Շիրակի մարզի Ախուրյան և Փանիկ գյուղերում Թումո կենտրոններ կբացվեն։ Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում որոշում ընդունեց հողատարածքներ հատկացնել Ախուրյան և Փանիկ գյուղներին այդ կենտրոնների համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Թումո կենտրոնները տեղակայվելու են ոչ թե շենքերում, այլ շարժական մոդուլներում։ Երկու նոր կենտրոնները կտեղադրվեն անմիջապես դպրոցի բակերում և կարճ ժամանակում, քանի որ դրա համար շինարարական աշխատանքներ չեն պահանջվի։

Թումո տեխնոլոգիական կենտրոնները երեխաներին անվճար սովորեցնում են դիզայնի, տեսանկարահանման և մոնտաժի հիմունքներ, ծրագրավորում և համակարգչային այլ հմտություններ: Դրանք գործում են Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում և Դիլիջանում։

Հայաստանից դուրս կենտրոններ են գործում նաև Մոսկվայում, Փարիզում, Բեռլինում, Բեյրութում և այլ քաղաքներում։ Բացի խոշոր կենտրոններից, կան նաև փոքր «Թումո» խցեր՝ Հայաստանի Գավառ, Բերդ, Սևան, Վայք և Կապան քաղաքներում, ինչպես նաև Արցախում՝ Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։