Արհեստական բանականությունն այսօր կրթության ոլորտում փոխում է ոչ միայն դասավանդման մեթոդները, այլև այն, թե ինչ հմտություններ է պահանջվելու ապագա մասնագետներից։ Գալիք տարիներին առավել հաջողակ կլինեն այն կրթական համակարգերը, որոնք ուսանողներին կպատրաստեն ոչ թե քննություններին, այլ իրական աշխատաշուկայի պահանջներին։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և Դիվանագիտության դպրոցի բիզնես զարգացման ղեկավար Սաթի Բոյաջյանը, պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու միջազգային կրթության հիմնական միտումներն առաջիկա տարիներին։
«Ամենաակնառու միտումները կապված են արհեստական բանականության, հմտությունների վրա հիմնված ուսուցման և աշխատաշուկայի պատրաստվածության հետ։ Կրթությունը տեղափոխվում է տեսական գիտելիքից դեպի գործնական կարողություններ՝ տվյալների վերլուծություն, թվային գրագիտություն, հաղորդակցման հմտություններ», - ասել է Սաթի Բոյաջյանը, որը մինչեւ Թավթս համալսարանում գործի անցնելը ղեկավարել է Մադրիդի IE համալսարանի գործունեությունը Արևելյան Եվրոպայի 13 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
Նրա հետ խոսել ենք միջազգային կրթության հնարավորությունների ու առավելությունների մասին, այդ թվում՝ հայ ուսանողների համար։ Ըստ մասնագետի՝ արտերկրի լավ համալսարաններում սովորելու համար միանգամայն հնարավոր է դրամաշնորհներ գտնել։ Եվ պետք չէ վախենալ, որ երիտասարդ մասնագետներն այլևս չեն վերադառնա։
Մանրամասները՝ հարցազրույցում։
Միջազգային կրթությունը հաճախ ասոցացվում է միայն թանկ դիպլոմի հետ։ Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ իրական արժեք է այն տալիս երիտասարդ մասնագետին։
Միջազգային կրթության արժեքը միայն գիտելիքը չէ։ Ինձ համար դա մտածելակերպի փոփոխություն էր և ինքնավստահության աճ։ Ես սովորեցի աշխատել բազմամշակութային միջավայրում, հարմարվել անորոշությանը և դիտարկել մարտահրավերները տարբեր տեսանկյուններից։ Բացի այդ, միջազգային կրթությունը ստեղծում է միջազգային network՝ ցանց, կապեր և դռներ է բացում։ Այս կապերը հաճախ հետագա կարիերայի հիմք են դառնում։
Շատ երիտասարդներ կարծում են, որ արտերկրում սովորելը ֆինանսապես անհասանելի է։ Որքանո՞վ է դա համապատսխանում իրականությանն այսօր։
Այսօր հնարավորությունները շատ ավելի լայն են, քան թվում է։ Կրթաթոշակ կարելի է ստանալ ոչ միայն հայկական հիմնադրամներից, այլև՝ միջազգային։ Շատ համալսարաններ ունեն իրենց կրթաթոշակային ծրագրերը և առաջարկում են ուսման մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում։ Շատ երկրներում գործում են պետական և մասնավոր ֆինանսավորման ծրագրեր։ Կարևոր է հասկանալ, որ ֆինանսական սահմանափակումը միշտ չէ, որ փակ դուռ է․ հաճախ դա պարզապես ավելի մանրակրկիտ որոնման և ավելի մտածված հայտ ներկայացնելու հարց է։
Ի դեպ, նշեմ, որ ինձ ի սկզբանե հրավիրել էին Ֆլետչերի դպրոց՝ Տավիթյան կրթաթոշակային ծրագիրը ղեկավարելու համար։ Սա ամբողջապես ֆինանսավորվող մասնագիտական զարգացման ծրագիր է Հայաստանի պետական ծառայողների համար, որի շրջանակում մասնակիցները մեկ կիսամյակ անցկացնում են Բոստոնում՝ ուսումնասիրելով միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում և առաջնորդություն։
Ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և իրականացվում է Ասո Թավիթյան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ֆլետչերի դպրոցի հետ համագործակցությամբ։ Այն եզակի նախաձեռնություն է, որը նպաստել է Հայաստանի պետական հատվածի 350-ից ավելի մասնագետների աճին և նշանակալի դեր է ունեցել մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունների ու միջազգային ներգրավվածության ամրապնդման գործում։

Հայաստանում ինչն է պակասում՝ դա պետական և, ինչու չէ, մասնավոր ընկերությունների կողմից դրամաշնորհներն են՝ ուղղված այն շնորհալի երիտասարդներին, որոնք աշխարհի լավագույն համալսարաններում ուսանելու ցանկություն և կարողություն ունեն։
Ես ինքս իմ գործունեության ընթացքում հանդիպել և ներգրավել եմ այդպիսի ուսանողների այլ երկրներից։ Օրինակ, Միջին Ասիայի երկրներից, մասնավորապես՝ Ղազախստանից, որտեղ առկա են և գործում են այդ պետական դրամաշնորհային համակարգերը։
Պետք չէ վախենալ, որ այդ երիտասարդներն այլևս չեն վերադառնա իրենց երկիր։ Ընդհակառակը, կարծում եմ, պետք է այդ ուսանողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի նրանց վերադարձին՝ իրենց երկրին ծառայելու ու նորարարական մոտեցումներ ներմուծելու և զարգացնելու նպատակով։
Որո՞նք են միջազգային կրթության հիմնական առավելությունները երիտասարդ մասնագետի համար
Միջազգային կրթությունը տալիս է երեք կարևոր առավելություն՝ գլոբալ մտածողություն, մշակութային ճկունություն և լայն մասնագիտական ցանց։ Ուսանողը սովորում է աշխատել տարբերվող միջավայրում, արդյունավետորեն հաղորդակցվել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ և արագ հարմարվել փոփոխություններին։ Այս փորձը հետագայում օգնում է ոչ միայն կարիերայում, այլ նաև առաջնորդության որակների զարգացման և որոշումներ կայացնելու հմտությունների ձևավորման գործում։
Հայաստանը փոքր շուկա է։ Ի՞նչ դեր կարող է ունենալ միջազգային կրթությունը երկրի զարգացման գործում։
Միջազգային կրթությունը կարող է կամուրջ դառնալ Հայաստանի և գլոբալ շուկաների միջև։ Հայ մասնագետները, միջազգային փորձ ու կապեր ձեռք բերելով, հետագայում կարող են ներգրավել արտաքին ներդրումներ, ներմուծել նոր գիտելիքներ և փորձ, նորարարական գաղափարներ։ Ինչպես նաև նրանք կարող են հայկական արտադրանքըէ լինի դա ապրանք թե ծառայություն, արտահանել միջազգային շուկաներ։ Փոքր երկրների համար մարդկային կապիտալը ամենամեծ առավելությունն է, իսկ միջազգային կրթությունը այդ կապիտալը բազմապատկելու արդյունավետ միջոց է։
Ո՞րն է այսօր լավ կրթական ծրագրի և պարզապես «լավ համալսարանի» տարբերությունը
Տարբերությունը ծրագրի գործնական կիրառելիության և արդյունքի չափելիության մեջ է։ Լավ կրթական ծրագիրը ոչ միայն տեսական գիտելիք է տալիս, այլ նաև զարգացնում է կոնկրետ հմտություններ, կապեր է ստեղծում գործատուների հետ և օգնում է ուսանողին որոշելու իր մասնագիտական առաջխաղացման ուղղությունը։ Համալսարանի անունը կարևոր է, բայց իսկական արժեքն այն է, թե որքանով է ծրագիրը մարդուն պատրաստում իրական կյանքին և աշխատաշուկայի պահանջներին։
Օրինակ, ԱՄՆ-ում շատ լավ հիմքերի վրա է դրված այն, որ ուսանողները սովորելու ընթացքում աշխատում են հենց համալսարաններում։ Նրանք հետազոտական աշխատանք են կատարում, կամ այլ տեսակի համալսարանական գործունեություն են իրականացնում։ Հայաստանում ևս սա պետք է առավելապես զարգացնել։ Ոսանողը ոչ թե պիտի գումար վաստակելու համար բոլորովին այլ ոլորտում աշխատի, այլ պետք է հնարավորություն ունենա աշխատելու համալսարաններին կից գիտահետազոտական կենտրոններում, միջազգային կամ տեղական այլ կազմակերպություններում, որոնք իրենց աշխատանքի բնույթով մոտ են իր մասնագիտությանը և կարող են օգտակար լինել՝ պրակտիկայում գիտելիքներն օգտագործելու համար։
Սաթի Բոյաջյանը կրթություն է ստացել Թաիլանդում՝ միջազգային դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի առաջատար համալսարաններում՝ Բրիստոլի համալսարանում և IE Business School-ում։
«Հայաստանի ամենամեծ ուժը մարդիկ են։ Իմ առաքելությունն է հայկական տաղանդի համար գլոբալ հնարավորություններ ստեղծելը», - ասում է նա։

Անահիտ Սարգսյան






