Անցած շաբաթ ԱՄՆ ֆոնդային շուկաներում արձանագրվել է զգալի անկում՝ Մերձավոր Արևելքում պատերազմի և նավթի գների կտրուկ աճի ֆոնին։ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0.95%-ով, S&P 500-ը՝ 1.33%-ով, իսկ Nasdaq Composite-ը՝ 1.59%-ով։


Նավթի գների կտրուկ աճը՝ Մերձավոր Արևելքում երկարատև պատերազմի մտավախությունների ֆոնին, ուժեղ ցնցումներ է առաջացրել համաշխարհային ֆինանսական շուկաներում։ Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը կարճ ժամանակով բարձրացել է մինչև 119 դոլար մեկ բարելի դիմաց, ապա նորից նվազել մինչեւ մոտ 107 դոլարի մակարդակ։


Եվրոպական ֆոնդային շուկաներում նույնպես անցած շաբաթ զգալի անկում է արձանագրվել։ STOXX Europe 600-ը նվազել է 5.5%-ով, ինչը գրեթե մեկ տարվա վատագույն շաբաթական արդյունքն է։ Իսկ երկուշաբթի եւս 1.8% անկում է գրանցվել հասնելով ավելի քան երկու ամսվա նվազագույնին։ Նավթի գների ավելի քան 25% աճն ուժեղացրել է գնաճային և տնտեսական ռիսկերի շուրջ մտահոգությունները, ինչի հետևանքով հատկապես տուժել են բանկային, հումքային և ավիացիոն հատվածների բաժնետոմսերը։


Նախորդ շաբաթ եվրոպական պարտատոմսերի գները նվազել են, իսկ եկամտաբերությունները նավթի գների թռիչքային աճի և գնաճի նոր ռիսկերի ֆոնին կտրուկ՝ մոտ 30 բազիսային կետով աճել։ Երկուշաբթի օրը միտումը շարունակվել է․ Մեծ Բրիտանիայի 2 տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է մոտ 25 բազիսային կետով՝ մինչև 4.12%, իսկ Գերմանիայում հասել է մոտ 2.48%-ի։ Բաժնետոմսերի շուկաները նույնպես ճնշման տակ են հայտնվել, քանի որ էներգակիրների բարձր գները և աշխարհաքաղաքական ռիսկերը մեծացնում են տնտեսական աճի դանդաղման վտանգը։


Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերից գրանցվել է շուրջ 1.44 միլիարդ դոլարի արտահոսք, ինչը վերջին ութ շաբաթվա ընթացքում առաջին արտահոսքն է։ Ամենամեծ հարվածը ստացել են ԱՄՆ ֆոնդերը՝ 21.9 միլիարդ դոլարի վաճառքներով, եվրոպական ֆոնդերում ներհոսքերը նվազել են մինչև 8.8 միլիարդ դոլար, իսկ ասիական ֆոնդերը ներգրավել են 7.43 միլիարդ դոլար։ ԱՄՆ–Իսրայել և Իրանի միջև հակամարտության և նավթի հետագա գնաճի մտավախությունների ֆոնին կապիտալը տեղափոխվում է ավելի անվտանգ ակտիվներ․ դրամական շուկայի ֆոնդերը ներգրավել են 20.2 միլիարդ դոլար, իսկ պարտատոմսային ֆոնդերը՝ 16.1 միլիարդ դոլար։ Միաժամանակ, համաշխարհային բաժնետոմսերի ինդեքսը՝ MSCI World Index, շարժվում է դեպի 2025 թվականի ապրիլից ի վեր ամենավատ շաբաթը՝ ավելի քան 2.5% անկմամբ։


Broadcom–ի բաժնետոմսերը բարձրացել են գրեթե 3%–ով այն բանից հետո, երբ ընկերությունը կանխատեսել է, որ հաջորդ տարի ԱԲ չիպերի վաճառքի ծավալները կգերազանցեն100 միլիարդ դոլարը, ինչը ցույց է տալիս աճ այն շուկայում, որտեղ գերիշխում է Nvidia-ն։ Ընկերությունը նախագծում է ԱԲ–ին հարմարեցված պրոցեսորներ՝ առաջարկելով ավելի էժան այլընտրանքներ Nvidia-ի թանկ չիպերին։ Այս պահանջարկն առաջ են մղում մեծ տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Alphabet–ը, Microsoft–ը, Amazon–ը և Meta–ն, որոնք նախատեսում են 2026 թվականին ծախսել ավելի քան 600 միլիարդ դոլար ԱԲ ենթակառուցվածքի վրա։


COVID-19 պատվաստանյութի տեխնոլոգիային առնչվող երկարատև արտոնագրային վեճը լուծելուց հետո Moderna–ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 9%–ով։ Համաձայնություն է ձեռ բերվել առ այն, որ Moderna–ն 25 միլիարդ դոլար կվճարի Genevant-ին և Arbutus Biopharma-ին։ 2021 թվականից հետո COVID-–ի դեմ  պատվաստանյութի պահանջարկի անկման ֆոնին, Moderna–ի բաժնետոմսերի գինը գրեթե 90%–ով նվազել էր։


Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է հեղուկ բնական գազի (LNG) արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող Venture Global, Inc.–ը (VG)։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 28.79%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $12.48)։ Հաջորդը թվային գովազդի տեխնոլոգիաների ոլորտում գործող The Trade Desk, Inc.–ն (TTD) է՝ 22.92% աճով ($29.28)։ Եռյակը եզրափակում է «ինտերնետ իրերի» (IoT) համար տվյալների վերլուծության և կառավարման հարթակներ մշակող Samsara Inc.–ը (IOT)՝ 22.35% աճով ($35.36)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է օպտիկական և ֆոտոնային տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող Lumentum Holdings Inc.–ը (LITE), որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 20.33%–ով ($558.44)։ Հաջորդը էներգետիկ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող Celsius Holdings, Inc.–ն (CELH) է՝ 19.94% անկումով ($42.92)։ Եռյակը եզրափակում է արծաթի արդյունահանմամբ զբաղվող First Majestic Silver Corp.–ը (AG)՝ 19.31% անկումով ($25.83)։


Դաշնային պահուստային համակարգը կանգնած է բարդ ընտրության առաջ, քանի որ ԱՄՆ աշխատաշուկայում նկատվում են թուլացման նշաններ, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ նպատակային մակարդակից բարձր։ Փետրվարին գործազրկության մակարդակը բարձրացել է մինչև 4.4%, գործատուներն անսպասելիորեն կրճատել են աշխատատեղերը։ Գնաճը ներկայումս կազմում է մոտ 2.9%, ինչը բավական բարձր է 2% նպատակային մակարդակից։ Ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգն իր մարտի 17–18-ի նիստում անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ներդրողները կարծում են, որ կենտրոնական բանկը կարող է տոկոսադրույքի նվազեցումը սկսել հունիսից։ Տնտեսագետները զգուշացնում են, որ աշխատատեղերի դանդաղ աճի և բարձր գնաճի համադրությունը կարող է հանգեցնել ստագֆլյացիայի։


ԱՄՆ ծառայությունների ոլորտում ակտիվությունը փետրվարին հասել է ավելի քան երեք տարվա ամենաբարձր մակարդակին՝ ազդարարելով տնտեսական աճի ուժեղացում։ Ծառայությունների PMI ցուցիչը աճել է մինչև 56.1՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հուլիսից ի վեր։ Աճին նպաստել են բարձրպահանջարկն ու նոր պատվերների աճը։ Սակայն տնտեսագետները զգուշացնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը, մասնավորապես, նավթի գների շարունակական աճը, կարող է ռիսկեր ստեղծել տնտեսական հեռանկարների համար։ Հակամարտության պատճառով նավթի գների աճը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը և բարձրացնել գնաճը։


Եվրագոտու երկրներում գնաճը փետրվարին անսպասելիորեն աճել է, ինչը մտահոգություն է առաջացրել, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բարձրացող էներգակիրների գները կարող են էլ ավելի աճել։ Eurostat-ի տվյալներով՝ եվրագոտում գնաճը փետրվարին կազմել է 1.9%, մինչդեռ հունվարին այն եղել է 1.7%։ Հիմնական գնաճը, որը չի ներառում սննդամթերքն ու էներգիան, նույնպես աճել է՝ հասնելով 2.4%-ի։ Տնտեսագետները զգուշացնում են, որ նավթի և գազի գների աճը կարող է արագ անդրադառնալ սպառողական գների վրա։ Վերլուծաբանների խոսքով՝ նավթի գների 10% աճը կարող է մոտ երեք ամսում գնաճը բարձրացնել շուրջ 0.1 տոկոսային կետով։ Առայժմ սպասվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը անփոփոխ կթողնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով՝ մոտ 50% հավանականություն կա, որ այս տարվա ընթացքում տոկոսադրույքները կարող են բարձրացվել, եթե գնաճը շարունակի աճել։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։