Հայաստանի պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտների հետագա զարգացումը կախված է ոչ միայն ֆինանսավորումից և արդեն իսկ գրանցված արդյունքներից, այլև պետության ու հասարակության՝ նորարարությունների հանդեպ վախերը հաղթահարելու, որոշումների ընդունման արագությունը բարձրացնելու և սխալներն ու անհաջողությունները որպես առաջընթացի անբաժանելի մաս ընկալելու կարողությունից։ Այս մասին RISE 2026 ռազմարդյունաբերական, նորարարական և ինժեներական առաջին ցուցահանդեսի շրջանակում անցկացված ֆորումում հայտարարեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը (ֆոտոռեպորտաժ)։
Վախերից դեպի վստահություն․ ինչպես է փոխվում վերաբերմունքը նորարարությունների նկատմամբ
Նախարարի խոսքով՝ հաջողությունների մասին խոսելուն զուգահեռ անհրաժեշտ է բաց ու անկեղծ քննարկել նաև առկա խնդիրները, քանի որ հենց մարտահրավերների գիտակցումն ու վերլուծությունն են դառնում նոր ձեռքբերումների հիմքը։
Հայրապետյանը նշեց, որ վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները հեշտությամբ չեն ձեռք բերվել։
«Եթե հաշվի առնենք այն մեկնարկային պայմանները, որոնցից սկսել ենք մեր ճանապարհը, ապա կարող ենք ասել, որ վերջին տարիներին հասել ենք մեր առավելագույնին։ Իսկ այդ մեկնարկային կետը կապված էր նորարարությունների նկատմամբ վախերի և սեփական ուժերի նկատմամբ անվստահության հետ», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ ներկայիս ցուցահանդեսը հարթակ կդառնա բազմաթիվ կարծրատիպերի և նախապաշարմունքների հաղթահարման համար։ Նախարարը վստահություն հայտնեց, որ պետական կառույցների ներկայացուցիչների, զինվորականների և քաղաքացիական հասարակության շրջանում առկա բազմաթիվ կասկածներ կփոխարինվեն վստահությամբ և հավատով հայրենական տեխնոլոգիական արդյունաբերության ներուժի նկատմամբ։
Նա ընդգծեց, որ պետական համակարգի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ նորարարությունների նկատմամբ բավարար համարձակության պակասը։
«Պետական կառավարման տարբեր մակարդակներում հիմնական մարտահրավերը շարունակում է լինել նոր տեխնոլոգիաների և նորարարությունների նկատմամբ համարձակ վերաբերմունք ցուցաբերելու պատրաստակամությունը», - նշեց նախարարը։
Որոշումների արագությունը դառնում է մրցունակության կարևոր գործոն
Գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ներկայիս պայմաններում միայն պետական ֆինանսավորումը բավարար չէ համաշխարհային պաշտպանական արդյունաբերության քարտեզում արժանի տեղ զբաղեցնելու համար։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է ոչ միայն ներդրումներ իրականացնի, այլև մշտապես հետևի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ տեխնոլոգիական զարգացման տեմպերն աննախադեպ արագ են։
Որպես օրինակ՝ Հայրապետյանը նշեց անօդաչու տեխնոլոգիաների շուկան։ Նրա խոսքով՝ ավանդական մոտեցումը, երբ պետությունը նախապես սահմանում է պահանջարկը և գնում է արտադրանքի մեծ խմբաքանակ, այլևս միշտ չէ, որ ամենաարդյունավետ լուծումն է։
«Եթե այսօր գնենք 20 հազար FPV անօդաչու սարք միայն այն պատճառով, որ դա թվում է ամենապարզ լուծումը, ապա, իհարկե, կստեղծվի պահանջարկ և նոր աշխատատեղեր։ Սակայն դա պարտադիր չէ, որ լինի ամենաարդյունավետ որոշումը», - պարզաբանեց նախարարը։
Նա նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ առավոտյան ստեղծված լուծումը երեկոյան արդեն կարող է կորցնել իր արդիականությունը։ Հետևաբար, պետությունը պետք է պատրաստ լինի աշխատանքի առավել ճկուն մոդելի, որը ենթադրում է մշտպես հարմարվել նոր պայմաններին։
Նախարարի խոսքով՝ նման վերափոխումն արդեն ընթանում է պետական կառույցների ներսում, սակայն փոփոխությունների արագությունը շարունակում է մնալ վճռորոշ գործոն։






