Samsung-ը Apple Vision Pro-ի մրցակի՞ցն է պատրաստում

25 մարտի, 2024  20:45

Samsung-ը, հավանաբար, մշակում է հավելյալ իրականության Galaxy Glasses ակնոց, որը կարող է մրցակցել Apple-ի Vision Pro-ի հետ: Այս մասին հայտնում է GizmoChina-ը՝ վկայակոչելով Samsung-ի արտոնագրերը, որոնք հայտնաբերել են Patently Apple-ի էնտուզիաստները։

Galaxy Glasses-ի արտոնագրի մասին գծագրերում կարելի է տեսնել մագնիսական միակցիչներ, որոնք անհրաժեշտ են կրիչից լիցքավորելու համար: Ակնոցի մարտկոցները տեղակայված են անմիջապես շրջանակի թևիկներում՝ վերացնելով արտաքին էներգիայի աղբյուրի անհրաժեշտությունը, ինչպիսին Vision Pro-ի դեպքում է:

Արտոնագրում չի նշվում տեսախցիկների կամ սենսորների, բաղադրիչների մասին, որոնք սովորաբար օգտագործվում են խառը և ընդլայնված իրականության սարքերում: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է արտահոսած փաստաթղթերի յուրահատկությամբ․ դրանք կենտրոնանում են Galaxy Glasses-ի դիզայնի նկարագրության և ներկայացման վրա։

Արտահոսած կադրերում երևում է նաև ակնոցի պատյանի երկու տարբերակ։ Դրանցից մեկի կափարիչն ունի թափանցիկ բացվածքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել սարքը:

GizmoChina-ն նշում է, որ չնայած արտոնագրերի առկայությանը, դեռ վստահ չի կարելի ասել, որ Samsung-ը նման պրոդուկտ է մշակում։ Հավանական է, որ ընկերություն ժամանակին մտածել է սեփական խառը, ընդլայնված կամ հավելյալ իրականության սարք ստեղծելու մասին, սակայն հրաժարվել է գաղափարից՝ համարելով, որ այն հաջող չէ։


 
 
 
 
  • Արխիվ