Դրամավարկային քաղաքականությունը տնտեսության կարգավորման կարևորագույն գործիքներից է, որը նպատակ ունի ապահովելու գների և ֆինանսական համակարգի կայունությունը։ Սակայն վերջին տարիների փորձը Հայաստանում ցույց է տալիս, որ միշտ չէ, որ հնարավոր է հասնել նախանշված նպատակներին։ 2022 թվականի բարձր ինֆլյացիան և 2023-2024 թվականներին դրա շեղումը թիրախային ցուցանիշներից մի շարք հարցեր են առաջ բերում․ ինչու՞ է դա տեղի ունենում, ինչպիսի՞ գործոններ են ազդում երկրի գնաճի դինամիկայի վրա և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա կայունացման համար։ Ո՞րն է Հայաստանի արտաքին պարտքի մակարդակը, և ո՞րն է հիմնական մտահոգության պատճառը։ Այս հարցերի շուրջ «Էկոնոմիքս» ծրագրում զրուցել ենք նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանի հետ։

Դրամավարկային քաղաքականությունճկունությունը կարևոր է, քան ֆորմալ մոտեցումները

«Դրամավարկային քաղաքականության թիրախային ցուցանիշները պարտադիր կատարման ենթակա օրենք չեն։ Դրանք նորմատիվ բնույթ չունեն, և տնտեսությունը միայն նորմատիվ ակտերով կառավարել հնարավոր չէ», – ընդգծում է Գաբրիելյանը։

Օրինակ, եթե գնաճը կամ դեֆլյացիան պայմանավորված է բացառապես արտաքին գործոններով, օրինակ՝ համաշխարհային շուկայում վառելիքի գների կտրուկ աճով, դա անխուսափելիորեն կազդի երկրի տնտեսության վրա։ Նման դեպքում գների աճը զսպելու միակ տարբերակը կարող է լինել տնտեսական ակտիվության ճնշումը, սակայն տնտեսական ակտիվության բացակայությունը կհանգեցնի առաջարկի կրճատման և տնտեսության կանգնեցման, ինչը նման միջոցառումները դարձնում է ոչ նպատակահարմար։

Այսպիսով, արտաքին ցնցումների պայմաններում հնարավոր չէ պահանջել, որ տնտեսությունը կուրորեն համապատասխանի դրամավարկային քաղաքականության թիրախային ցուցանիշներին։ Փոխարենը՝ անհրաժեշտ է քաղաքականությունը հարմարեցնել իրականությանը, այլ ոչ թե մեխանիկորեն պահպանել նախանշված չափանիշները (օրինակ՝ գնաճը զսպելու համար տնտեսությունը կրճատելով)։ Պետք է գտնել հավասարակշռություն գնաճի և տնտեսական ակտիվության միջև՝ ընտրելով օպտիմալ քայլեր, այլ ոչ թե պարզապես արհեստականորեն սահմանափակել գների աճը կոշտ միջոցներով։

Հայաստանի պետական պարտքի մակարդակը մտահոգիչ չէ, բայց կա այլ վտանգ

Դրամավարկային քաղաքականության վրա ազդում են ոչ միայն արտաքին գործոնները, այլև պետական պարտքի վիճակը։ Պարտքային ծանրաբեռնվածության բարձր մակարդակը սահմանափակում է տնտեսական մարտահրավերներին ճկուն արձագանքելու հնարավորությունները՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր ֆինանսական համակարգի համար։

«Պետական պարտքի ներգրավման փաստը ինքնին բացասական չէ, եթե միջոցները օգտագործվում են նպատակային կերպով։ Օրինակ, եթե պետական պարտքն ուղղվի թոշակների և աշխատավարձերի վճարմանը, դա ցանկալի չէ և կարելի է կիրառել միայն ուժեղ արտաքին ցնցումների դեպքում, երբ վստահություն կա, որ դրանց ազդեցությունը կարճաժամկետ կլինի։ Նման դեպքերում վարկավորումը օգնում է պահպանել սպառման մակարդակը, խթանել արտադրությունը և տնտեսական աճը», – նշում է Վաչե Գաբրիելյանը։

Սակայն, նրա խոսքով, կայուն պայմաններում պետական պարտքը պետք է ուղղվի զարգացմանը՝ առաջին հերթին արտադրական և ենթակառուցվածքային նախագծերին։ Այդ ներդրումները պետք է ընդգրկեն ոչ միայն ճանապարհների ու կամուրջների շինարարությունը, այլև կրթության, առողջապահության և այլ կարևոր ոլորտների զարգացումը, որոնք ապահովում են երկարաժամկետ տնտեսական էֆեկտ։

Եթե պետական պարտքի հաշվին ներգրավված միջոցները շարունակաբար ուղղվեն սպառման պահպանմանը, դա կարող է ստեղծել հավելյալ գնաճային ռիսկեր։ Նման իրավիճակում դրամավարկային քաղաքականությունը պետք է ավելի խիստ դառնա։ Այդ պատճառով, արտաքին պարտքի մակարդակը գնահատելիս կարևոր է հասկանալ դրա ձևավորման տրամաբանությունը։

Խոսելով պետական պարտքի մակարդակի մասին՝ Գաբրիելյանը ընդգծեց, որ գործող հարկաբյուջետային կանոնների համաձայն՝ այն չի առաջացնում լուրջ մտահոգություն։

«Երբ մի քանի տարի առաջ դրամի փոխարժեքը ուժեղացավ, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին նվազեց մինչև 47-48%, քանի որ այն հիմնականում արտաքին է։ Այսինքն, տեղի ունեցավ պետական պարտքի կրճատում տնտեսության ընդհանուր ծավալի համեմատ։ Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ ցուցանիշ՝ պետական պարտքի սպասարկման ծախսերը, որոնք կազմում են 12-13%», – ընդգծում է մասնագետը։