Գործարկվել է ChatGPT-ի Android հավելվածը. ե՞րբ այն հասանելի կլինի Հայաստանում

26 հուլիսի, 2023  14:02

Արհեստական բանականությամբ գործող ChatGPT չատբոտի պաշտոնական Android հավելվածն արդեն հասանելի է: Ճիշտ է, Google Play խանութում այն ներբեռնման համար դեռ հասանելի է միայն Բանգլադեշից, Բրազիլիայից, Հնդկաստանից և Միացյալ Նահանգներից օգտվողների համար: Սպասվում է, որ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, այն կհայտնվի ավելի ուշ։ Հավելվածը Հայաստանից ներբեռնել փորձելու ժամանակ Google Play-ը խորհուրդ է տալիս նախապատվեր անել և խոստանում է, որ հավելվածը հասանելի կլինի շուտով։

Ակնկալվում է, որ ChatGPT-ի Android հավելվածում, ինչպես iOS տարբերակում, կունենա երկու սակագին` վճարովի և անվճար: Վճարովի տարբերակի օգտատերերն առաջինը հասանելիություն կստանան ծառայության նոր հնարավորություններին, իսկ հարցումների դեպքում առաջնահերթ հասանելիություն կունենան սերվերներին։    

ChatGPT-ի iOS հավելվածը թողարկվել է այս տարվա մայիսին: Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում հավելվածը ներբեռնվել էր ավելի քան 500,000 անգամ։

Android հավելվածի գործարկումը կարող է վերականգնել այս չատբոտի նկատմամբ օգտատերերի հետաքրքրությունը։ Վերջերս, որոշ փորձագետների կարծիքով, այն որոշ չափով նվազել է. Similarweb և Sensor Tower վերլուծական ընկերությունները հաղորդել են, որ հունիսի տվյալներով հարթակ այցելությունների և դրա հավելվածների ներբեռնումների քանակը նվազել է: Չնայած դրան, ChatGPT-ն երկար ժամանակ պահպանում էր պատմության մեջ ամենաարագ զարգացող ծառայության տիտղոսը՝ մինչև գործարկվեց Meta Threads միկրոբլոգային հարթակը, որը ևս շռնդալից հաջողություն ունեցավ։

Հիշեցնենք, որ հավելվածի հիմքում ընկած OpenAI GPT-4 արհեստական ​​բանականության մոդելը դարձել է նաև Microsoft Bing չատբոտի տեխնոլոգիական հիմքը, որի Android հավելվածը հասանելի է արդեն մի քանի ամիս։ Միաժամանակ Google Bard-ի նմանատիպ ծառայությունը դեռ չի թողարկվել առանձին հավելվածի ձևաչափով և աշխատում է միայն վեբ ինտերֆեյսում։

Նշենք, որ այսօր բոլոր խոշոր տեխնոլոգիական հսկաները հետաքրքրություն են ցուցաբերում արհեստական ​​բանականության պլատֆորմների նկատմամբ, իսկ վերջերս հայտնի դարձավ, որ Apple-ը նույնպես փորձարկում է սեփական չատբոտը։


 
 
 
 
  • Արխիվ