Գիտնականներն ստեղծել են կենսաքայքայվող եզակի ռոբոտ, որին շարժվելու համար մարտկոցներ պետք չեն

26 ապրիլի, 2023  22:08

Գիտնականները ստեղծել են եզակի ռոբոտ, որը պատրաստված է կենսաքայքայվող նյութերից և կարող է տեղաշարժվել առանց մարտկոցներից, կուտակիչներից և էներգիայի այլ աղբյուրներից էներգիա ստանալու։

Ռոբոտը ստեղծվել է I-Seed եվրոպական նախագծի շրջանակում, որը գործարկվել է 2021-ին Իտալիայի տեխնոլոգիական ինստիտուտում գործող Bioinspired Soft Robotics (BSR) լաբորատորիայի հետազոտողների կողմից։ Գիտնականները նաև համագործակցել են Տրենտոյի համալսարանի հետ:

Այս մշակման հիման վրա նախատեսվում է ստեղծել շրջակա միջավայրի մոնիտորինգի համար էկոլոգիապես մաքուր սենսորներ, որոնք ոչ միայն կօգնեն վերահսկել վնասակար և ջերմոցային նյութերի առկայությունը, այլև իրենք ևս չեն վնասի բնությանը:

Այս փափուկ և կենսաքայքայվող ռոբոտի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել հարավաֆրիկյան խորդենու՝ Pelargonium appendiculatum-ի սերմերի տարածման սկզբունքը: Այս բույսի սերմերի պատերը պարունակում են անշունչ հյուսվածք, որը փոխում է մանրաթելերի երկարությունը՝ կախված խոնավության փոփոխություններից։ Սա ցելյուլոզ է, որը կյանքի աջակցության՝  նյութափոխանակության կամ սնուցման կարիք չունի։ Բայց երբ խոնավությունը փոխվում է, սերմերը սկսում են զուտ մեխանիկորեն շարժվել: Սերմերը ուռչելով և չորանալով շարժվում են մինչև կհայտնվեն հողի ճաքերի մեջ, ինչը մեծացնում է բարենպաստ պայմաններում դրանց ծլարձակման հնարավորությունը։

Այս սերմերի հյուսվածքների և բջիջների կառուցվածքն ուսումնասիրելուց հետո գիտնականները դրանք վերարտադրել են 3D տպագրության միջոցով պատրաստված փափուկ ռոբոտի տեսքով։ Իհարկե, դրա համար ճիշտ նյութ գտնելը հեշտ չի եղել։


 
 
 
 
  • Արխիվ