ԱՄՆ աշխատաշուկան սառեցման նշաններ է ցույց տալիս, թեև այն դեռևս համեմատաբար ուժեղ է։ Հոկտեմբերին մեկ գործազուրկին բաժին է ընկնել 1.11 թափուր աշխատատեղ, ինչը թեեւ մի փոքր ավելի է սեպտեմբերյան ցուցանիշից, սակայն զգալիորեն ցածր է 2022 թվականի առավելագույն ցուցանիշից, երբ մեկ գործազուրկին բաժին էր ընկնում 2–ից ավելի աշխատատեղ։ Հոկտեմբերին ԱՄՆ–ում թափուր աշխատատեղերի թիվը 7.744 միլիոն է եղել։ Ավելի մեծ թվով մարդիկ են լքել իրենց աշխատավայրերը, ինչն աշխատաշուկայի նկատմամբ վստահության նշան է։ Աշխատանքից ինքնակամ ազատվածների թիվն աճել է 228,000-ով, ինչը մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Տնտեսագետները կանխատեսում են, որ նոյեմբերին աշխատեղերի աճը կվերականգնվի, եւ նոր աշխատատեղերի թիվը կավելանա 200,000–ով։
Դեկտեմբերի 3–ին Dow Jones-ի ինդեքսը նվազել է 0.17%-ով, մինչդեռ S&P 500–ի և Nasdaq–ի ինդեքսները փակվել են ռեկորդային բարձր ցուցանիշներով՝ աճելով համապատասխանաբար 0.05% և 0.40%-ով։ Այս աճը հիմնականում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճի շնորհիվ է։ Ներդրողները նաեւ դրական են արձագանքել Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաների այն հայտարարություններին, որ աշխատաշուկան կայուն է, եւ որ գնաճի տեմպը կնվազի մինչեւ 2% նպատակային ցուցանիշ։ ԱՄՆ նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո S&P 500-ը աճել է 5.7%-ով։ Ինդեքսն այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 27% աճել է գրանցել։
Wells Fargo-ի վերլուծաբան Քրիստոֆեր Հարվին և նրա թիմը հրապարակել են կանխատեսում, ըստ որի մինչեւ 2025-ի տարեվերջ S&P 500 ինդեքսը կարող է հասնել 7,007 գործակցի, ինչն ավելի քան 26% աճ է ենթադրում ներկայիս մակարդակի համեմատ։ Սա ամենաբարձր աճի կանխատեսումն է, որ մինչեւ հիմա արել են Wall Street-ի վերլուծաբանները։ Հարվին կարծում է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ համակցված Դաշնային պահուստային համակարգի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքների կրճատման ցիկլի հետ, կստեղծեն բարենպաստ միջավայր բաժնետոմսերի համար։ Նա նաև կանխատեսում է կորպորատիվ շահույթի մարժաների աճ, ԱՄՆ տնտեսության՝ սպասվածից ավելի արագ ընդլայնում և միաձուլումների ու կլանումների հնարավոր աճ 2025 թվականի վերջին։
Նոյեմբերին ԱՄՆ արտադրությունը փոքր-ինչ կրճատվել է, բայց արդեն բարելավման նշաններ կան: Արդյունաբերական հատվածի PMI ինդեքսը հասել է 48,4–ի, ինչը վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։ Պատվերները ութ ամսվա ընթացքում առաջին անգամ աճել են, իսկ արտադրական նյութերի գները նվազել են: Աճել են միայն մի քանի արդյունաբերական ոլորտներ, ինչպիսիք են էլեկտրոնիկան և կենցաղային տեխնիկան, իսկ մյուսները, ինչպիսիք են տրանսպորտային սարքավորումները և քիմիական նյութերի արտադրությունը, կրճատվել են: Որոշ ոլորտներում մտահոգությունները պահպանվում են։ Օրինակ, տրանսպորտային սարքավորումների ոլորտում մտահոգություն կա, որ մինչեւ 2025 թվականը բիզնեսը կդանդաղի՝ Չինաստանից ներմուծումների բարձր մաքսատուրքերի եւ շարունակվող գնաճի պատճառով։
ԱՄՆ-ում սպառողական ծախսերը հոկտեմբերին աճել են 0,4%-ով, ինչը փոքր-ինչ գերազանցում է սպասելիքները: Սա ենթադրում է, որ տնտեսությունը չորրորդ եռամսյակի սկզբին պահպանել է իր կայուն աճի տեմպերը, սակայն գնաճը նվազեցնելու ուղղությամբ առաջընթացը, կարծես թե կանգ է առել վերջին ամիսներին:
Մի կողմից պահպանվող գնաճը, մյուս կողմից Թրամփի վարչակազմի ծրագրերը՝ ավելացնել ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, կարող են սահմանափակել հաջորդ տարի ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու հավանականությունը։ Սպասվում է, որ Դաշնային պահուստային համակարգը դեկտեմբերին կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թեև որոշ պաշտոնյաներ տարակարծիք են հետագա նվազեցումների տեմպի հարցում։
ԱՄՆ տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8%–ով, ինչը պայմանավորված է սպառողական ծախսերի բարձր ցուցանիշով։ Տարվա կտրվածքով սպառողական ծախսերը աճել են 3.5%-ով, ինչը փոքր-ինչ ցածր է նախնական 3.7%-անոց գնահատականից։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տնտեսությունը աճել է ավելի արագ, քան Դաշնային պահուստային համակարգի ոչ գնաճային աճի նպատակային ցուցանիշը, որը կազմում է մոտ 1.8%։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի պաշտոնյաները հայտարարել են, որ դեռ հավատում են, որ գնաճը շարժվում է իրենց 2% թիրախային ցուցանիշի ուղղությամբ և ակնարկել են, որ տոկոսադրույքների հետագա նվազեցումները հնարավոր են, թեեւ չեն հաստատել, որ որևէ կոնկրետ քայլ կձեռնարկեն հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա երկու շաբաթից։ Դաշնային պահուստային համակարգը չափազանց զգուշավոր է կանխատեսումների հարցում, քանի որ Թրամփի խոստումները ներմուծման մաքսատուրքերի բարձրացման, հարկերի կրճատման և ներգաղթի քաղաքականությունը խստացնելու վերաբերյալ կարող են փոխել տնտեսական պատկերը առաջիկա ամիսներին: Պաշտոնյաները նաեւ սպասում են աշխատաշուկայի և գնաճի դինամիկայի վերաբերյալ առաջիկա զեկույցներին։ Շուկաները 70% հավանականությամբ կանխատեսում են, որ դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցվի՝ հասնելով 4.25%-4.50%–ի միջակայքի։
Դեկտեմբերի 2-ին Intel-ը հայտարարել է, որ Պատ Գելսինգերին հեռացրել են գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից: Մոտ մեկ ամիս առաջ S&P Global-ը հայտարարել էր, որ Nvidia-ն (NVDA) կփոխարինի Intel-ին (INTC) Dow Jones-ի արդյունաբերական ինդեքսում, ինչը ընդգծում է Nvidia-ի գերակայությունը կիսահաղորդիչների ոլորտում: Սա նշանակալի հետընթաց է Intel-ի համար, որը Dow Jones-ում եղել է 25 տարի: 1968 թվականին հիմնադրված Intel-ը տասնամյակներ շարունակ առաջատար էր կիսահաղորդիչ տեխնոլոգիաների ոլորտում, սակայն տարիների ընթացքում ընկերությունը կորցրեց իր դիրքերը։ Ըստ վերլուծաբանների, այն մի քան սխալ քայլ արեց, ինչպիսիք են՝ Apple-ի iPhone-ի համար չիպի մշակման հնարավորությունը բաց թողնելը և OpenAI-ում ներդրում կատարելու հնարավորությունից հրաժարվելը: 2021 թվականին Պատ Գելսինգերը նշանակվեց Intel-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ հույսով, որ նա կվերականգնի ընկերության դիրքերը, սակայն դա նրա մոտ չստացվեց։ Intel-ի բաժնետոմսերի գինն այս տարի նվազեց գրեթե 55%-ով։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





