«Ջեյմս Ուեբ» աստղադիտակն արձանագրել է խորհրդավոր քիմիական ազդանշան Արեգակնային համակարգի երկու ամենահետաքրքիր սառցե աշխարհների՝ Տիտանի և Պլուտոնի վրա։ Գիտնականները դեռևս չեն կարողանում նույնականացնել այն մոլեկուլը, որն առաջացնում է այդ ազդանշանը։

Ինչ է ցույց տվել «Ջեյմս Ուեբը»

Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնական Բրունո Բեզարի ղեկավարած աստղագետների միջազգային թիմը վերլուծել է ինֆրակարմիր դիտարկումների տվյալները։ Նոր ազդանշանը միմյանցից անկախ հայտնվել է աստղադիտակի երկու տարբեր գործիքների վրա, ինչը բացառում է սարքավորումային սխալի հավանականությունը։

Տիտանն ու Պլուտոնը բաժանված են միլիարդավոր կիլոմետրերով, նրանք ունեն տարբեր ջերմաստիճան, ճնշում և երկրաբանական ակտիվություն։ Սակայն երկու երկնային մարմիններն էլ հարուստ են ազոտով և ածխաջրածիններով։ Հենց այս քիմիական նմանությունը, հետազոտողների կարծիքով, կարող է բացատրել միանման սպեկտրալ «մատնահետքի» հայտնվելը։

Ի՞նչ կարող է դա լինել

Գիտնականները համեմատել են անհայտ ազդանշանը մոլեկուլային սպեկտրների հսկայական տվյալների բազաների հետ։ Ամենամոտը հայտնվել են բենզոլը, պրոպադիենը, կետենը և ացետիլենը, բայց այս նյութերից ոչ մեկը չի տվել լիակատար համընկնում։

Հնարավոր է՝ խոսքը մեզ հայտնի մոլեկուլի մասին է, որն իրեն անսովոր է դրսևորում, օրինակ՝ բարդ քիմիական խառնուրդի մեջ կամ յուրահատուկ ֆիզիկական վիճակում (սառեցված, աերոզոլի տեսքով և այլն)։ Հետաքրքիր է, որ Պլուտոնի վրա ազդանշանը զգալիորեն ավելի ուժեղ է, քան Տիտանի վրա։

Ի՞նչ կլինի հետո

Անհայտ միացության բնույթը բացահայտելուն կօգնի NASA-ի ապագա Dragonfly առաքելությունը՝ ուղղաթիռ-զոնդը, որը ծրագրվում է ուղարկել դեպի Տիտան 2030-ական թվականներին։ Նրա մաս-սպեկտրամետրը կկարողանա ուղղակիորեն վերլուծել Սատուրնի արբանյակի մակերևույթի և մթնոլորտի կազմը։

Կարճ ասած

«Ջեյմս Ուեբ» աստղադիտակը Տիտանի և Պլուտոնի վրա հայտնաբերել է միանման անհայտ քիմիական ազդանշան ինֆրակարմիր տիրույթում։ Ոչ մի հայտնի մոլեկուլ դրան լիովին չի համապատասխանում։ Երկու աշխարհներն էլ հարուստ են ազոտով և ածխաջրածիններով, ինչն էլ, հավանաբար, հանգեցնում է այս սիգնատուրայի (ձեռագրի) հայտնվելուն։ Պլուտոնի վրա ազդանշանն ավելի հստակ է արտահայտված։ Հանելուկը լուծելուն կօգնի NASA-ի Dragonfly առաքելությունը, որը նախատեսված է 2030-ական թվականներին։ Աշխատությունը հրապարակվել է Astronomy & Astrophysics ամսագրում։