NVIDIA Blackwell-ի հիմքով Հայաստանում և Հարավային Կովկասում արհեստական բանականության առաջին գործարանի գործարկումից ընդամենը մեկ ամիս անց մեկնարկային ողջ հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է: Eleveight AI ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները:
Հաշվողական հզորությունների մեծ պահանջարկ
«Արձագանքը զգալիորեն ավելի արագ էր, քան մենք ակնկալում էինք»,— նշել է Eleveight AI-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը:— «Մեր նախնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում: Այժմ մենք արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ աստիճանը (Stage 2): Սա հաստատում է, որ տարածաշրջանում ինքնիշխան բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի իրական պահանջարկ կա»։
Նրա խոսքով՝ ընկերության նպատակն է պատասխանատվությամբ մասշտաբավորել ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքերը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն:
Ընդլայնման պլաններ
Ներկայումս գործարանի հզորությունը կազմում է 1,5 ՄՎտ և ամբողջությամբ ծանրաբեռնված է: Ընդլայնման առաջին փուլի շրջանակներում նախատեսվում է հզորությունն ավելացնել ավելի քան երեք անգամ՝ հասցնելով մինչև 5 ՄՎտ-ի: Երկրորդ փուլի ավարտից հետո գործարանի ընդհանուր հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի:
Նման արագ աճն արտացոլում է ինչպես հայաստանյան շուկայի, այնպես էլ միջազգային պատվիրատուների կողմից աճող պահանջարկը:
Նախագծի մասին
Արհեստական բանականության գործարանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում: Սա Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում առաջին օբյեկտն է, որն աշխատում է NVIDIA Blackwell տեխնոլոգիայով: Այն հանդիսանում է 120 միլիոն դոլար ծավալով ներդրումային ծրագրի մեկնարկային մասը, որից 70 միլիոն դոլարն արդեն իսկ իրացվել է:
Այս պահին գործարանում տեղադրված է 512 NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսոր (GPU): Այս սարքավորումը հասանելի է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հաճախորդներին: Ընդ որում, ընկերությունն առաջարկում է աշխատանքի երկու հիմնական ձևաչափ:
Հաճախորդները կարող են վարձակալել առանձնացված ռեսուրսներ (Dedicated). այս դեպքում GPU-ի ողջ հզորությունն ամրակցվում է բացառապես մեկ հաճախորդի: Այս տարբերակն առանձնապես պահանջված է խոշոր ընկերությունների և լուրջ նախագծերի կողմից, որոնց համար կարևոր են առավելագույն արտադրողականությունն ու լիակատար գաղտնիությունը:
Մյուս տարբերակը համատեղ օգտագործումն է (Shared): Այստեղ ռեսուրսները բաշխվում են մի քանի օգտատերերի միջև, ինչը հզոր սարքավորումների հասանելիությունը դարձնում է զգալիորեն ավելի մատչելի: Այս ձևաչափը հարմար է ստարտափների, հետազոտողների և այն թիմերի համար, որոնք սարքավորումների մշտական լրիվ ծանրաբեռնվածության կարիք չունեն:
Այսպիսի ճկուն մոդելի շնորհիվ Eleveight AI-ն կարող է աշխատել ամենատարբեր պատվիրատուների հետ՝ սկսած փոքր թիմերից մինչև խոշոր միջազգային խաղացողներ:






