Արեգակի վրա X դասի նոր բռնկում է տեղի ունեցել. ի՞նչ խնդիրներ է այն առաջացրել Երկրի վրա

30 մարտի, 2023  10:20

Մարտի 28-ի վաղ առավոտյան Արեգակի վրա տեղի է ունեցել X դասի նոր հզոր բռնկում: NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը հայտնում է, որ բռնկման ինտենսիվությունը գնահատել են Х1.2 ինդեքսով։ Այդ իրադարձության ժամանակ Երկրի լուսավորված կողմում կտրուկ վատացել, իսկ տեղ-տեղ ընդհանրապես անհետացել է բարձր հաճախականության ռադիոկապը։ 

Սովորաբար, X դասի բռնկումները, որոնց գագաթնակետային ինտենսիվությունը գերազանցում է 10-4 Վտ/մ 2, բավականին հազվադեպ են տեղի ունենում Արեգակի վրա, բայց այս տարի դրանք արդեն մի քանիսն են եղել։ Նախորդը տեղի է ունեցել փետրվարի 17-ին եւ դասակարգվել է որպես X2.28՝ 2.28x10-4 Վտ/մ 2 գագաթնակետային ինտենսիվությամբ։ Ինչպես վերջին բռնկումը, այս մեկը նույնպես հանգեցրել է ռադիոկապի անջատմանը:

via GIPHY

X1.1 դասի մեկ այլ բավականին հզոր բռնկում է տեղի ունեցել փետրվարի 11-ին: Հունվարի 9-ի երեկոյան Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա ամենահզոր բռնկումը, որին շնորհվել է X1.9 դասը: Սա վերջին 5 տարվա ընթացքում երկրորդ ամենաուժեղ բռնկումն էր. առաջինը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին: Իսկ այս տարի X դասի առաջին բռնկումը տեղի է ունեցել հունվարի 6-ին Երեւանի ժամանակով 04:57-ին, եւ նրան շնորհվել է X1.2 դասը: 

Տարբերակվում են բռնկումների հետեւյալ դասերը՝

Բռնկման դասը

Գագաթնակետային ինտենսիվությունը (Վտ/մ2)

A

մինչեւ 10−7

B

1,0×10−7-ից մինչեւ 10−6

C

1,0×10−6-ից մինչեւ 10−5

M

1,0×10−5-ից մինչեւ 10−4

X

ավելի քան 10−4

Վերջին տասնամյակի ընթացքում Արեգակը համեմատաբար «հանգիստ» է եղել, իսկ այժմ այն «շարժվում է» դեպի իր ակտիվության գագաթնակետը հերթական 11-ամյա ցիկլում։ Ընթացիկ ցիկլը 25-րդն է այն պահից ի վեր, երբ գիտնականները սկսել են մանրամասն դիտարկումները։  Այն սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին եւ գագաթնակետին կհասնի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին։ Այս գագաթնակետը կարող է նախորդից ավելի բարձր լինել եւ հանգեցնել էլեկտրաէներգիայի եւ հաղորդակցության խափանումների եւ նույնիսկ վնասել արբանյակներին եւ տիեզերանավերի անձնակազմին:

NASA-ի մասնագետներն ուշադիր ուսումնասիրում են Արեգակի աճող ակտիվությունը, առաջին հերթին, Artemis-ի առաջիկա առաքելությունների համար, որոնց շրջանակում 2025 թվականին անձնակազմով տիեզերանավը կուղեւորվի Լուսին: Արեգակնային բռնկումները եւ արտանետումները կարող են ազդել սարքերի աշխատանքի եւ տիեզերագնացների առողջության վրա, եւ դա է պատճառը, որ մասնագետներն այժմ այդքան ուշադիր հետեւում են արեգակնային ակտիվությանը։


 
 
 
 
  • Արխիվ