Ձայնային և տեսազանգեր, կոդավորված հաղորդագրություններ․ Twitter-ը քայլ է անում դեպի սուպերհավելված

10 մայիսի, 2023  10:27

Միլիարդատեր Իլոն Մասկը, որն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին գնեց Twitter սոցիալական կայքը, բազմիցս ասել է, որ մտադիր է այն վերածել բազմաթիվ գործառույթներ համադրող սուպերհավելվածի։ Այժմ կարծես թե առաջին քայլն է արվում այս ուղղությամբ. շուտով հարթակի օգտատերերը կկարողանան միմյանց ուղարկել կոդավորված հաղորդագրություններ և կատարել ձայնային և տեսազանգեր՝ առանց հեռախոսահամար օգտագործելու։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությունը կարելի է անել Twitter-ում Իլոն Մասկի մեկնաբանություններից։

«Շուտով դուք կկարողանաք կապ հաստատել հարթակի ցանկացած օգտատիրոջ հետ ձայնային կամ տեսազանգի միջոցով, դուք կկարողանաք խոսել մարդկանց հետ ողջ աշխարհում՝ չհրապարակելով ձեր սեփական հեռախոսահամարը»,- գրել է նա։  

Մասկի խոսքով՝ այսօրվանից՝ մայիսի 10-ից, արդեն հասանելի կլինի այլ մարդկանց հետ կոդավորված հաղորդագրությունների փոխանակման գործառույթը։ Այնուամենայնիվ, տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք ձայնային և տեսազանգերը նույնպես կոդավորված կլինեն, և երբ դրանք հասանելի լինեն:

Մեկ այլ նորարարության շրջանակում սոցցանցի ինժեներներն սկսելու են արխիվացնել այն էջերի բովանդակությունը, որոնց սեփականատերերը դրանք չեն օգտագործել արդեն մի քանի տարի։ Մասկը գրել է նաև սրա մասին։

Համաձայն հարթակի գործող կանոնների՝ օգտատերը պետք է իր օգտահաշիվ մուտք գործի առնվազն երեսուն օրը մեկ անգամ, հակառակ դեպքում այն ​​կարող է ճանաչվել որպես ոչ ակտիվ և հետագայում ջնջվել։

Վերջերս Twitter-ը գործարկել է բովանդակությունը մոնետիզացնելու հնարավորություն. հայտնի հեղինակներն այժմ կարող են ընթերցողներին իրենց նյութերի բաժանորդագրություն գնելու հնարավորություն առաջարկել:

Բացի դրանից, ապագայում այս հարթակին կարող են ինտեգրել արհեստական բանականություն. ըստ լուրերի՝ Իլոն Մասկը նախատեսում է մշակել գեներատիվ արհեստական ​​բանականության սեփական մոդելը, թեև դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է այն օգտագործվելու։


 
 
 
 
  • Արխիվ