Microsoft-ը շտկել է Windows 11-ի խնդիրը, որի պատճառով համակարգը դանդաղ էր աշխատում խաղերի ժամանակ

1 դեկտեմբերի, 2022  10:02

2022 թ․ սեպտեմբերին թողարկված 22H2 թարմացումից հետո Windows 11-ում աշխատանքի կատարողականի հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնք առավել ակնհայտ էին դառնում տեսախաղերի ժամանակ: Microsoft-ն այժմ թողարկել է KB5020044 թարմացման նախնական տարբերակը, որը, ինչպես ակնկալվում է, կլուծի նշված խնդիրը Windows 11-ում։

Ընկերության տվյալներով՝ 22H2 թարմացման սխալի պատճառով «խաղերն ու հավելվածները ավտոմատ կերպով միացնում էին գրաֆիկական պրոցեսորի աշխատանքի կարգավորման գործառույթները, որոնք նախատեսված չեն համակարգիչների սեփականատերերի կողմից օգտագործելու համար»: Դա էլ հանգեցնում էր ծանրաբեռնվածության ավելացմանը և, հետևաբար, համակարգի աշխատանքի դանդաղեցմանը, հատկապես խաղերում։

Microsoft-ն ընդունել էր սխալը և դադարեցրել Windows 11-ի 22H2 թարմացման տարածումը՝ օգտատերերին խորհուրդ տալով թարմացումը չտեղադրել «ձեռքով»: Այժմ ընկերությունը վերսկսել է թարմացման տարածումը, որը պետք է շտկի սխալը: Օգտատերերին, որոնք արդեն տեղադրել են Windows 11 22H2-ը, խորհուրդ է տրվում Windows-Microsoft Download Center-ից ներբեռնել KB5020044 փաթեթը, որում առաջարկվում են նաև այլ ուղղումներ և բարելավումներ՝ ուղղված համակարգի աշխատանքի կայունությանը։

Հիշեցնենք, որ վերջերս Microsoft-ը նաև ընդունել էր, որ Windows 11-ի 22H2 տարբերակում խնդիր կա աշխատասեղանի հեռավար աշխատանքի հետ կապված. որոշ օգտատերերի մոտ այս հավելվածը «սառում» էր կամ ընդհանրապես չէր միանում: Ընկերության մասնագետները դեռ աշխատում են այս թերության վերացման ուղղությամբ։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ