Հայաստանն արդեն իսկ գտնվում է բարձր տեխնոլոգիական արտադրանք արտահանող երկրի վերածվելու ճանապարհին. այս գործընթացն այլևս չի վերաբերում ապագայի պլաններին, այն տեղի է ունենում հենց հիմա։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հայկական ընկերությունները կկարողանան ոչ միայն մատակարարումներ ապահովել սեփական բանակի համար, այլև դուրս գալ արտաքին շուկաներ։ Այսօր, ինչպես նշել է նա, դա արդեն իրականություն է։

Հունիսի 3–4-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց RISE Powered by Silicon Mountains ֆորումը՝ նման մասշտաբի առաջին ցուցահանդեսը Հայաստանում, որը նվիրված էր ռազմական արդյունաբերության, ինժեներիայի, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայրենական մշակումներին։ Կազմակերպիչները RISE-ը դիրքավորում են որպես հարթակ՝ հայկական արտադրանքի ցուցադրման, ընկերությունների միջև համագործակցության զարգացման և գիտության, հետազոտությունների, նորարարությունների ու արտադրության միջև կապերի ամրապնդման համար։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, որը փաստացի կրկնապատկել է նախագծի կազմակերպչական բյուջեն։ Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է NEWS.am Tech-ը։

Երկու պատճառ

Նախարարն անվանել է երկու հիմնական պատճառ, որոնցով կառավարությունը որոշել է աջակցել ֆորումի անցկացմանը և մեծացնել նախագծի կազմակերպչական բյուջեն։

Առաջինը կապված է ոլորտի աջակցության երկարաժամկետ պետական ծրագրերի առաջին փուլի ավարտի հետ։ Այս ծրագրերի շրջանակներում կառավարությունը տեղադրել է շուրջ 172 միլիարդ դրամի պատվերներ՝ ապահովելով ռազմարդյունաբերական համալիրի ուղղակի ֆինանսավորումը։

Հայրապետյանի խոսքով՝ առաջին փուլն ավարտված է, դրա արդյունքները գնահատվում են դրական, իսկ դա թույլ է տվել անցնել հաջորդ քայլին՝ նոր երկարաժամկետ համաձայնագրերի ստորագրմանը։ Արդեն իսկ որոշում է կայացվել նոր ծրագրերի շրջանակներում հավելյալ 190 միլիարդ դրամ հատկացնելու մասին։

«Սա լավ առիթ է հանրությանը ցույց տալու, թե ինչի են վերածվել այն 172 միլիարդ դրամները, որոնք հարկատուների միջոցների հաշվին ուղղվել են ոլորտին»,— նշել է նախարարը։

Երկրորդ պատճառը կապված է արտահանման հետ։

Մայիսին, Հայրապետյանի խոսքով, միանգամից երեք հայկական ընկերություններ ռազմական արտադրանք են մատակարարել երկու տարբեր երկրներ։ Նախարարը սա անվանել է աննախադեպ իրադարձություն հայկական ռազմական արդյունաբերության համար։

Հենց արտահանումն է, նրա խոսքով, ի սկզբանե եղել նմանատիպ ցուցահանդեսի անցկացման պայմաններից մեկը։

«Դեռևս 2024 թվականին մենք որոշել էինք, որ այն օրը, երբ կունենանք առաջին միջազգային գործարքներն ու առաջին արտահանումը, մենք կբացվենք և կցուցադրենք մեր արտադրանքը ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև միջազգային գործընկերներին»։

Պետական պատվերներից դեպի արտահանում

Նախարարն ընդգծել է, որ այսօր պետությունը ռազմական արդյունաբերությունը դիտարկում է արդեն ոչ թե պարզապես որպես առանձին պատվերներ կատարող ոլորտ, այլ որպես տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։

Նրա խոսքով՝ մի բան է, երբ ընկերությունները արտադրանք են թողարկում կոնկրետ կարիքների բավարարման համար, և բոլորովին այլ բան, երբ պետությունը խնդիր է դնում ոլորտը վերածել տնտեսության կարևոր սեգմենտի և արտահանման ուղղության։ Նման մոտեցումը պահանջում է ընթացակարգերի, քաղաքականության և պետության ու բիզնեսի միջև փոխգործակցության մեխանիզմների փոփոխություն։

Հայրապետյանը խոստովանել է, որ ոլորտի զարգացումն ուղեկցվում է նոր մարտահրավերների մշտական հայտնվելով, սակայն հենց դրանց հաղթահարումն է թույլ տվել հայկական ընկերություններին դուրս գալ մի մակարդակի, որում նրանք ընդունակ են մրցունակ արտադրանք առաջարկել միջազգային շուկային։

«Եթե այդ խնդիրները չլուծվեին, ապա նույնիսկ ներկայիս հաջողությունների դեպքում ոլորտը չէր կարողանա միջազգային շուկաներին մրցունակ արտադրանք առաջարկել»,— ընդգծել է նախարարը։

Ինչպիսի՞ բարեփոխումներ են արդեն իրականացվել

Հայրապետյանի խոսքով՝ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում պետությունն իրականացրել է մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ընկերությունների և մշակողների համար ոլորտի գրավչության բարձրացմանը։

Որպես օրինակ նա նշել է հետազոտությունների և մշակումների (R&D) աջակցության ծրագրերի բարեփոխումը։ Նախարարի խոսքով, նախկինում շատ ընկերություններ խուսափում էին պետական ծրագրերին մասնակցելուց՝ բարդ ընթացակարգերի և հավելյալ վարչարարական բեռի պատճառով։

Խնդիրների վերլուծությունից հետո իշխանությունները վերանայել են մոտեցումները և ներդրել նախագծերի տեխնոլոգիական պատրաստվածության գնահատման համակարգը՝ տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակների (TRL) ինստիտուտը։ Նախարարի խոսքով՝ սա թույլ է տվել բարձրացնել ծրագրերի գրավչությունը և մեծացնել մասնակիցների թիվը։

Մեկ այլ կարևոր ուղղություն են դարձել բարեփոխումները մտավոր սեփականության ոլորտում։

Հայրապետյանը նշել է, որ նախկինում գիտնականները, ինժեներներն ու հետազոտական կոլեկտիվները միշտ չէ, որ ունեին բավարար հնարավորություններ իրենց կողմից ստեղծվող մշակումների պաշտպանության համար։ Փոփոխություններից հետո պետությունը մշակողներին ավելի մեծ ազատություն է տրամադրել մտավոր սեփականության տնօրինման հարցում։

«Մենք եկանք այն եզրակացության, որ պետությունը պետք է վերանայի իր մոտեցումները և գիտնականներին ավելի մեծ ազատություն տրամադրի»,— պարզաբանել է նախարարը։

9-ից մինչև 70 միլիարդ դրամ

Խոսելով պետական քաղաքականության արդյունավետության մասին՝ Հայրապետյանն առաջարկել է այն գնահատել կոնկրետ ցուցանիշներով։

Որպես գլխավոր օրինակներից մեկը նա բերել է ոլորտի շրջանառության աճը։ Եթե 2018–2019 թվականներին այն կազմում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այսօր հասել է տարեկան մոտ 70 միլիարդ դրամի։

Նախարարի խոսքով՝ սա արտացոլում է վերջին տարիներին տեղի ունեցած իրական փոփոխությունները և ցույց է տալիս ոլորտի զարգացման մասշտաբը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ներկայիս ձեռքբերումները հնարավոր են դարձել ոչ միայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կամ պրոֆիլային կառույցների աշխատանքի, այլև պետական տարբեր գերատեսչությունների համատեղ ջանքերի, ինչպես նաև հենց ընկերությունների, գիտնականների և ինժեներների ամենօրյա աշխատանքի շնորհիվ։

Հենց այդ աշխատանքի արդյունքներն են, նշել է Հայրապետյանը, այսօր առաջին անգամ նման ծավալով ներկայացված RISE ցուցահանդեսի և ֆորումի հարթակում։

Մանրամասները՝ տեսահարցազրույցում։