Bing Image Creator. Microsoft Edge-ում հայտնվել է ԱԲ նոր գործիք, որով հնարավոր է տեքստի հիման վրա պատկերներ ստեղծել

7 ապրիլի, 2023  12:20

Microsoft ընկերությունը վերջերս արհեստական բանականության (ԱԲ) գործառույթներն ակտիվորեն ներդնում է իր հավելվածներում և ծառայություններում, և հատկապես Microsoft Edge բրաուզերում, ինչը, անկասկած, այն դարձնում է ավելի գրավիչ և մրցունակ: Այժմ բրաուզերի վեբ տարբերակում հայտնվել է պատկերներ ստեղծելու գործիք՝ Bing Image Creator:

Ինչպես նշվում է Microsoft-ի բլոգային գրառման մեջ, նոր գործիքը «կօգնի ստեղծել պատկերներ, որոնք դեռ գոյություն չունեն»։ Դրա միջոցով կարելի է արագ ստեղծել պատկեր սոցիալական ցանցում գրառման կամ նույնիսկ PowerPoint-ում ներառելու համար:

Անցյալ ամիս թողարկված Bing Image Creator-ը DALL-E 2 նեյրոնային ցանցի փոփոխված տարբերակն է, որն ընդունակ է տեքստային նկարագրություններից պատկերներ ստեղծել: Ծառայությունը հասանելի է բոլորին այստեղ և Bing խելացի որոնողական համակարգում: Այժմ, սակայն, հնարավոր է գործիքն ավելացնել բրաուզերի կողային վահանակում:

Այս պանելն ընդհանուր առմամբ աշխատում է նույնկերպ, ինչ Bing Image Creator-ի վեբ տարբերակը, բայց ունի ավելի կոմպակտ ինտերֆեյս, ինչի շնորհիվ այն կարող է տեղավորվել կողային վահանակում: Ֆունկցիան ակտիվացնելու համար պարզապես պետք է սեղմել (+) կոճակը վահանակի վրա և ակտիվացնել Image Creator-ը:

Եթե ձեր բրաուզերում դեռ չկա այս գործառույթն ակտիվացնելու կոճակը, ապա այն կհայտնվի ավելի ուշ, քանի որ գործառույթի թողարկումն աշխարհում տեղի է ունենում աստիճանաբար:


 
 
 
 
  • Արխիվ