Երկար սպասված թարմացում. Windows 11-ը կունենա GPT-4-ի վրա հիմնված նեյրոցանց և RAR-ի և 7-ZIP-ի աջակցություն

24 մայիսի, 2023  18:12

Windows 11 օպերացիոն համակարգը շուտով կստանա երկար սպասված թարմացում՝ RAR և 7-ZIP արխիվների և բազմաթիվ ֆայլերի տեսակների աջակցություն: Նաև առաջիկա ամիսներին համակարգում կինտեգրվի արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող օգնականը, որը հիմնված է GPT-4-ի վրա:

RAR և 7-ZIP աջակցություն

Օգտատերերը Windows 11-ի RAR և 7-ZIP արխիվների աջակցությանն սպասում էին ավելի քան մեկ տասնամյակ, գրում է The Verge-ը: Նախկին Windows օպերացիոն համակարգերում աշխատում էր միայն ZIP արխիվների ներկառուցված աջակցությունը, իսկ այլ արխիվների հետ աշխատելու համար օգտատերերը պետք է տեղադրեին երրորդ կողմի հավելվածներ:

«Մենք ներկառուցված աջակցություն ենք ավելացրել արխիվային լրացուցիչ ձևաչափերի համար, ներառյալ՝ tar, 7-zip, rar, gz և շատ ավելին՝ օգտագործելով libarchive բաց կոդով նախագիծը»,- ասել է Windows-ի գործադիր տնօրեն Փանոս Պանայը:

Նա հավելել է, որ կորպորացիան կբարելավի նաև արխիվացման գործառույթների կատարողականությունը Windows գործիքի միջոցով ֆայլերը սեղմելիս։

Նոր ձևաչափերի աջակցությունը օգտատերերին հասանելի կլինի այս շաբաթից սկսած Windows 11-ի նոր նախնական տարբերակի միջոցով։

GPT-4-ի վրա հիմնված ներկառուցված նեյրոցանց

Ամռանը օպերացիոն համակարգը կստանա ևս մեկ հետաքրքիր թարմացում՝ Windows Copilot ԱԲ-ով աշխատող օգնականի տեսքով։

Ինչպես տեղեկացնում է Microsoft-ը՝ ԱԲ-ով աշխատող օգնականը նման է ԱԲ վահանակներին, որոնք արդեն հասանելի են Edge բրաուզերում, Office-ում և GitHub-ում: Windows Copilot-ը Windows 11-ի օգտատերերին հնարավորություն կտա շփվել ԱԲ օգնականի հետ ցանկացած հավելվածում կամ ծրագրում:

Այս նորարարությունն իրենից ներկայացնում է կողային պանել, որը կարելի է գործարկել առաջադրանքների տողից և ամրացնել էկրանի ձախ կամ աջ եզրին: ԱԲ օգնականը կկարողանա վերլուծել բովանդակությունը համակարգչի էկրանին և առաջարկել տարբեր գործողություններ՝ կախված նրանից, թե ինչի վրա է աշխատում օգտատերը: Օրինակ՝ այն կարող է օգնել ձեզ ամփոփել, վերափոխել կամ բացատրել տեքստը կամ պատկերը, փոխել համակարգի կարգավորումները, բացել հավելված, ստուգել թարմացումների առկայությունը և այլն:

Windows Copilot-ը հիմնված է GPT-4-ի վրա և աջակցում է Bing Chat-ի և ChatGPT-ի փլագիններին։

Microsoft-ը նախատեսում է հունիսին սկսել Windows Copilot-ի թեստավորումը Windows Insider ծրագրի մասնակիցների համար։ Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ նորամուծությունը հասանելի կլինի օգտատերերի լայն շրջանակի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ