Հյուսիսափայլը Երկրագնդի ամենատպավորիչ բնական երևույթներից մեկն է: Լույսի կանաչ, կարմիր, մանուշակագույն և վարդագույն շերտերը, որոնք հայտնվում են գիշերային երկնքում, իրականում Արևի և մեր մոլորակի միջև բարդ փոխազդեցության արդյունք են:

Այս երևույթը կոչվում է նաև ավրորա (լուսաբաց). Հյուսիսային կիսագնդում՝ հյուսիսափայլ, իսկ Հարավայինում՝ հարավափայլ: Դրա առաջացման համար պատասխանատու է տիեզերական եղանակը՝ Արևի և Երկրի միջև ընկած տարածությունում տեղի ունեցող գործընթացները:

Երբ Արևի կողմից արտանետված բարձր էներգիայով մասնիկները բախվում են Երկրի մթնոլորտի ատոմներին և մոլեկուլներին, դրանք առաջացնում են փայլատակում, որը մենք ընկալում ենք որպես լուսավորություն երկնքում:

Ինչպես է ծնվում հյուսիսափայլը 

Այս երևույթի հիմնական աղբյուրը Արևն է: Այն մշտապես արտանետում է լիցքավորված մասնիկների հոսք, որը հայտնի է որպես արևային քամի: Հասնելով Երկրին՝ այս մասնիկները փոխազդում են մոլորակի մագնիսական դաշտի հետ, որը յուրօրինակ պաշտպանիչ վահան է մեր մոլորակի շուրջ:

Երկրի մագնիսական դաշտը ոչ միայն պաշտպանում է մակերևույթը արևային ճառագայթման մեծ մասից, այլև լիցքավորված մասնիկների մի մասն ուղղորդում է դեպի բևեռային շրջաններ: Այնտեղ կուտակված էներգիան ազատվում է և սլանում մթնոլորտի վերին շերտեր:

Երբ արևային մասնիկները բախվում են մթնոլորտային գազերին, ատոմներն ու մոլեկուլները լրացուցիչ էներգիա են ստանում: Որոշ ժամանակ անց դրանք վերադառնում են իրենց ելման վիճակին՝ արտանետելով այդ էներգիան լույսի փոքրիկ բռնկումների տեսքով: Հենց միլիարդավոր նմանատիպ փոխազդեցություններն են ստեղծում ավրորայի շարժվող լուսային ժապավենները:

Ինչու է հյուսիսափայլը լինում տարբեր գույների 

Հյուսիսափայլի գույնը կախված է նրանից, թե որ գազն է մասնակցում ռեակցիային, ինչպես նաև այն բարձրությունից, որտեղ տեղի է ունենում մասնիկների բախումը:

Ամենատարածված երանգը կանաչն է: Այն ստեղծում են թթվածնի ատոմները Երկրի մակերևույթից մոտավորապես 100-ից 200 կիլոմետր բարձրության վրա: Կարմիր փայլատակումը հայտնվում է ավելի բարձր՝ 200 կիլոմետրից ավելի բարձրության վրա, որտեղ նույնպես մասնակցում է թթվածինը, բայց արդեն այլ էներգետիկ պայմաններում:

Ազոտը պատասխանատու է կապույտ, վարդագույն և մանուշակագույն երանգների համար: Մոտ 100–200 կիլոմետր բարձրության վրա գրգռված ազոտը կարող է ճառագայթել կապույտ լույս: Եթե փոխազդեցությունը տեղի է ունենում Երկրի մակերևույթին ավելի մոտ՝ 100 կիլոմետրից ցածր, հայտնվում են վարդագույն և կարմրամանուշակագույն երանգներ:

Երբեմն տարբեր գույներ խառնվում են՝ ստեղծելով արտասովոր սպիտակ, ծիրանագույն և բազմագույն հյուսիսափայլեր:

Ըստ NASA Science-ի նյութերի