Մարտի 10-12 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը և նույնանուն համաժողովը, որին կմասնակցի 120 ընկերություն, ակնկալվում է 60,000-ից ավելի այցելու, տեղեկացնում է ԱՏՁՄ հանրային կապերը։
«Լինելով խոշորագույն ոլորտային միությունը՝ ԱՏՁՄ-ն հավակնում է կազմակերպել նաև խոշորագույն ծրագրերը։ «ԴիջիԹեք»-ն ավանդաբար կներկայացնի տարածաշրջանի տեխնոլոգիական միտումներն ու կամփոփի լավագույն ձեռքբերումները։ Համաժողովին սպասում ենք միջազգային տեխնոլոգիական առաջատար մասնագետների։ Մարտը թեժ է լինելու»,- ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ ցուցահանդեսն առանձնանալու է իր ծավալով՝ ընդգրկելով ամբողջ մարզահամերգային համալիրը, լինելու են հստակ գոտիներ՝ հովանավորների հատված, ցուցահանդեսի բուն տարածք, ստարտափեր, կրթական կազմակերպություններ եւ նախագծեր, կանաչ տեխնոլոգիաների գոտի։
«Առկա են լինելու նաև ժամանցի գոտիներ այցելուների և մասնակիցների համար, նեթվորքինգի ու աշխատանքի համար նախատեսված հատվածներ։ Սպասում ենք ծանրակշիռ միջազգային մասնակցություն։ «ԴիջիԹեքին» կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը։ Արվել է ամեն ինչ, որ այդ օրերին Մարզահամերգային համալիրը դառնա հայկական տեխնոհամայնքի հավաքատեղի»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրենը։
«ԴիջիԹեք» համաժողովը բաղկացած կլինի մի շարք պանելային քննարկումներից և կառանձնանա առաջատար ձեռնարկատերերի, ղեկավարների և հետազոտողների, ինչպես նաև ակադեմիական շրջանակների մասնակցությամբ ու որակյալ փորձի փոխանակմամբ։ Խոսնակների թվում են Ռազմիկ Հովակիմյանը (Graph Ventures), Սուվի Լինդենը (Ֆինլանդիայի Տրանսպորտի և կապի նախկին նախարար), Նիր Չինսկին (Գուգլ քլաուդի տարածաշրջանային տնօրեն), Պիեր Հեննեսը (Granatus Ventures), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Անու Նուրման (Էստոնական հետազոտական խորհուրդ), Թոնի Սաֆոյանը (SADA Systems), Անդրեյ Զդրավկովիչը (AMD) և մի շարք այլ ոլորտային առաջատարներ։
«ԴիջիԹեք 2022» համաժողովի քննարկումների խորագիրն է «Ամբիցիոզ թեք. բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։
«Սկսած WCIT2019-ից, ԱՏՁՄ-ն հստակ նպատակ է ստանձնել՝ վերածելու «ԴիջիԹեք» համաժողովը Հայաստանում տեղի ունեցող միջազգային թեք կոնֆերանսի։ Ուրախ ենք արձանագրել, որ «ԴիջիԹեք 2022»-ը շարունակում է հավատարիմ մնալ այդ խոստմանը ինչպես իր գլոբալ կարևորություն ներկայացնող բովանդակությամբ, այնպես էլ տասից ավելի երկրներ ու մի քանի աշխարհամասեր ներկայացնող խոսնակներով»,- ասել է համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։
«ԴիջիԹեք» ցուցահանդեսն այցելուների համար ավանդաբար անվճար է։ Այս տարի գործարկվելու է ոչ պարտադիր առցանց գրանցում։ Գրանցվողներին սպասում են անակնկալներ։
Համաժողովի տոմսերը կարող եք ձեռք բերել «ԴիջիԹեք 2022»-ի պաշտոնական կայքում։ Ուսանողների համար մուտքն անվճար է՝ մինչև փետրվարի 26-ը գրանցվելու դեպքում։ Օրակարգի և խոսնակների ցուցակի թարմացումներին կարող եք մշտապես ծանոթանալ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։
Միջոցառման կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։






