Առաջին անգամ Huawei Watch 4-ը կստանա ոչ ինվազիվ գլյուկոմետր, ինչպես նաև արբանյակային կապ և շափյուղե ապակի

10 մայիսի, 2023  12:07

Huawei ընկերությունն այսօր հայտարարել է, որ Huawei Watch 4 խելացի ժամացույցների պաշտոնական ներկայացումը տեղի կունենա մայիսի 18-ին։ Նորույթը կստանա մի շարք հետաքրքիր ֆունկցիաներ, որոնցից մեկը՝ առաջին անգամ է կիրառվում։  

Մամուլում տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ Watch 4-ը կունենա արբանյակային կապի աջակցություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Huawei-ը կապի այս տեսակի աջակցությունն ինտեգրել էր միջին սեգմենտի բյուջետային Nova 11 Ultra սմարթֆոնին, և այժմ փաստացի այն կստանա նաև Watch 4-ը:

Նոր խելացի ժամացույցը կստանա նաև շափյուղե ապակի։ Եվ վերջապես, Watch 4-ը կարող է լինել իր դասի մեջ աշխարհում առաջին սարքը, որը կունենա գլյուկոմետր, որը արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը կչափի ոչ ինվազիվ մեթոդով։

Huawei-ը Watch 4-ի համար պատրաստել է վեց յուրահատուկ թեմա, որոնք կապված են Արեգակնային համակարգի վեց տիեզերական մարմինների հետ՝ Երկիր, Յուպիտեր, Մարս, Վեներա, Սատուրն և Լուսին։ Այս թեմաներից յուրաքանչյուրը կունենա իր առանձնահատկությունները:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոչ ինվազիվ մեթոդով արյան մեջ շաքարի մակարդակը չափելու տեխնոլոգիա է մշակում նաև Apple-ը։ Թեև վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունն այս տեխնոլոգիան հարյուրավոր մարդկանց վրա է փորձարկել, այն դեռ գտնվում է կոնցեպտի ապացուցման փուլում: Ընկերությունն արդեն որոշակի առաջընթաց, այդուհանդերձ, գրանցել է և մտադիր է այն օգտագործել Apple Watch-ում։

Առայժմ հայտնի չէ, թե Huawei-ի պարագայում ինչպես է աշխատելու նոր տեխնոլոգիան, սակայն Apple-ի դեպքում այն աշխատում է «սիլիկոնային ֆոտոնիկայի» և «օպտիկական կլանման սպեկտրոսկոպիայի» միջոցով։ Այսինքն՝ օգտագործվում են լազերներ և սենսորներ՝ առանց մաշկը ծակելու արյան մեջ շաքարի կոնցենտրացիան չափելու համար, ինչպես նաև հատուկ ծրագրակազմ՝ ստացված տվյալները մեկնաբանելու համար։

Այս տեխնոլոգիան կարող է լուրջ հաջողություն ունենալ և ամրապնդել այն արտադրող ընկերությունների դիրքերը առողջապահական լուծումների ոլորտում։ Աշխարհում մոտ 422 մլն մարդ շաքարային դիաբետ ունի և (ԱՄՆ-ում յուրաքանչյուր 10-րդը), և արյան բաղադրության մեջ շաքարի մակարդակը չափելու համար մինչ այժմ նրանք հիմնականում օգտագործում են ինվազիվ մեթոդ, այսինքն՝ չափման համար արյան նմուշ է վերցվում՝ մաշկը ծակելու միջոցով։

 


 
 
 
 
  • Արխիվ