NASA-ն շուտով Երկրի ցածր ուղեծրում հսկայական փչովի ջերմային վահան կփորձարկի

11 հոկտեմբերի, 2022  10:48

Վերջերս NASA-ն իրականություն դարձրեց գիտաֆանտաստիկ մի տեխնոլոգիա, երբ DART առաքելության շրջանակում տիեզերանավը բախվեց աստղակերպին, որպեսզի փոխի դրա ուղեծիրը։ Նպատակն էր պարզել, թե արդյոք ապագայում մարդիկ կկարողանան Երկիր մոլորակը փրկել աստղակերպերի հնարավոր և վտանգավոր հարվածներից։

Այժմ տիեզերական գործակալությունը նպատակ ունի փորձարկել մեծ փչովի վահան, որը մի օր կարող է օգտագործվել Մարսի և Արեգակնային համակարգի այլ մոլորակների վրա մեծ բեռներ ապահով կերպով իջեցնելու համար, ասել են ՆԱՍԱ-ում։ 

87.JPG (96 KB)

LOFTID առաքելությունը կմեկնարկի հաջորդ ամիս

ՆԱՍԱ-ի նոր՝ LOFTID առաքելությունը (Low-Earth Orbit Flight Test of an Inflatable Decelerator), որը զարմանալիորեն նման է թռչող ափսեի, տիեզերք դուրս կգա հաջորդ ամսվա սկզբին:

Երբ տիեզերանավը մտնում է մոլորակի մթնոլորտ, օդի դիմադրության ուժը կինետիկ էներգիան փոխակերպում է ջերմության, որն օգնում է դանդաղեցնել դրա ընթացքը դեպի մոլորակի մակերես իջնելիս:

Մարսի մթնոլորտը շատ ավելի պակաս խտություն ունի, քան Երկրինը, ինչը չափազանց դժվար է դարձնում վայրէջքի ժամանակ տիեզերանավի ընթացքի դանդաղեցումը։ Սա քանիցս երևացել է մարսագնացների վայրէջքների ժամանակ: Մթնոլորտը չափազանց բարակ է տիեզերանավերի արագությունը դանդաղեցնելու համար, ինչպես դա տեղի է ունենում Երկրի վրա, ինչը նշանակում է, որ Մարսի մթնոլորտ մուտք գործելը շատ ավելի ռիսկային է և պահանջում է նույնիսկ ավելի մեծ պաշտպանություն, քան Երկրի վրա: Այդ իսկ պատճառով ՆԱՍԱ-ն նոյեմբերի 1-ին ULA Atlas V հրթիռով կփորձարկի իր LOFTID առաքելությունը։

Անձնակազմի, ռոբոտների վայրէջք, ծանր բեռների իջեցում

LOFTID-ի օդային վահանը, ըստ էության, մեծ շրջանաձև փչովի կառուցվածք է, որը պաշտպանված է ճկուն ջերմային վահանով: Վեց մետր տրամագծով (20 ոտնաչափ) օդային վահանը մթնոլորտի միջով անցնելիս կգործի որպես զանգվածային արգելակային համակարգ՝ ստեղծելով ավելի շատ մթնոլորտային դիմադրություն, քան ավանդական, շատ ավելի փոքր օդային վահանների դեպքում է:

Կառուցվածքը նախագծված է այնպես, որ այն տիեզերանավերին թույլ տա դանդաղեցնել արագությունը մթնոլորտի վերին բարձրության վրա, ինչը նշանակում է, որ նրանք ավելի քիչ ինտենսիվ ջերմություն կզգան: ՆԱՍԱ-ում ասում են, որ այս տեխնոլոգիան կարող է կիրառվել ՆԱՍԱ-ի առաջարկած մի շարք առաքելությունների ժամանակ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են Մարսը, Վեներան, Տիտանը։ Այն կարող է օգտագործվել նաև Երկիր վերադառնալիս:

Նոյեմբերի 1-ին կայանալիք ցուցադրական թեստի ժամանակ LOFTID-ը կփքվի Երկրի ցածր ուղեծրից իջնելիս: Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ՆԱՍԱ-ում ասում են, որ տեխնոլոգիան ապագայում կարող է օգտագործվել անձնակազմների վայրէջքի ժամանակ և դեպի Մարս ռոբոտային առաքելություններ ուղարկելու և ավելի ծանր բեռներ Երկիր վերադարձնելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ