պետք է ապացուցվի։

Արդյո՞ք կյանքն ինքնակործանարար է

Հնարավոր է, որ իրականում կյանքը չունի «ինքնապահպանման» բնածին հատկություններ, ինչպես կարծում են երկրագնդի որոշ կենսաբաններ: Բորիս Սոթերեյը չի բացառում, որ կյանքը Տիեզերքում ժամանակ առ ժամանակ առաջանում է պատահականորեն և որոշ ժամանակ անց այն վերանում է իր իսկ կենսագործունեության, շրջակա միջավայրի հետ սեփական փոխազդեցության արդյունքում։

Երկրի վրա մարդկությունը, կարծես, նույնպես գնում է ինքնաոչնչացման ճանապարհով. մեր մոլորակի խնդիրների մեծ մասը, այդ թվում՝ ջերմոցային գազերի էֆեկտը, որի հետ կապված իրավիճակը տարեցտարի վատթարանում և սրվում, մեր կենսագործունեության ուղղակի արդյունքն է։ Հայտնի աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ և գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը վստահ է, որ գլոբալ տաքացումը, օդի աղտոտվածությունը և բնապահպանական այլ խնդիրներ շատ շուտով` ընդամենը մի քանի տասնամյակ հետո, կարող են էապես վատթարացնել Երկրի վրա կյանքի պայմանները և ստիպել մարդկությանը մտածելու այլ մոլորակներ տեղափոխվելու մասին:

Արդյո՞ք Մարսը մեր փրկության հույսն է

Եվ վերաբնակեցման առաջին թեկնածուն, իհարկե, կլինի Մարսը։ Այն այնքան տաք չէ, որքան Մերկուրին և Վեներան, բայց ոչ շատ ցուրտ. մինչև ընդունելի ջերմաստիճան այն տաքացնելը գոնե լուծելի խնդիր է, կամ լուծելի կլինի մի քանի տասնամյակ հետո:

Բայց նախքան Մարսի վրա կհայտնվեն մարդկային առաջին գաղութները, անհրաժեշտ կլինի լուծել մի շարք հարցեր.

  • Ինչպե՞ս սինթեզել թթվածինը Մարսի վրա:
  • Ինչպե՞ս լուծել ջրի հարցը։
  • Ինչպե՞ս հարմարեցնել մարդու մարմինը ավելի ցածր ձգողականությամբ մոլորակի վրա կյանքին:

Երբ մարդկությունը կարողանա Մարսի վրա երկրային պայմանների ձևավորման խնդիրներ լուծել, նախ, ամենայն հավանականությամբ, մոլորակի վրա կտեղադրվի մի փոքրիկ լաբորատորիա, որտեղ կապրեն և կաշխատեն գիտնականները, և մի քանի հարյուր տարի հետո, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, մոլորակը կջերմանա, մոլորակի վրա հնարավոր կլինի թթվածին ու ջուր ստանալ, և արդեն իսկ կարող են հայտնվել լիարժեք գաղութներ։

Եվ այդ ժամանակ կծագի ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս անել այնպես, որ մարդկությունը Մարսի հետ չանի նույնը, ինչ անում է Երկրի հետ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ