Apple-ը և խաղերի աշխարհը. ընկերությունը խաղային նոր սարք է մշակում, iPhone-ը ևս կարող է խաղային սմարթֆոն դառնալ

26 հուլիսի, 2023  18:16

Apple-ը շարունակում է ընդլայնել իր հորիզոնները տեսախաղերի աշխարհում․ ընկերությունը նախատեսում է iOS օպերացիոն համակարգում խաղի նոր ռեժիմ ներդնել, ինչպես նաև բարելավել խաղերի կատարողականությունը iPhone-ում և iPad-ում: Բացի դրանից, ընկերությունը վերջերս արտոնագրել է Apple TV-ի համար նախատեսված խաղային կոնսոլ։

Նոր iOS ռեժիմ և խաղային iPhone

Խաղային ռեժիմն առաջին անգամ հայտնվել է macOS 14 բետա տարբերակում, իսկ այժմ այն ​​կհայտնվի նաև iOS օպերացիոն համակարգում, որով աշխատում են iPhone-ը և iPad-ը:

Ինչպես տեղեկացնում է 9to5mac-ը, ընկերությունը մտադիր է բարելավել iPhone-ի և iPad-ի խաղային կատարողականությունը և այդ մասին են վկայում ծրագրային կոդում թաքնված կարկասները (frameworks), որոնք հայտնաբերվել են iOS 17-ի՝ ծրագրավորողների համար նախատեսված 4-րդ բետա տարբերակում։

Խաղային ռեժիմը, որը պաշտոնապես ներկայացվել է միայն macOS-ի համար, թույլ է տալիս առավելագույնի հասցնել պրոցեսորի հզորությունը և նվազեցնել Bluetooth-ի ազդանշանի ուշացման ժամանակը Apple համակարգիչների վրա: Այս ֆունկցիոնալությունը շարժական սարքերում ներդնելու նպատակն է բավարարել շարժական սարքերով տեսախաղեր խաղացողների կարիքները, հատկապես նրանց, ովքեր ունեն AirPods ականաջակալներ կամ Bluetooth կարգավորիչներ:

Թեև iOS 17-ում ծրագրային կարկասների հայտնաբերմանը, դեռ հայտնի չէ՝ արդյոք խաղային ռեժիմը կհայտնվի iPad-ում։ Որոշ փորձագետներ նաև կարծում են, որ Apple-ը կարող է այս նորամուծությունը թողնել որպես բացառիկ ֆունկցիա միայն իր համակարգիչների համար, քանի որ iOS-ի բետա տարբերակում դրա առկայությունը դեռ չի երաշխավորում, որ այն կներառվի վերջնական տարբերակում։

Ակնկալվում է, որ iOS 17-ի ամբողջական թողարկումը տեղի կունենա 2023-ի աշնանը։ Եթե ​​Apple-ը հաջողությամբ կիրառի խաղային ռեժիմը շարժական սարքերում, ապա այն կարող է ավելի գրավիչ դարձնել iPhone-ը և iPad-ը աշխարհի միլիոնավոր խաղացողների համար:

Նոր սարք Apple TV-ի համար

ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը (USPTO) ընկերությանը արտոնագրեր է տրամադրել նորարարական սարքի համար, որը նախատեսված է Apple TV-ում խաղերը կառավարելու համար: Այս մասին հայտնել է Patently Apple ռեսուրսը։

Արտոնագիրը տրված է մի սարքի, որն ունի աշխատանքի երկու ռեժիմ․ առաջին ռեժիմն օգտագործվում է Apple TV-ի գործառույթները կառավարելու համար, իսկ երկրորդը՝ տեսախաղեր խաղալու համար։ Ռեժիմների միջև անցումը կարող է իրականացվել ֆիզիկապես՝ փոխելով կարգավորիչի կոնկրետ մասերի դիրքը:

Կարգավորիչը կունենա խաղացողներին հայտնի սովորական կոճակներ ձայնը կարգավորելու, մենյուում նավիգացիայի և գործողությունների հաստատման համար, ինչպես խաղային կոնսոլների այլ կարգավորիչների դեպքում է: Կախված աշխատանքի ռեժիմից, ստեղների նշանակությունը կարող է տարբեր լինել:

apple-tv-controler-patent.jpg (124 KB)

Սարքի նախագծման առանձնահատկություններից մեկն այն է, որ այն կարող է կիսով չափ ծալվել կամ նույնիսկ երկու մասի բաժանվել։ Սա թույլ կտա փոխել կոճակների գտնվելու վայրը օգտագործման ընթացքում:

Այս պահին տեղեկություն չկա, թե երբ կարող է սարքը շուկա դուրս գալ։ Այնուամենայնիվ, Apple TV-ի նոր խաղային կարգավորիչը կարող է հետաքրքիր հավելում լինել խաղացողների համար՝ ընդլայնելով Apple TV-ի հնարավորությունները զվարճանքների աշխարհում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ