NASA-ի Lucy զոնդը կթռչի դեպի Դինքինեշ աստերոիդ. «հանդիպումը» տեղի կունենա վաղը

31 հոկտեմբերի, 2023  15:51

Lucy տիեզերական սարքը մոտենում է իր առաջին աստերոիդին. նրանց «հանդիպումը» տեղի կունենա վաղը՝ 2023-ի նոյեմբերի 1-ին։

NASA-ի առաքելության թիմը հայտնում է, որ հետագիծը շտկելու նպատակով սեպտեմբերի 29-ին կատարված վերջնական մանևրը տիեզերանավը հաջողությամբ դրել է ուղու վրա, որ Lucy-ին կտանի հանդիպելու աստերոիդների հիմնական գոտու Դինքինեշ փոքր աստերոիդի հետ:

NASA-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին թիմը վերջնական թարմացում է ուղարկել Lucy զոնդին, որը պարունակել է սարքի և աստերոիդի հարաբերական դիրքի վերաբերյալ ամենաթարմ տվյալները։ Դրանք բավական ճշգրիտ են՝ ապահովելու համար տիեզերանավի ճիշտ ուղղությունը ավելի քան 800,000 կմ հեռավորության վրա, որը ներկայումս բաժանում է Lucy-ին և Դինքինեշին։

Կրիտիկական պահը, երբ Lucy-ն մոտ 16,000 կմ հեռավորության վրա կմոտենա Դինքինեշին, տեղի կունենա նոյեմբերի 1-ի առավոտյան։ Հետագծման իր համակարգի օգնությամբ զոնդը կհետևի աստերոիդի դիրքին, պարբերաբար կկարգավորի իր դիրքը, որպեսզի գիտական ​​գործիքներին ապահովի ամբողջական տեսարանով այս փոքր աստերոիդի, որը դրանք պետք է ուսումնասիրեն։

Դինքինեշին մոտենալուց հետո Lucy-ն կարողանա անընդհատ հետևել աստերոիդին: Սա ենթադրում է, որ այն ժամանակավորապես կդադարեցնի հաղորդակցությունը Երկրի հետ մինչև հետազոտության ավարտը, երբ զոնդի ալեհավաքը կուղղվի դեպի Երկիր տվյալներ փոխանցելու համար: Նախատեսվում է, որ սարքն առաջիկա շաբաթների ընթացքում լուսանկարներ և գիտական ​​այլ տվյալներ կուղարկի Երկիր։

Դինքինեշ աստերոիդը, որն իր անունն ստացել է բոլորովին վերջերս՝ 2023-ի փետրվարին, կլինի Lucy զոնդի ուղևորության առաջին կանգառը։ Ի սկզբանե այն 12-ամյա տիեզերական շրջագայության մաս չէր կազմում (որի ընթացքում տիեզերանավը կայցելի ինը այլ աստերոիդներ), Դինքինեշը Lucy-ի երթուղուն ավելացվել է միայն 2023-ի հունվարին՝ հետագծման համակարգը փորձարկելու նպատակով։

Ակնկալվում է, որ Lucy-ն Երկիր կվերադառնա մոտ 2030-ին՝ երրորդ գրավիտացիոն արագացման համար, ինչից հետո այն կուղևորվի դեպի երկու հսկա աստերոիդներ՝ Պատրոկլես-Մենիտիս, ինչը, հավանաբար, տեղի կունենա արդեն 2033-ին:


 
 
 
 
  • Արխիվ