Microsoft-ը փետրվարի 1-ից կդադարեցնի Windows 10-ի լիցենզիաների վաճառքը, իսկ Windows 11-ում թարմացումից հետո խնդիրներ են ծագել

20 հունվարի, 2023  14:39

Microsoft-ը նախատեսում է փետրվարի 1-ից դադարեցնել Windows 10 օպերացիոն համակարգի լիցենզիաների վաճառքը, սակայն համակարգի աջակցությունը կտևի մինչև 2025 թ. հոկտեմբերի 14-ը։ Միևնույն ժամանակ Windows 11-ում թարմացումից հետո ստանդարտ հավելվածների շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, չնայած ընկերությունն ընդունում է, որ նման խնդիր կա, սակայն դեռ չի շտապում լուծել դրանք: 

Windows 10. արդյո՞ք հնարավոր կլինի շարունակել այն օգտագործել փետրվարի 1-ից հետո

Microsoft-ի պաշտոնական կայքում, որտեղ Windows 10 Home-ի, Pro-ի և Workstation-ի նկարագրությունն է, հայտնվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ փետրվարի 1-ից կդադարեցվի Windows 10 օպերացիոն համակարգերի լիցենզիաների վաճառքը։ Microsoft-ն առաջարկում է անցնել ավելի թարմ՝ Windows 11-ի նոր տարբերակին։

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր արդեն տեղադրել են Windows 10-ը, մինչև 2025 թ հոկտեմբերի 14-ը կշարունակեն ստանալ անվտանգության թարմացումները, որոնք կօգնեն համակարգիչը պաշտպանել վիրուսներից և լրտեսող ծրագրերից:

Ավելին, եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ դուր է գալիս Windows 10-ը և դեռ չեք ցանկանում անցնել այլ համակարգի, ապա փետրվարի 1-ից հետո ևս հնարավորություն կունենաք տեղադրել կամ նորից տեղադրել այն, քանի որ Microsoft-ը դադարեցնում է այս օպերացիոն համակարգի լիցենզիաների վաճառքը միայն իր կայքում, բայց համակարգը նախկինի պես կարող եք գնել երրորդ կողմի մանրածախ վաճառողներից, ինչպիսիք են Amazon-ը, ինչպես նաև այլ վաճառողներ։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 10-ին Microsoft-ը դադարեցրեց Windows 8.1 օպերացիոն համակարգի աջակցությունը։ Ընկերությունը օգտատերերին խորհուրդ է տալիս անցնել նույն Windows 11-ին։

Windows 11. Խնդիրներ թարմացումից հետո

KB5023152 թարմացման փաթեթը տեղադրելուց հետո Windows 11 22H2-ի օգտատերերի մոտ հերթական խնդիրն է առաջացել. համակարգի վերականգնումից հետո երբեմն որոշ ներկառուցված հավելվածները գործարկելու հետ կապված խնդիրներ կարող են ծագել։

Օրինակ՝ որոշ օգտատերերի մոտ համակարգի վերականգնումից հետո հավելվածները գործարկելիս հայտնվում է «Հավելվածը չի կարող գործարկվել» հաղորդագրությունը: Այլ դեպքերում, հավելվածները կարող են գործարկվել, ապա սառել կամ անջատվել: Նման խնդիրներ նկատվել են այնպիսի հավելվածների հետ, ինչպիսիք են Notepad-ը, Paint-ը, Microsoft Office փաթեթի բոլոր հավելվածները, Cortana-ն, Windows Terminal-ը և այլն:

Սովորաբար, եթե թարմացված համակարգերում խնդիրներ են հայտնաբերվում, Microsoft-ը դրանք կարգավորելու համար թողարկում է շտկումներ: Այնուամենայնիվ, այս անգամ ընկերությունը չի հայտարարել նման շտկում թողարկելու մասին և խորհուրդ է տվել պարզապես վերագործարկել խնդրահարույց հավելվածը, իսկ եթե դա էլ չի օգնում, ապա այն նորից տեղադրել Microsoft Store-ից։

Նշենք, որ Windows 11 22H2 թարմացումից հետո սա առաջին դեպքը չէ, երբ օգտատերերը խնդիրներ են ունենում:  

Անցյալ տարվա վերջին թարմացումներից մեկից հետո օգտատերերը խնդիրներ ունեցան համակարգչի կատարողականի հետ կապված, հատկապես խաղերի ժամանակ։ Դեկտեմբերին Microsoft-ը թողարկեց KB5020044 թարմացման նախնական տարբերակը, որը պետք է լուծեր այդ խնդիրները:

Դրանից անմիջապես հետո Windows 11-ի 22H2 տարբերակի օգտատերերի մոտ խնդիր առաջացավ Remote Desktop-ի հետ․ որոշ օգտատերերի մոտ հավելվածն սկսում էր սառել կամ ընդհանրապես չէր միանում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ