Ինտեգրված չատբոտ, iPhone-ի կառավարում և մի շարք այլ նորարարություններ․ Microsoft-ը թողարկել է Windows 11-ի հիմնական թարմացումը

1 մարտի, 2023  21:04

Microsoft-ը թողարկել է Windows 11-ի հիմնական թարմացումը, որը սարքերին հասանելի կդառնա շուտով: Թարմացումն առաջարկում է բազմաթիվ նոր հնարավորություններ, այդ թվում՝ ինտեգրված Bing Chat չատբոտ, iPhone-ի կառավարում Phone Link-ի միջոցով, վերափոխված վիջեթներ և այլն:

Եկեք անդրադառնանք նորամուծություններից մի քանիսին։

Ինտեգրված Bing չատբոտ

Microsoft-ը նոր թարմացման մեջ Windows 11-ի առաջադրանքների պանելում ավելացրել է ChatGPT-ի վրա հիմնված Bing որոնողական համակարգի չատբոտը:

Առայժմ թեստային տարբերակով չատբոտը հասանելի է այն օգտատերերին, որոնք ստացել են օպերացիոն համակարգի թարմացումը, գրանցվել են Bing-ի նոր տարբերակի էջում և սպասել իրենց հերթին։ Նման օգտատերերը կարող են որոնման հարցում անել անմիջապես Windows-ի առաջադրանքների պանելից:

Օպերացիոն համակարգի մշակողների կարծիքով՝ սովորական որոնման պանելը Windows-ի ամենապոպուլյար հնարավորություններից է. յուրաքանչյուր ամիս այս պատուհանից օգտվում է ավելի քան 500 միլիոն օգտատեր ողջ աշխարհում:

«Այժմ կա Bing մուտք գործելու կետ անմիջապես Windows 11-ի որոնման գլխավոր էջից, և շուտով Bing-ի նոր չատբոտ արագ մուտք գործելու հնարավորություն կլինի Windows 11-ի բոլոր օգտատերերի համար»,- ասել են Microsoft-ից։

iPhone-ի կառավարում Phone Link-ի միջոցով

Թարմացված Windows 11-ը նաև ստացել է Phone Link-ի նախնական տարբերակ, որը նախատեսված է Apple iPhone-ի համար։ Օգտատերը, որն ունի թարմացված Windows 11-ով աշխատող համակարգիչ, դրա միջոցով կարող է հեռակա կարգով՝ Bluetooth-ի միջոցով կառավարել իր iPhone-ը: Այսպիսով, օգտատերը կարող է մուտք գործել հեռախոսի կոնտակտներ PC համակարգչի միջոցով, կատարել և ստանալ զանգեր և ուղարկել տեքստային հաղորդագրություններ:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ առայժմ կան նկատելի սահմանափակումներ՝ համեմատած Android հեռախոսների կառավարման հետ, և հավելվածն ինքնին հասանելի է միայն Microsoft-ի ինսայդերական ծրագրի մասնակիցներին։

Phone Link-ի հիմնական թերությունը մասնագետները համարում են այն, որ դրանով չի լինում օգտվել iMessages-ից և ուղարկել և ստանալ հաղորդագրություններ։ Ներկայումս օգտատերերը նաև չեն կարողանում ուղարկել մուլտիմեդիա հաղորդագրություններ և պատասխանել խմբային հաղորդագրություններին:

Էկրանի ձայնագրում 

Օպերացիոն համակարգի թարմացմամբ օգտատերերը կկարողանան ձայնագրել իրենց էկրանը Snipping Tool էկրանի ձայնագրիչով՝ առանց դրա համար երրորդ կողմի հավելվածներ տեղադրելու:

Ներկառուցված հավելվածի հետ աշխատելը շատ պարզ կլինի. ձայնագրումը սկսելու համար պարզապես անհրաժեշտ է մեկ անգամ սեղմել Snipping Tool պատկերակը, իսկ ձայնագրությունն ավարտելու համար պետք է կրկին սեղմել այն:

ԱԲ առաջարկներ Start մենյուում և File Explorer-ում

Start մենյուում և File Explorer-ում հայտնվել են արհեստական բանականության կողմից արվող առաջարկներ. նախկինում որպես «առաջարկվող» ֆայլեր օգտատերերին ներկայացնում էին այն ֆայլերը, որոնք նրանք վերջերս էին բացել։ Այժմ Windows 11 Pro-ի օգտատերերին, եթե համակարգիչը միացած է Azure տիրույթին, Windows-ը կառաջարկի ֆայլեր, որոնք իրականում կարող են օգտակար լինել ապագա աշխատանքի համար:

Այս հնարավորությունը կհայտնվի նաև File Explorer-ում, ինչը կօգնի արագացնել անհրաժեշտ ֆայլերի որոնումը:

Էներգախնայողություն

«Էլեկտրաէներգիայի վերաբերյալ նոր առաջարկությունները» կօգնեն նվազեցնել էներգիայի ծախսերը. օրինակ՝ համակարգը կարող է օգտատիրոջը հուշել, որ անջատի էկրանը էկրանապահիչ գործարկելու փոխարեն: Կլինեն նաև առաջարկություններ էկրանի պայծառությունն ու գույնը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում սարքն արագորեն քնի ռեժիմի բերելու համար:

Նոր տեսակի վիջեթներ

Թարմացված Windows-ում կլինի նաև նոր տեսակի վիջեթ՝ Facebook-ի և Spotify-ի աջակցությամբ: Հայտնվել են նաև վիջեթներ՝ Xbox Game Pass և Phone Link-ի բովանդակությամբ։ Ցանկության դեպքում բոլոր վիջեթները կարող են արագ թաքցվել տեսադաշտից:

Այլ նորամուծություններ

Վերջին թարմացման շրջանակում ընդլայնվել է նաև «Remote Assistance»-ի ֆունկցիոնալությունը, որը համակարգիչը հեռակա կարգով կառավարելու հնարավորություն է ընձեռում։

Թարմացման մեջ ներառված է նաև Notepad-ը՝ իր թաբերով, որը ներկայացվել էր ավելի վաղ թողարկված բետա տարբերակներում:

Այս թարմացման շրջանակում նաև կա Windows Studio Effects-ին հեշտ մուտք ստանալու հնարավորություն՝ արհեստական բանականության վրա հիմնված բարելավված տեսազանգերով (հետևի ֆոնի աղճատում, աղմուկի ֆիլտրում և այլն):

Փոփոխությունները վերաբերում են նաև Windows 11-ով աշխատող պլանշետների ինտերֆեյսին. օրինակ, եթե ֆիզիկական ստեղնաշարն անջատեք պլանշետից, Windows-ի առաջադրանքների պանելն ավտոմատ կերպով կթաքցվի: Այն հետ բերելու համար հարկավոր կլինի մատը սահեցնել էկրանի վրայով դեպի վեր:

Ինչպե՞ս ստանալ թարմացումը

Նոր թարմացմանը հասանելիություն ստանալու համար հարկավոր է՝

  • Բացել Windows 11-ի կարգավորումների մենյուն (Settings),
  • Գնալ Windows Update Center,
  • Սեղմել Check for updates։

Կամ էլ կարելի է պարզապես սպասել մինչև թարմացումն ավտոմատ կերպով կհայտնվի այս տարվա մարտին։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ