«Գիտուժ» նախաձեռնությունը նախատեսում է ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ բաց քննարկումների շարք սկսել

17 մայիսի, 2023  20:12

«Գիտուժ» նախաձեռնությունը նախատեսում է ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ Հայաստանի համապատասխան պատկան մարմինների, գիտական և մասնագիտական ​​հանրության ներկայացուցիչների հետ բաց քննարկումների շարք սկսել։

Միեւնույն ժամանակ, նախաձեռնությունը հույս ունի, որ կառավարությունը, ծրագրի իրականացման համար պատասխանատու կառույցներն իրենք լայն ներգրավվածությամբ քննարկումներ կկազմակերպեն, այդ քննարկումների հիման վրա նախագիծը բովանդակությամբ համալրելու համար։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության ներկայացուցիչ, Firo-ի համահիմնադիր, կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։

Նա հիշեցրեց, որ «Գիտուժ» նախաձեռնությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որում մի շարք մտահոգություններ էր հայտնել նոր նախագծի վերաբերյալ։ Հիմնական մտավախությունն այն է, որ գիտակրթական նոր համակարգ ստեղծելու ցանկությունը կարող է վտանգի տակ դնել գործող գիտական ​​համակարգի հետագա զարգացումը և, անգամ, գոյությունը։

«Ձեւակերպված է մի մեգացանկություն, մեգանախագիծ՝ առանց հստակ, բովանդակային պատկերացումների։ Պատկերացումները սահմանափակվում են նրանով, որ մեկ միասնական միջավայրը, որը միավորում է գիտական ու կրթական տարբեր ինստիտուտներ, օժանդակելու է գիտակրթական պրոցեսների արդյունավետության բարձրացմանը։ Այսինքն, ստեղծվելու է մի նոր միջավայր, որը ավելի հարմար է կրթական գործ կազմակերպելու ու գիտական ու կրթական գործունեությունները  համատեղելու համար։ Պատկերացումները սկսվում եւ ավարտվում են այսքանով։ Որոշման մեջ ոչ մի հստակեցում չկա, թե ո՞ր գիտական ինստիտուտը ո՞ր կրթական հաստատության հետ է կապվելու, եւ ինչի՞ համար է պետք դրանք կապել», - ասաց նա։

Մեկնաբանելով նախաձեռնության հայտարարության այն թեզը, ըստ որի գիտությունը չի կարող դիտարկվել միայն որպես կրթությանը ծառայող բաղադրիչ, առավել եւս՝ որպես գիտությանը ենթակա բաղադրիչ, Արամ Ջիվանյանը նշեց, որ գիտական ​​հետազոտությունների ներառումը բուհերի աշխատանքում ճիշտ է, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ:

«Նման մոդելները Եվրոպայում կամ աշխարհում բազմաթիվ են, շատ գիտական հետազոտություններ կատարվում են համալսարաններում։ Դա ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ, եւ դա կառավարության ծրագրում չի երեւում։ Այսինքն, սկսում եւ ավարտում են նրանով, որ գիտական հետազոտությունները պետք է իրականացվեն համալսարաններում։ Բայց ամբողջ աշխարհում կան նաեւ անկախ և պետական գիտական ինստիտուտներ, որոնք կենտրոնանում են միայն, օրինակ, պետական ինչ-ինչ պատվերների վրա, ոչ թե մաս կազմում կրթական պրոցեսին։

Սրանք բարդ հարցեր են, որոնք մանրամասն մշակման ու նախագծման կարիք ունեն։

Ու խոսքը նաեւ իրավական բազայի մշակման մասին է, որը պետական պատվեր կատարող ինստիտուտին թույլ կտա ճկուն լինել պետության հետ հարաբերություններում, ոչ թե սահմանափակված լինել այն իրավական կաղապարներով, որոնք վերաբերում են բուհերին։ Դա ենթադրում է ուղիղ հարաբերություններ պետության հետ, ոչ թե բուհի միջոցով։ Սրանք կարեւոր բաղադրիչներ են, որոնք պետք է նախագծի մաս լինեն, բայց առայժմ բացակայում են», – պարզաբանեց նա։

Միեւնույն ժամանակ, Արամ Ջիվանյանը չի կասկածում իշխանության դրական մտադրություններին, եւ համաձայն չէ, որ այն միտումնավոր ձգտում է երկրում գիտական ​​համակարգի ոչնչացմանը։ Նրա խոսքով՝ մտավախություն ունեն, որ իշխանության ներկայիս գործողությունները չդառնան «մենք ուզում էինք լավագույնը, բայց ստացվեց ինչպես միշտ» շարքից։ Եվ «ինչպես միշտ» կարող է ստացվել, քանի որ նախագիծը ամբողջությամբ մտածված չէ, բազմաթիվ նրբերանգներ հաշվի չեն առնվում, ինչի մասին եւ զգուշացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ մեծ անորոշության պայմաններում գիտական ​​հանրության անհանգստությունը միանգամայն հասկանալի է։ Եվ միանգամայն արդարացված է նաեւ ԳԱԱ ղեկավարության մտահոգությունը, որին թույլ չեն տալիս իրականացնել վաղուց հասունացած կառուցվածքային ու բովանդակային բարեփոխումները։ Բայց, թերեւս, առաջարկվող մեգանախագծի հետ կապված, կառավարությունը նույնպես դեռ կողմնորոշված ​​չէ, թե արդյոք հիմա պետք է ԳԱԱ կառուցվածքի որեւէ փոփոխություն կատարել, եթե արդյունքում փոխվելու է ողջ համակարգը։ Եվ հենց այս բոլոր անորոշությունները վերացնելու համար են պետք մանրամասն քննարկումներ, կարծում է Արամ Ջիվանյանը։

«Ես հասկանում եմ, որ անորոշության մակարդակը մի քիչ բարձր է, որովհետեւ ընդհանուր տրամաբանությունն է փոխվել։ Եթե ղեկավարությունում մեգանախագիծ են նախատեսում իրականացնել, ապա իրենք էլ են ուզում արդյունավետության տեսակետից հասկանալ՝ որքանո՞վ արժե հիմա միավորել որոշ ինստիտուտներ, եթե ապագայում դրանք տեղափոխվելու են ակադեմիական քաղաք։ Հարցեր են, որոնք պետք է քննարկել, դրանք միանշանակ պատասխան չունեն։ Միգուցե քննարկելուց պարզ դառնա, որ չմիավորելու դեպքում մենք անիմաստ ժամանակ ենք ծախսելու ու չենք աշխատելու ինստիտուտների ներուժի զարգացման եւ առողջացման ուղղությամբ», – ասաց նա։

Ամեն դեպքում, ըստ Ջիվանյանի, բոլորը պետք է հասկանան, որ քննարկումներին անհրաժեշտ է մասնակցել առավելագույնս կառուցողական մոտեցումով, ինչը չի նշանակում համաձայնել այն ամենի հետ, ինչն առաջարկվում է։ «Այսինքն, անհրաժեշտ է պնդել, թե ինչու է պետք, որ Ակադեմիան անի այս կամ այն քայլը եւ պահանջել առավելագույնս հիմնավորված փաստարկներ կառավարության կողմից», – հավելեց նա։

Ըստ Արամ Ջիվանյանի՝ անհրաժեշտ է նաեւ կառավարությունից պահանջել, որ “ակադեմիական քաղաք” նախագծի հետ կապված իր բոլոր գործողությունները լինեն հնարավորինս թափանցիկ եւ ներառական։

«Ամենամեծ վտանգն այն է, որպեսզի մեզ չտեղեկացնեն միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ որոշված լինի ու փաստի առաջ կանգնենք, այլ հենց այդ ամենը մշակելու ընթացքը պետք է լինի ամբողջապես ներառական, պետք է փորձենք նախագիծը հնարավորինս լավ մշակել տարբեր քննարկումների միջոցով։ Այդ դեպքում մշակելուց հետո այն կունենա մեծ աջակցություն տարբեր շահառուների կողմից, ոչ թե բոլոր շահառուները ուղղակի կկանգնեն փաստի առաջ», – պարզաբանեց նա։

Մեկ այլ խնդիր, որը լուրջ անհանգստացում է «Գիտուժ» նախաձեռնությանը. ի՞նչ միջոցներով է կառավարությունը մտադիր կառուցել ակադեմիական քաղաքը:

«Սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ կառավարության հստակ պատասխանը այդ միջոցների առկայության եւ դրանց աղբյուրների մասին վստահության ամրապնդման կարեւոր կետ է լինելու։ Պետք է վստահ լինենք, որ այն, ինչ ուզում ենք անել, հնարավոր է, հետո նոր կենտրոնանանք բովանդակության վրա։ Ո՛չ թե մշակենք բովանդակությունը, առանց հասկանալու՝ կիրականանա նախագիծը, թե՝ ոչ», – ասաց նա, հավելելով, որ շատ պրոցեսներ արդեն սկսվել են,  հողահատկացումներ են արվում, իրավական բազա է ստեղծվում եւ այլն, բայց առանց գիտական համայնքի ներգրավման, ինչը եւ մտավախություններ է առաջացնում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ