Առաջին սերնդի փակ տուփով iPhone-ն աճուրդում վաճառվել է 63 356 դոլարով

21 փետրվարի, 2023  17:12

Փակ տուփով առաջին սերնդի iPhone-ը աճուրդում վաճառվել է 63,356 դոլարով։ Սա iPhone-ի 8 ԳԲ ներկառուցված հիշողությամբ մոդելն է, որը թողարկվել է 2007 թ․ հունիսի 29-ին և այն ժամանակ վաճառվել է 599 դոլարով:

Ինչպես տեղեկացնում է Cnet.com-ը, LCG Auctions-ում սակարկություններն սկսվել էին փետրվարի սկզբին՝ 2500 դոլարով, այն դեպքում, երբ ենթադրվում էր, որ հեռախոսը կվաճառվի 50,000 դոլարով: Ընդամենը ստացվել էր 27 առաջարկ։ Վերջնական հայտը գրեթե 106 անգամ գերազանցել է գինը, որը սմարթֆոնն ունեցել է 2007 թ․:

Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնի արդեն նախկին սեփականատեր Քերըն Գրինը այժմ շատ ուրախ է, որ ժամանակին այն չէր փոխանակել ավելի ժամանակակից iPhone-ով։ Երեք տարի առաջ նա նկարահանվել է Doctor and Diva սերիալի «Գանձերի որոնում» էպիզոդում, այդ ժամանակ նրա iPhone-ը գնահատվել էր 5000 դոլար: Ըստ կայքի՝ սմարթֆոնն աճուրդի հանելու անհրաժեշտության հարցում նրան, թերևս, ավելի է համոզել այն փաստը, որ անցյալ տարվա հոկտեմբերին փակ տուփով մեկ այլ առաջին սերնդի iPhone վաճառվել էր 39,340 դոլարով, իսկ աճուրդի տունը պնդում էր, որ նրա հեռախոսը կարող է վաճառվել «առնվազն 50,000 դոլարով»։

Կայքը նշում է, որ iPhonе-ի տուփը չբացելու և այն չօգտագործելու համար Քերըն Գրինն ինչ-որ տեղ պարտական է նաև բջջային օպերատորներին։ Փետրվարին Business Insider-ին տված հարցազրույցում Գրինը պատմել է, որ երբ 2007-ին ընկերներն իրեն iPhone նվիրեցին, այդ ժամանակ ինքն ուներ Verizon օպերատորի երեք բջջային հեռախոսահամար, իսկ iPhone-ն աշխատում էր միայն AT&T օպերատորի հետ: Եվ փոխանակ ժամանակ և գումար կորցնելու և անցնելու այլ օպերատորի, նա պարզապես մի կողմ էր դրել iPhone-ը։

Գրինը պարզաբանել է, որ iPhone-ը որոշել է վաճառել միայն այն պատճառով, որ անցյալ տարի Նյու Ջերսիում կոսմետիկ դաջվածքների իր սեփական ստուդիան է բացել, և նոր բիզնեսը ներդրումների կարիք ունի: Հակառակ դեպքում նա պատրաստվում էր հազվագյուտ սմարթֆոն պահել ևս տասը տարի։

Նախորդ անգամ գործարանային փաթեթավորմամբ նույն մոդելի iPhone-ը վաճառվել էր LCG (London Capital Group) Auctions 2022-ի աշնանային աճուրդում՝ 39,339,60 դոլարով։ Դա 25%-ով ավելի էր եղել, քան աճուրդի կազմակերպիչներն ակնկալում էին: Սարքի մեկնարկային գինը եղել էր 2500 դոլար, կազմակերպիչներն ակնկալել էին դրա դիմաց ստանալ 30 000 դոլար։ 2022 թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 16-ը տևած աճուրդի ընթացքում ներկայացվել էր 28 հայտ, իսկ վերջնական հայտը կազմել էր 39,339,60 ԱՄՆ դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ