ChatGPT-ի խոսող մրցակից. Google-ի հետ հնարավոր կլինի «շփվել» կենդանի զրուցակցի պես

7 ապրիլի, 2023  14:25

Google-ը նախատեսում է իր որոնողական համակարգում ներդնել արհեստական բանականության (ԱԲ) գործառույթ, որն ի տարբերություն այլ ընկերությունների նմանատիպ գործիքների, կխոսի։ Այս մասին հայտարարել է կորպորացիայի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։ Ակնկալվում է, որ սա կօգնի ընկերությանը մրցակցել ChatGPT չատբոտի հետ, ինչպես նաև լուծել բիզնեսում առկա մի շարք այլ խնդիրներ։

Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, այս ֆունկցիայի գործարկումից հետո օգտատերերը կկարողանան բառացիորեն շփվել որոնողական համակարգի հետ՝ նրան հարցեր տալով և պատասխաններ ստանալով ԱԲ-ից։ Փորձարկվում է նաև համակարգ, որը թույլ կտա նախնական հարցման առաջին պատասխանները ստանալուց հետո համակարգչին պարզաբանող հարցեր տալ։

Այս նորարարությունների ներդրման ժամկետները Google-ի ղեկավարը դեռ չի նշել։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ ձայնով կխոսի որոնողական ԱԲ-ն և ինչ բարբառներ կկարողանա հասկանալ։

Պիչայը պարբերականին տված հարցազրույցում նաև նշել է, որ Google-ը կշարունակի կատարելագործել այս տարվա փետրվարին ներկայացված Bard չատբոտը։ Ընկերությունն աշխատում է նաև նոր նմանատիպ տեխնոլոգիայի վրա, որպեսզի մրցի Microsoft-ի հետ։

Նշենք, որ վերջերս Google-ը փորձարկում է ԱԲ-ի նոր հնարավորություններ Gmail-ում և այլ պրոդուկտներում: Microsoft-ը, սակայն, նույնպես հետ չի մնում։ Վերջերս Edge բրաուզերի վեբ տարբերակում գործարկվել է Bing Image Creator-ը, որը տեքստային նկարագրության հիման վրա պատկերներ ստեղծելու գործիք է։


 
 
 
 
  • Արխիվ