Կնքված առաջին սերնդի iPhone-ն աճուրդի է հանվել. այն կարող է վաճառվել 100 000 դոլարով

30 հունիսի, 2023  12:12

Աճուրդի է հանվել առաջին սերնդի iPhone-ը, որը թողարկվել է 16 տարի առաջ: Հեռախոսը կնքված օրիգինալ տուձում է և չօգտագործված։ Մեկնարկային գինը 10.000 դոլար է, սակայն LCG Auctions աճուրդի տունը ակնկալում է այն վաճառել 50-100.000 դոլարով։

Ինչպես հայտնում է Apple Insider-ը, նման սարքերը մեծ պահանջարկ ունեն կոլեկցիոներների շրջանում, հատկապես, եթե դրանք բացված չեն և գտնվում են օրիգինալ տուփի մեջ։

Նկարագրության մեջ հեռախոսի մասին շատ քիչ տեղեկություն կա, միայն այն, որ 2007 թվականին թողարկված օրիգինալ 4 ԳԲ-անոց մոդելն է։

original-iphone-auction.jpg (48 KB)

Հետաքրքիր է, որ լոտի էջում նշվում է, որ աճուրդի ավարտին մնացել է մոտ 2 շաբաթ, սակայն աճուրդն ինքնին ներկայումս կասեցված է։

original-iphone-auction2.jpg (268 KB)

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ամերիկյան Wright աճուրդի տունը ներկայացրել էր կնքված առաջին iPhone-ը՝ «Lucky You» («Բախտդ բերել է») եզակի կպչուկով: Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնի սեփականատերն այն շահել է ընկերության կողմից անցկացվող ինչ-որ մրցույթում։ Այն ձեռք է բերել տեխնոլոգիական բլոգեր Marques Brownlee-ն, ով հայտնի է MKBHD մականունով, 40,000 դոլարով: Ավելի ուշ նա YouTube-ի իր ալիքում բացել է լոտը:

Իսկ փետրվարին չբացված առաջին սերնդի iPhone-ն աճուրդում վաճառվել է 63 356 դոլարով: Սա iPhone-ի 8 ԳԲ մոդելն է, որը թողարկվել է 2007 թվականի հունիսի 29-ին և այն ժամանակ վաճառվել է 599 դոլարով:

Կոլեկցիոներները շատ ավելի բարձր են գնահատել 1976 թվականին Սթիվ Ջոբսի ստորագրած չեկը՝ այն աճուրդում վաճառվել է 106 985 դոլարով:


 
 
 
 
  • Արխիվ