Աստղագետներն առաջին անգամ դիտարկել են այն պահը, երբ մահացող աստղի մնացորդները վերջնականապես լուծվում են միջաստղային միջավայրում: Դա տեղի է ունեցել «Խխունջ» (Helix) միգամածությունում՝ ամենահայտնի մոլորակաձև կազմավորումներից մեկում, որը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեր Արեգակին մոտավորապես հինգ միլիարդ տարի անց, պատմում է Space.com-ը:

Ինչ է տեղի ունենում աստղի հետ կյանքի վերջում

«Խխունջ» միգամածությունը գտնվում է մեզանից 650 լուսային տարի հեռավորության վրա՝ Ջրհոս համաստեղությունում: Մի ժամանակ նրա կենտրոնում Արեգակին նման սովորական աստղ էր: Երբ միջուկում ջրածնի պաշարը ջերմամիջուկային ռեակցիաների համար սպառվեց, միջուկը սկսեց սեղմվել, իսկ արտաքին շերտերը տաքացան և ուռչեցին: Աստղը վերածվեց կարմիր հսկայի, իսկ հետո թոթափեց թաղանթը: Այդպես առաջացավ մոլորակաձև միգամածությունը: Կենտրոնում մնաց սպիտակ թզուկը՝ սառչող միջուկը:

Ընդլայնվող գազը աստիճանաբար պետք է խառնվի միջաստղային միջավայրին և հարստացնի այն տարրերով, որոնք աստղը սինթեզել է իր կյանքի ընթացքում: Հենց նման ամպերից են հետո ծնվում նոր աստղերը: Մինչ այժմ այս «անցումը» գրեթե չէր հաջողվում տեսնել ուղղակիորեն:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աստղի կյանքի վերջում թոթափված նյութը քայքայվում և վերադառնում գալակտիկա: Փոխանցման այս պահը՝ ճանաչելի աստղային բեկորներից մինչև աստղերիմիջև նոսրացած գազը, շատ դժվար էր դիտարկել», — նշել է հետազոտության ղեկավար Փիթեր վան Դոկումը Յելի համալսարանից:

Պատահական հայտնագործություն

Թիմը հատուկ չէր փնտրում այս էֆեկտը: Գիտնականները տրամաչափում (կալիբրացնում) էին MOTHRA նոր գործիքը Չիլիի Էլ Սաուսե աստղադիտարանում և ստուգման համար ընտրեցին քաջ հայտնի «Խխունջ» միգամածությունը: Սովորական տրամաչափման պատկերի փոխարեն նրանք տեսան աղեղնաձև կառուցվածքների ցանց արտաքին թաղանթում:

«Մենք կարծում էինք, թե պարզապես նկարահանում ենք ամենահայտնի միգամածություններից մեկը: Փոխարենը հայտնաբերեցինք աղեղնաձև կառուցվածքների զարմանալի ցանց: Իսկույն պարզ դարձավ, որ «Խխունջի» թույլ արտաքին մասը պատմում է մի պատմություն, որը նախկինում հիմնականում բաց էր թողնվում», — ասել է Ռոբերտո Աբրահամը Տորոնտոյի համալսարանից:

Ինչպես է նյութը լուծվում գալակտիկայում

Միգամածության արտաքին հալոյում հետազոտողները գտել են 22 ամբողջական կամ մասնակի աղեղնաձև մակարդուկներ (խտացումներ)՝ հարվածային ալիքներ, որոնք առաջանում են, երբ աստղի արտանետած գազը բախվում է միջաստղային միջավայրին: Կենտրոնին ավելի մոտ այս կառուցվածքները խոշոր են, բարակ և հստակ: Որքան հեռու, այնքան դրանք ավելի փոքր են, աղոտ և ավելի ուժեղ բեկորատված (ֆրագմենտացված):

Սա ցույց է տալիս նյութի աստիճանական քայքայումը: Գիտնականների գնահատականներով՝ միջաստղային միջավայրի հետ հանդիպումից հետո մոլորակաձև միգամածության նյութը կարող է պահպանվել մոտ 10 հազար տարի, նախքան վերջնականապես ցրվելը:

Կապը Արեգակի ապագայի հետ

Հինգ միլիարդ տարի անց Արեգակը կանցնի նմանատիպ ճանապարհ. կսպառի ջրածինը, կթոթափի թաղանթը և կվերածվի մոլորակաձև միգամածությամբ շրջապատված սպիտակ թզուկի: Նյութը, որից մի ժամանակ ձևավորվել են Երկիրը և նրա վրա եղած ողջ ապրողը, նորից կվերադառնա Ծիր Կաթին և երբևէ մաս կկազմի նոր աստղերի ու մոլորակների:

«Հեռավոր ապագայում Արեգակը կանցնի նմանատիպ գործընթացով, և նրա նյութը կմտնի նույն ցիկլի մեջ», — ասել է վան Դոկումը:

Հետազոտությունը հրապարակվել է օգոստոսի 12-ին Nature ամսագրում:

Կարճ ասած

Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է «Խխունջ» մոլորակաձև միգամածության գազը քայքայվում և խառնվում միջաստղային միջավայրին: Արտաքին թաղանթում հայտնաբերվել են հարվածային ալիքներ՝ աստղային նյութի «վերադարձի» հետքերը գալակտիկա: Այս գործընթացը ցույց է տալիս Արեգակին նման աստղի կյանքի լրիվ ցիկլը և այն, թե ինչ է սպասվում մեր սեփական աստղին միլիարդավոր տարիներ անց: Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում: