SpaceX Starship-ն ամբողջությամբ հավաքվել է. ե՞րբ տեղի կունենա առաջին ուղեծրային թռիչքը

10 ապրիլի, 2023  14:26

SpaceX Starship-ն արդեն ամբողջությամբ հավաքվել է և պատրաստ է իր առաջին թռիչքին։ Ընկերությունը ցուցադրել է հսկա հրթիռի տպավորիչ լուսանկարները Հարավային Տեխասի Starbase բազայում․ լուսանկարում երևում է չժանգոտվող պողպատից պատրաստված կորպուսը, 120 մետրանոց Super Heavy հրթիռը և բուն տիեզերանավը՝ հրթիռի ծայրին (Starship-ը՝ Ship 24 նախատիպի տեսքով):

Ակնկալվում էր, որ Starship-ի արձակումը տեղի կունենար այսօր՝ ապրիլի 10-ին, սակայն մի քանի ժամ առաջ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը մեկնարկի ամսաթիվը տեղափոխել է ապրիլի 17-ին։ Սակայն, ինչպես նշում է Space.com-ը, պետք է հաշվի առնել, որ դեռ փաստ չէ, որ հրթիռն իսկապես կարձակվի հենց այդ օրը, քանի որ SpaceX-ը արձակման համար դեռ պաշտոնական թույլտվություն չի ստացել ։

Եթե հրթիռի արձակումն իրականում տեղի ունենա, ապա այն կլինի Երկիր մոլորակից երբևէ արձակված ամենահզոր հրթիռը:

SpaceX-ը մեծ հույսեր է կապում Starship հրթիռի հետ։ Ընկերությունը հույս ունի, որ այս հրթիռը մի քանի տարի հետո տիեզերագնացներ ու բեռներ կհասցնի Լուսին ու Մարս։ Շատերը ևս կիսում են այս հույսերը. օրինակ՝ NASA-ն որպես անձնակազմով վայրէջքի մոդուլ հենց Starship-ն է ընտրել Լուսնի ուսումնասիրման իր Artemis առաքելության համար, որի շրջանակում նախատեսված է անձնակազմի վայրէջքը Լուսնի վրա 2025 թ․։

Ակնկալվում է, որ այս հրթիռային հարթակը կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչև 150 տոննա օգտակար բեռ: SpaceX-ի համար, սա, առաջին հերթին, արագ և մատչելի գնով Երկրի ուղեծրում կապի արբանյակների իր ցանցը (Starlink) մեծացնելու հնարավորություն է։ Ընկերությունը նախատեսում է նաև զբոսաշրջային թռիչքներ կազմակերպել Լուսնի շուրջը, ինչի համար որոշ միլիոնատերեր արդեն տոմսեր են ամրագրել։ 


 
 
 
 
  • Արխիվ