Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը խոսքով շատ գեղեցիկ է հնչում, բայց անիրականանալի է. Արեգ Միքայելյան

5 հուլիսի, 2023  14:15

Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը խոսքով շատ գեղեցիկ է հնչում, բայց անիրականանալի է, կարծում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Ըստ նրա՝ Հայաստանը նման միջոցներ ու հնարավորություններ պարզապես չունի։

Գիտնականն առաջարկում է դիմել պատմությանը՝ Խորհրդային Միությունն իր հսկայական ներուժով Հայաստանում գիտությունը կառուցում էր մի քանի տասնամյակ։ Եվ այն ամենը, ինչ այսօր ունենք, ստեղծվել է հենց այդ ժամանակ։ Անկախության շրջանում դրան գործնականում ոչ մի նոր բան չի ավելացվել։ Ավելին, դեռ հետ ենք գնացել։ «Իսկ այսօրվա կառավարիչներն ասում են՝ 5-10 տարում նոր համակարգ ենք ստեղծելու։ Ինչպե՞ս և ինչ միջոցներով», – ասաց գիտնականը։

Նրա խոսքով՝ դեռ անհասկանալի է, թե ինչպես են այնտեղ հասնելու ակադեմիական քաղաքի աշխատակիցներն ու ուսանողները։ «Թե՞ բոլորն այնտեղ են ապրելու։ Կկարողանա՞ն այդքան մարդկանց համար այնպիսի հարմարավետ պայմաններ ստեղծել, որ բոլորը համաձայնեն հեռանալ մայրաքաղաքից և ապրել այնտեղ։ Չէ՞ որ մարզերից շատ երիտասարդներ գալիս են Երեւան սովորելու՝ մայրաքաղաքային կյանքին, ժամանցին, մշակութային միջոցառումներին մասնակցելու համար։ Ի վերջո, իզուր չէ, որ ժամանակին բոլոր բուհերը կառուցվել են Երեւանի կենտրոնում։ Եթե ենթադրվում է, որ ակադեմիական քաղաքը պետք է այս ամենով ապահովվի, նշանակում է, որ այնտեղ նոր Երեւա՞ն են կառուցելու։ Մեր երկրում՝ այսքան թույլ տնտեսությամբ, որքանո՞վ են արդարացված նման հսկայական ծախսերը և վերջապես, հանուն ինչի՞, - հարցրեց Արեգ Միքայելյանը՝ հավելելով, - այն, ինչ ասում են, լրիվ անիրատեսական է»։

Գիտնականի խոսքով՝ այստեղ կարող են ներգրավված լինել նաև բիզնես շահեր։ Բիզնեսի տեսանկյունից Երևանում գտնվող Ակադեմիայի և բուհերի շենքերը կարելի է վաճառել և լավ գումար ստանալ, քանի որ դրանք հիմնականում երևելի շենքեր են, լավ ճարտարապետությամբ և լավ տեղում։

«Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ գումարն ուղղվելու է ակադեմիական քաղաքի ստեղծմանը, դա նշանակում է, որ նախ պետք է վաճառել, հետո նոր միայն այդ քաղաքը կառուցել։ Իսկ ի՞նչ են անելու գիտնականներն այդ ամբողջ ընթացքում։ Կամ նախ կկառուցեն, հետո գիտնականներին կտեղափոխեն, բայց մինչ այդ շենքերի վաճառքը որտեղի՞ց են այդքան գումար հայթայթելու: Դա նույնպես աբսուրդ է, այսքան աղքատ երկրում այդքան գումար ծախսել ակադեմիական քաղաք կառուցելու վրա։ Ես չգիտեմ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ վտանգ կա, որ այդ ճանապարհին կարելի է կորցնել նաև գոյություն ունեցող գիտական ներուժը։

Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ամենասկզբից ակադեմիական ինստիտուտներն ակադեմիայից առանձնացնելու, իսկ ակադեմիային հասարակական կազմակերպության կարգավիճակ տալու գաղափար կար։ Բայց երբ կրթության և գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը գնացել էր Թբիլիսի, վրացի գործընկերները նրան խորհուրդ էին տվել չանել նույն սխալները, որոնք թույլ էին տվել Վրաստանում, ինչը հանգեցրեց այդ երկրում գիտության կործանմանը։

Որոշ ժամանակ անց ինստիտուտների տարանջատման մասին խոսակցությունները մարեցին, բայց հետո սկսեցին ասել, որ ուզում են ավելի շատ ազատություն և անկախություն տալ ինստիտուտներին։ «Ես երկար տարիներ ղեկավարում եմ ակադեմիական հաստատություն, և գործի ազատության առումով խնդիրներ չունեմ։ Ակադեմիայում ոչ ոք մեր դեմ վարչական ճնշման լծակներ չի բանեցնում»,- ասաց գիտնականը։

Նրա խոսքով, Ակադեմիան մի համակարգ է, որը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում իր մաս կազմող ինստիտուտների միջեւ։ Եվ միակ բանը, որ պետք է պահանջել Ակադեմիայից, ավելի ակտիվ լինելն է։

«Հետևաբար, ինստիտուտներն Ակադեմիայի ենթակայությունից հանելու առաջարկի մեջ դրական ոչինչ չի երևում։ Միգուցե իշխանությունն ուզում է ավելի շատ լծակներ ունենալ գիտական հաստատությունների վրա, ուզում է դրանք վերցնել իր անմիջական ենթակայության տակ, ինչպես դա արեց Սահմանադրական դատարանի, բուհերի և այլ կառույցների հետ։ Եթե խոսքը լիներ ինստիտուտների ներուժի ուժեղացման, դրանց տեխնիկական արդիականացման, ֆինանսավորման զգալի աճի մասին... Բայց կարծես թե խոսքը միայն համակարգը փոխելու ցանկության մասին է։ Չգիտեմ, թե որն է մոտիվացիան, բայց երբեմն թվում է, թե  իշխանության ներկայացուցիչները փորձում են ինչ-որ բան քանդել, հետո նորից ստեղծել, որպեսզի բոլորին ցույց տան, որ մեծ աշխատանք են կատարում»,- ասաց Արեգ Միքայելյանը։

Ակադեմիայի վերջին ընդհանուր ժողովում գիտնականն իր ելույթում ցույց է տվել, որ գիտությունը Հայաստանում ամենաարդյունավետ ոլորտն է. այն 1,5 անգամ ավելի արդյունավետ է, քան տնտեսությունը։ Դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով տարբեր միջազգային կազմակերպությունների վերլուծությունները։ Ուրեմն ինչո՞ւ կառավարությունը չի ուզում զբաղվել տնտեսությամբ, ինչպես որ զբաղվում է գիտությամբ՝ ցանկանալով վերակառուցել այն։

«Մի խոսքով, չգիտեմ՝ ինչ են ուզում, բայց հայկական գիտությունը եզակի երեւույթ է աշխարհում։ Ոչ մի այլ երկիր՝ այսքան թույլ տնտեսական ցուցանիշներով, չունի այնպիսի գիտական ցուցանիշներ, ինչպիսին մերն է։ Այն երկրների տնտեսությունները, որոնց մենք հավասար ենք գիտական ցուցանիշներով, տասնյակ անգամ ավելի զարգացած են ՀՆԱ-ի, բյուջեի, կենսամակարդակի առումով։ Եթե Հայաստանում կան ազգային արժեքներ, ապա գիտությունը դրանցից մեկն է»,- ասաց նա։

Իսկ կառավարությունը, ըստ նրա, «գիտության հետևից ընկնելու» փոխարեն պետք է գիտնականներին ներգրավի պետական խնդիրների լուծմանը, ինչպես նաև պայմաններ ստեղծի գիտական ներուժն արտադրությունում օգտագործելու համար։

«Բայց պետությունը դա չի անում, այլ ուզում է վերակառուցել գիտական համակարգը, հստակ չիմանալով՝ նոր համակարգն ավելի լավ կաշխատի՞, թե՞ ոչ։ Ո՞վ կարող է պնդել, որ այս ճանապարհով գիտությունը կսկսի ավելի արդյունավետ աշխատել: Ինչպե՞ս կարելի է նոր ծրագիր մշակել առանց ռիսկերի գնահատման: Բոլորը նշում են, որ այս ամենի ամենամեծ ռիսկն անորոշությունն է, այն, որ չգիտես, թե դրանից ինչ դուրս կգա։ Այս համակարգը, գոնե գիտենք, որ աշխատում է, տեսնում ենք, որ որոշակի արդյունավետությամբ աշխատում է։ Ոչ ոք չի ասում, որ սա լավագույնն է, որ կա աշխարհում, բայց սա Հայաստանի լավագույն ոլորտներից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի անզգուշությամբ կոտրել գործող մեխանիզմը, քանի որ այն հետո հնարավոր չի լինի վերականգնել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ