Հայաստանն այսօր ունի Հարավային Կովկասի ամենաուժեղ գիտական դպրոցներից մեկը գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության և բիոտեխնոլոգիաների ոլորտում։ Ավելին, հայրենական գիտնականներն աշխատում են այնպիսի տեխնոլոգիաների վրա, որոնք արդեն կիրառվում են համաշխարհային բժշկության մեջ՝ «քիմիական հակամարմիններից» ու բիոսենսորներից մինչև CRISPR գենային խմբագրում։ Այս մասին «The Academy People» սրճարանում կայացած «Գենետիկան Հայաստանում. այսօր և վաղը» ինտերակտիվ հանդիպման ժամանակ պատմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։
Հայաստանն ամրապնդում է դիրքերը գենետիկայի և բիոտեխնոլոգիաների ոլորտում
Գիտնականի խոսքով՝ երկրում ձևավորվել է ամուր գիտական բազա ժամանակակից գենետիկայի մի քանի ուղղություններով։
Խոսքը կենսաինֆորմատիկայի, մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայն, գենոմիկայի, գենետիկական ինժեներիայի, ինչպես նաև էկոլոգիական, բժշկական, ճառագայթային, տոքսիկոլոգիական (թունաբանական), մարդու և բույսերի գենետիկայի մասին է։
«Այսօր Հայաստանն իսկապես ուժեղ դիրքեր ունի գենետիկայի ոլորտում։ Վերջին տարիներին հայտնվել են շատ հետաքրքիր մշակումներ, որոնցով կարելի է հպարտանալ», — նշել է պրոֆեսորը։
«Քիմիական հակամարմիններ» սովորականների փոխարեն
Ամենահեռանկարային ուղղություններից մեկը Հարությունյանը անվանել է ժամանակակից բիոսենսորների ստեղծումը. սրանք սարքեր են, որոնք ընդունակ են ճանաչել կենսաբանական օբյեկտները և վերլուծության արդյունքը վերածել թվային ազդանշանի։
Հատուկ ուշադրություն են հայ հետազոտողները դարձնում ապտամերներին՝ այսպես կոչված «քիմիական հակամարմիններին»։
Ի տարբերություն ավանդական հակամարմինների, որոնք արտադրվում են կենդանի օրգանիզմի կողմից, ապտամերները արհեստականորեն սինթեզված ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ հատվածներ են՝ 15-ից մինչև 100 նուկլեոտիդ երկարությամբ։
Չնայած արհեստական ծագմանը, դրանք նույնքան արդյունավետորեն ընդունակ են կապվել հակագեների հետ և արգելափակել դրանք։
Գիտնականի խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ հայ մասնագետներն ուսումնասիրում են նման մոլեկուլների կիրառումը, մասնավորապես՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի ախտորոշման համար։
Հայաստանի էկոլոգիան հետազոտում են ձկների, խեցգետինների և... անձրևորդերի միջոցով
Եվս մեկ ուղղություն, որը հայ գիտնականները զարգացնում են արդեն շուրջ երկու տասնամյակ, կենդանի օրգանիզմների օգտագործումն է՝ որպես երկրի էկոլոգիական վիճակի կենսացուցիչներ (բիոինդիկատորներ)։
Շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնահատելու համար հետազոտողները վերլուծում են ձկների, գետի խեցգետինների, բույսերի, անձրևորդերի, խխունջների և նույնիսկ մողեսների վիճակը։
Պրոֆեսորի խոսքով՝ նման հետազոտությունները թույլ են տալիս օբյեկտիվորեն գնահատել էկոհամակարգերի փոփոխությունները և ժամանակին բացահայտել էկոլոգիական սպառնալիքները։
Հարավային Կովկաս. Հայաստանի առաջատարությունը բիոտեխնոլոգիաներում
Հարությունյանի կարծիքով՝ հենց բիոտեխնոլոգիաների ոլորտում է Հայաստանն այսօր զբաղեցնում առաջատար դիրքեր տարածաշրջանում։
Նա նշել է, որ երկրում ստեղծվում են նոր միկրոկենսաբանական շտամեր, որոնք սինթեզում են տարբեր սպիտակուցներ, որոնք էլ կարող են օգտագործվել բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ։
«Կարող եմ լիովին հանգիստ ասել, որ այսօր Հարավային Կովկասում լավագույն բիոտեխնոլոգիաները, մոլեկուլային գենետիկան և նույնիսկ մարդու գենետիկան զարգանում են հենց Հայաստանում», — հայտարարել է գիտնականը։
Միջազգային նախագծեր և COVID-19-ի հետազոտություններ
Հայ հետազոտողները ակտիվորեն համագործակցում են արտասահմանյան գիտական կենտրոնների հետ։
Մասնավորապես, գերմանացի գործընկերների հետ համատեղ իրականացվում են տելոմերների հետազոտություններ. սրանք ԴՆԹ-ի այն հատվածներն են, որոնց երկարությունը կապված է օրգանիզմի ծերացման հետ։
COVID-19 համավարակի ժամանակ գիտնականները հետաքրքիր արդյունքներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ հիվանդության ավելի ծանր ընթացք ավելի հաճախ ունեցել են կարճացած տելոմերներով տղամարդիկ, հատկապես ճարպակալման դեպքում։
Պրոֆեսորի խոսքով՝ այս հետազոտությունները շարունակվում են նաև այսօր։






