Կինը բողոքել է, որ Apple Vision Pro-ն օգտագործելուց հետո աչքերի տակ կապտուկներ են հայտնվել․ ի՞նչ այլ խնդիրներ է այն առաջացնում

10 ապրիլի, 2024  22:31

MarketWatch կայքը հավաքել է Apple Vision Pro խառը իրականության սարքն օգտագործած մարդկանց հիմնական բողոքները։ Սարքի սեփականատերերից մեկը բողոքել է, որ Vision Pro-ն օգտագործելուց մեկ ժամ հետո աչքերի տակ կապտուկներ են հայտնվել։

Մյուսները նշել են, որ երկու ժամանոց սեանսից հետո նրանք սկսում են ցավ զգալ գլխի և մեջքի վերին հատվածում: Սոցիալական ցանցերում Vision Pro-ի օգտատերերը նաև դժգոհում են, որ սարքն օգտագործելու հետևանքով աչքերն այտուցվում են և չորանում։

Ընկերությունը լրագրողների հարցերին ի պատասխան չի մեկնաբանել օգտատերերի բողոքները՝ խորհուրդ տալով այցելել Apple-ի կայք և կարդալ Vision Pro-ն կրելու վերաբերյալ ցուցումները։ Apple-ն այդ ցուցումներում զգուշացնում է, որ սարքը երկար կրելը կարող է անհարմարություն առաջացնել։

Մասնավորապես, ընկերությունը խորհուրդ է տալիս սարքի օգտագործման ժամանակ յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ ընդմիջում անել, իսկ եթե օգտատերը վատ է զգում, ապա խորհուրդ է տրվում դադարեցնել սարքի օգտագոծումը որոշ ժամանակով: Իսկ նրանց, ովքեր աչքի լարվածություն, գլխացավ կամ այլ ցավ են զգում սարքը կիրառելու ժամանակ, ընկերությունն առհասարակ խորհուրդ չի տալիս շարունակել սարքի օգտագործումը։

Apple Vision Pro խառը իրականության սարքն առաջին անգամ ներկայացվել է 2023-ի հունիսին: Սարքը ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 2024-ի փետրվարի 2-ին՝ $3500-ով։ Մինչ այս տարվա վերջ ընկերությունը մտադիր է սարքը թողարկել այլ երկրներում։


 
 
 
 
  • Արխիվ