Ե՞րբ ChatGPT-ի պաշտոնական հավելվածը հասանելի կլինի Android-ում

24 հուլիսի, 2023  17:20

Շատ շուտով կթողարկվի հանրահայտ ChatGPT չատբոտի Android տարբերակը․ այն նախատեսվում է թողարկել այս շաբաթ: Այս մասին տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է OpenAI ընկերությունը, որը մշակել է չատբոտը։

Ինչպես տեղեկացնում է GizmoChina-ն, արդեն հիմա կարելի է նախապես պատվիրել հավելվածը Google Play-ում. հավելվածն ավտոմատ կերպով կներբեռնվի ձեր սմարթֆոնում երբ այն հասանելի դառնա:

ChatGPT-ի iOS տարբերակը թողարկվել է մայիսին: Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 500,000 անգամ։

Ակնկալվում է, որ ChatGPT-ի Android տարբերակը, ինչպես iOS տարբերակը, կունենա երկու սակագնային պլան` վճարովի և անվճար: Վճարովի տարբերակի օգտատերերն առաջինը հասանելիություն կստանան ծառայության նոր հնարավորություններին, իսկ հարցումների ժամանակ առաջնահերթ մուտք կունենան ծառայության սերվերներին:

Նշենք, որ հավելվածը հասանելի չի լինի բոլոր երկրներում: Մասնավորապես, Ռուսաստանից օգտատերերն այն ​չեն կարող ներբեռնել։ Ռուսաստանից ծրագրի էջ մուտք գործելիս «Նախապես պատվիրել» կոճակի փոխարեն կարմիր տառերով գրված է՝ «Ձեր երկրում հասանելի չէ»:


 
 
 
 
  • Արխիվ