Շառլ Ազնավուրի անվան «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը», որը այսօր բացվել է ինժեներական քաղաքում, ստեղծում է նորագույն ենթակառուցվածք, որում հնարավոր կլինի իրականացնել արդյունաբերության, կրթության և գիտության կողմից պահանջվող հետազոտություններ եւ հաշվարկներ: Այս մասին կենտրոնի բացման ժամանակ պատմեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ աֆտոմատացման ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասատրյանը:
Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում գերհամակարգիչը եւ ինչպե՞ս այն կարող է օգտագործվել:
Հրաչյա Ասատրյանի խոսքով, կենտրոնում աշխատող գերհամակարգիչը 1 պետաֆլոպ հզորություն ունի եւ վայրկյանում տեսականորեն կարող է իրականացնել 10-ի 15 աստիճան գործողություն: Այն բաղկացած է մոտ 24 500 միջուկներից, որոնք միացված են արագագործ կապուղիներով:
Այս գերհամակարգիչը կարող է ապահովել լայնամասշտաբ հաշվողական եւ տեղեկատվական ռեսուրսներ ու կարող է օգտագործվել ամպային, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության եւ մի շարք այլ ծառայություններ մատուցելու, ԱԲ-ի, քվանտային ֆիզիկայի, աստրոֆիզիկայի, կենսաինֆորմատիկա եւ բազմաթիվ այլ ոլորտներում հետազոտություններ իրականացնելու համար:
Գիտնականներն ու հետազոտողները, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածից, նաեւ կարող են հասանելիություն ունենալ մինչեւ 1500 տերաբայթ հիշողության սարքերի:
Ինչպես նշեց Ասատրյանը, Արեւելյան գործընկերության երկրների շրջանում Հայաստանն առաջինն է, որտեղ նման համակարգիչ է տեղադրվել. Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում նմանը չկա:
Հայաստանը ձգտում է դառնալ մի երկիր, որը նորարարական լուծումներ կառաջարկի ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ ամբողջ Երկիր մոլորակին։ Այս մասին կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա համոզված է, որ ինժեներական քաղաքը եւ իր նոր գերհամակարգչային կենտրոնը երկիրն առաջ են մղելու այս երազանքի ճանապարհին:
Հայրապետյանի խոսքով, կենտրոնի բացումը մեծ ձեռքբերում է Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական կյանքում եւ մեծ քայլ է բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումների, արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների զանգացման համատեքստում:
Ավելին, նախարարը համոզված է, որ «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը» ոչ միայն նոր ենթակառուցվածքներ է ստեղծում, այլեւ նոր գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ է բերում: Այն հնարավորություն կտա բարձր որակավորում ունեցող մասնագետներ ստանալ, որոնք էլ իրենց հերթին կկրթեն նոր մասնագետների՝ գիտահետազոտական կամ գերազանցության կենտրոններում:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խոսքով, Հայաստանի առաջնահերթություններից մեկն այսօր լավագույն հնարավորությունները ստեղծելն է այն ինժիներների համար, ովքեր ցանկանում են ստեղծագործ աշխատանքով զբաղվել:
«Գիտնականը, ով չունի աշխատասենյակ, ով չունի սարքավորումներ, համապատասխան ծրագրային ապահովում, գործնականում անհնար է, որ ունենա ստեղծագործ աշխատանք, ունենա համաշխարհային մակարդակի տպագրվող հոդվածներ: Նույնը վերաբերվում է ինժեներներին, ովքեր առանց սարքավորումների, առանց համապատասխան ենթակառուցվածքների չեն կարող ստեղծագործ աշխատանք անել: Սա հիմնական գործոնն ու պատճառն է եղել, որ Սովետական միության փլուզումից հետո Հայաստանից գնացել են ստեղծագործ աշխատանքով զբաղվող մարդիկ», — նշեց նա, ավելացնելով, որ շատ կարեւոր է, որ ենթակառուցվածքներից բացի լինեն նաեւ դրանց հետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հակառակ դեպքում, նույնիսկ ամենանորարար ենթակառուցվածքները ոչինչ չեն փոխի:
ամիս
շաբաթ
օր