Գիտնականները Երկրի չափ էկզոմոլորակ են հայտնաբերել՝ ծածկված հրաբուխներով

18 մայիսի, 2023  16:07

Աստղագետները հայտնաբերել են Երկրի չափ էկզոմոլորակ՝ LP 791-18d-ը, որը գտնվում է 90 լուսատարի հեռավորության վրա և կարծես ամբողջովին ծածկված է հրաբուխներով: Ինչպես հայտնում է NASA-ն, այս մոլորակի վրա ժայթքումները, հավանաբար, տեղի են ունենում նույնքան հաճախ, որքան Յուպիտերի արբանյակ Իոյի վրա, որը Արեգակնային համակարգի երկրաբանորեն ամենաակտիվ օբյեկտն է։

LP 791-18 d-ը մոտավորապես այսպիսի տեսք կարող է ունենալ (սա էկզոմոլորակի իրական պատկեր չէ, այլ նկարչի աշխատանք)։

LP-791-18d-exoplanet

Ավելի զանգվածային մոլորակի գրավիտացիոն ձգողականությունը (հետին պլանում ցուցադրված է որպես կապույտ սկավառակ) կարող է հանգեցնել LP 791-18 d-ի ներքին տաքացման և հրաբխային ժայթքման:

LP 791-18d-ի մեկ կողմն է մշտապես նայում իր աստղին (ինչպես Լուսինը Երկրին): Մոլորակի այն կողմում, որի վրա մշտապես ցերեկ է, հավանաբար, չափազանց շոգ է, որպեսզի հեղուկ ջուր գոյություն ունենա դրա մակերեսին: Միաժամանակ LP 791-18d-ը գտնվում է բնակելի գոտու ներքին եզրին, որում, ինչպես կարծում են գիտնականները, հեղուկ ջուր կարող է գոյություն ունենալ մոլորակների մակերեսին։ Եթե ​​մոլորակը երկրաբանորեն այնքան ակտիվ է, որքան հետազոտողները կասկածում են, այն կարող է պահպանել մթնոլորտ, իսկ խոնավությունը կարող է խտանալ մոլորակի մյուս կողմում, որտեղ մշտապես գիշեր է։

Այս էկզոմոլորակը գտնելու հարցում օգնել են ցամաքային աստղադիտակները, ինչպես նաև TESS (Transiting Exoplanet Survey Satellite) տիեզերական աստղադիտակը և արխիվային տվյալները, որոնք ստացվել են արդեն շարքից դուրս եկած Spitzer տիեզերական աստղադիտակից։

Գիտնականները նախատեսում են էկզոմոլորակն ուսումնասիրել նաև James Webb տիեզերական աստղադիտակով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ