ԱՄՆ ֆոնդային շուկաներն անցած շաբաթ փակվել են փոքր անկումով: S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով, Nasdaq-ը՝ 0.66%-ով, իսկ Dow Jones-ը կորցրել է 0.29%։ Կորուստների հիմնական պատճառը ԱՄՆ դրամավարկային քաղաքականության շուրջ անորոշությունն էր։ Այնուամենայնիվ, կորուստները փոքր էին, քանի որ շուկային աջակցել էին խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և բանկերի դրական ֆինանսական արդյունքները:
Նախորդ շաբաթվա վերջում ոսկու գները նվազել են ավելի քան 1%-ով այն բանից հետո, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, մասնավորապես, Իրանի շուրջ, փոքր ինչ մեղմացել է: Դա նվազեցրել է ոսկու, որպես ցածր ռիսկային ակտիվի պահանջարկը։ Սփոթ շուկայում ոսկու գինը նվազել է մինչև մեկ ունցիայի դիմաց 4,592 դոլարի:
Եվրոպական բաժնետոմսերն անցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը հիմնականում փակվել են առանց էական փոփոխությունների։ Շքեղ բրենդային և հանքարդյունաբերական ընկերությունների կորուստները հավասարակշռվել են պաշտպանական և առողջապահական ոլորտների ընկերությունների աճի շնորհիվ։ Դեղագործական Novo Nordisk ընկերությունը, օրինակ, աճել է 6.5%-ով՝ իր Wegovy դեղամիջոցի վաճառքի ծավալների աճի շնորհիվ։
Հունվարի 14-ին ավարտված շաբաթվա ընթացքում համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը գրանցել են վերջին ավելի քան երեք ամիսների ամենամեծ շաբաթական ներհոսքը՝ ներգրավելով 45.6 մլրդ դոլար ներդրողների կողմից: Պարտատոմսային ֆոնդերը ներգրավել են 19 մլրդ դոլար, մինչդեռ դրամական շուկայի ֆոնդերից դուրս է բերվել 67 մլրդ դոլար։
Անցած շաբաթվա վերջին աշխատանքային օրը Ուոլ Սթրիթը վերականգնվեց տեխնոլոգիական ընկերությունների և բանկերի դրական ֆինանսական արդյունքների շնորհիվ, երբ TSMC, BlackRock, Goldman Sachs և Morgan Stanley ընկերությունների հրապարակած շահույթի մասին զեկույցները գերազանցեցին ակնկալիքները։ ԱՄՆ աշխատաշուկայի տվյալները ուժեղացրին դոլարը, իսկ նավթի գներն անկում գրանցեցին այն բանից հետո, երբ Թրամփի հայտարարությունները մեղմացրին Իրանում լարված իրադրության վերաբերյալ մտահոգությունները:
Goldman Sachs-ը չորրորդ եռամսյակում գերազանցել է շահույթի կանխատեսված ցուցանիշները՝ ուժեղ բանկային եւ առեւտրային գործարքների շնորհիվ: Ներդրումային բանկինգի գծով եկամուտներն աճել են 25%-ով՝ հասնելով 2.58 մլրդ դոլարի, իսկ բաժնետոմսերի առևտրից ստացված եկամուտները կազմել են ռեկորդային՝ 4.31 մլրդ դոլար: Զեկույցի հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերն ավելի քան 3%-ով աճել են առավոտյան առևտրային նստաշրջանի ընթացքում։
Morgan Stanley-ն նույնպես չորրորդ եռամսյակում գերազանցել է շահույթի սպասումները, ինչին նպաստել է ներդրումային բանկինգի գծով եկամուտների 47% աճը։ Բանկի ընդհանուր տարեկան եկամուտը հասել է ռեկորդային 70.65 մլրդ դոլարի։ Հաշվետվության հրապարակումից հետո բանկի բաժնետոմսերը առավոտյան առևտրում աճել են ավելի քան 4%-ով։
Չիպերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն՝ ASML ընկերության շուկայական արժեքն անցել է 500 մլրդ դոլարից, երբ ընկերության հիմնական հաճախորդ TSMC-ն, հայտարարել է, որ 2026 թվականին 52–56 մլրդ դոլար կծախսի՝ ԱԲ չիպերի աճող պահանջարկը բավարարելու համար։ ASML-ի բաժնետոմսերն այս հայտարարությունից հետո աճել են 5.4%-ով:
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է կրիպտոակտիվների, բլոկչեյն ենթակառուցվածքների և թվային ակտիվների կառավարման ոլորտում գործող Galaxy Digital Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 37.57%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $34.31)։ Հաջորդը տպագիր էլեկտրոնային տախտակների (PCB) արտադրությամբ զբաղվող TTM Technologies, Inc.–ն է՝ 36.72% աճով ($101.01)։ Եռյակը եզրափակում է թվային ֆինանսական լուծումների և վարկավորման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Figure Technology Solutions, Inc.–ը՝ 27.26% աճով ($73.91)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ավանդական չինական բժշկության վրա հիմնված բուժման մեթոդների մշակմամբ զբաղվող Regencell Bioscience Holdings Limited–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 40.10%–ով ($27.43)։ Հաջորդը դիզայնի և համագործակցային ծրագրային հարթակների մշակմամբ զբաղվող Figma, Inc.–ն է՝ 20.79% անկումով ($29.57)։ Եռյակը եզրափակում է կորպորատիվ ծրագրային ապահովման և թիմային աշխատանքի գործիքների մշակմամբ զբաղվող Atlassian Corporation–ը՝ 19.03% անկումով ($118.55)։
Նոյեմբերին ԱՄՆ-ում արտադրական գների PPI ինդեքսը բարձրացել է 0.2%-ով, մինչդեռ հոկտեմբերին այն կազմել էր 0.1%։ Տարեկան կտրվածքով PPI ինդեքսն ԱՄՆ-ում աճել է 3.0%-ով, ինչը հիմնականում պայմանավորված էր էներգետիկայի ոլորտում գների 4.6% բարձրացմամբ: Սա, ըստ վերլուծաբանների, ցույց է տալիս, որ բիզնեսները որոշակի չափով կլանել են ներմուծման տուրքերը առանց լիովին փոխանցելու դրանք սպառողներին։
Համաշխարհային բանկը վերանայել է իր գլոբալ աճի կանխատեսումը 2025-26թթ. համար: Այժմ այն կանխատեսում է 2.6% աճ 2026 թվականին՝ նախկինում կանխատեսվող 2.4%-ի փոխարեն և 2.7% աճ 2027 թվականին՝ նախկին 2.6%-ի փոխարեն։ Այս աճը հիմնականում պայմանավորված է զարգացած տնտեսությունների՝ հատկապես ԱՄՆ-ի ավելի ուժեղ տնտեսական դիմակայունությամբ: ԱՄՆ-ի տնտեսական աճը կանխատեսվում է 2.2%՝ 2026 թվականին՝ նախկին 2.1%-ի փոխարեն։ Այդուհանդերձ, ՀԲ մասնագետները զգուշացնում են, որ, 2020-ականները կմնան ամենաթույլ տնտեսական աճի տասնամյակը 1960-ականներից ի վեր՝ նշելով, որ գլոբալ տնտեսությունը դեռևս չի անում բավականաչափ աշխատանք աղքատությունը նվազեցնելու կամ կյանքի որակը բարելավելու համար։
2026 թվականի հունվարի 13-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 50 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2035թ. հոկտեմբերի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 161 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 106 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.09 տոկոս:
2026 թվականի հունվարի 19-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. հունվարի 18–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 25 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.2 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.2 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





