Ամերիկացի հետազոտողները մոդելավորել են ջրածնի վարքագիծը մեր մոլորակի ներքին միջուկում և հանգել այն եզրակացության, որ այնտեղ կարող է գոյություն ունենալ այսպես կոչված գերիսոնային ջրածին: Այս նյութն ընդունակ է հոսել հեղուկի նման և միաժամանակ էլեկտրականություն հաղորդել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:
Ինչ է գերիսոնային ջրածինը
Գիտնականները nhտարկել են երկաթ-ջրածնային համահալվածքի երկու բյուրեղային կառուցվածք՝ հեքսագոնալ խիտ դասավորվածությունը (ՀԽԴ) և ծավալակենտրոն խորանարդայինը (ԾԽԽ): Սովորական պայմաններում ԾԽԽ-կառուցվածքն անկայուն է և ավելի ռեակցիոնունակ: Այն համեմատաբար կայուն է դառնում միայն 6400 Կելվինից բարձր ջերմաստիճանի, ջրածնի 20%-ից սկսած պարունակության և շուրջ 3,6 միլիոն մթնոլորտ ճնշման դեպքում: Այնուամենայնիվ, հեղինակների հաշվարկներով, նման ծայրահեղ պայմաններն ավելի շուտ կհանգեցնեն նյութի ամբողջական հալմանը, քան կարգավորված կառուցվածքի պահպանմանը: Ուստի հետազոտողներն ավելի հավանական են համարում ջրածնի գերիսոնային ֆազայի գոյությունը հենց ՀԽԴ-կառուցվածքում: Այն կարող է համագոյակցել արտաքին միջուկի հեղուկ նյութի հետ:
Գրադիենտը և երկրադինամոն
Մոդելավորումը ցույց է տվել նաև ջրածնի համակենտրոնացման (կոնցենտրացիայի) շառավղային գրադիենտ․ դրա քանակությունը կտրուկ նվազում է արտաքին և ներքին միջուկների սահմանին: Շերտերի միջև տարրի փոխանակումը չի սահմանափակվում միայն բյուրեղացման գործընթացով: Տեղի է ունենում ջրածնի մշտական վերաբաշխում, որը ստեղծում է այսպես կոչված քիմիական լողունակություն: Հենց դա էլ օգնում է պահպանել երկրադինամոյի աշխատանքը՝ այն մեխանիզմը, որը գեներացնում է Երկրի մագնիսական դաշտը: Մոլորակի ներքին միջուկն աճում է տարեկան մոտ մեկ միլիմետրով: Շերտերի միջև ջրածնի բաշխումը, հետազոտողների տվյալներով, պայմանավորված է նախևառաջ ջերմաստիճանով, այլ ոչ թե ճնշմամբ:
Կարճ ասած
Գիտնականները մոդելավորել են ջրածնի վիճակը Երկրի ներքին միջուկում և ենթադրել այնտեղ գերիսոնային ֆազայի գոյությունը՝ մի նյութի, որը հոսում է հեղուկի պես, բայց էլեկտրականություն է հաղորդում: Դրա համար ամենահավանական կառուցվածքը հեքսագոնալ խիտ դասավորված ցանցն է: Միջուկի շերտերի միջև ջրածնի վերաբաշխումը կարող է պահպանել երկրադինամոն և մոլորակի մագնիսական դաշտը: Աշխատանքը հրապարակվել է PNAS ամսագրում:






