Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունից կառավարությանն ուղղված բազմաթիվ հայեցակարգային և այլ առաջարկություններ պարզապես անպատասխան են մնում։ Այս մասին «Գիտուժ» նախաձեռնության «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովին հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։ Նա նշեց, որ այդ փաստը տրամաբանության տեսակետից անհավանական է, էթիկայի խախտում է, որի մասին խոսում է ցավով։
Ակադեմիկոս–քարտուղարի խոսքով, վերջին փոփոխություններով պայմանավորված, մասնավորապես, ֆինանսավորման ավելացման պայմաններում, Ակադեմիայի առաքելությունն իրականացնելու համար փոփոխությունների անհրաժեշտությունն ուղղակի օդում կախված էր, և ԳԱԱ նոր ղեկավարությունը անմիջապես ձեռնարկել է համապատասխան փոփոխությունների մշակման գործընթաց։
Նա հիշեցրեց, որ ԳԱԱ–ն ՀՀ Կառավարության հիմնադրած կառույց է և շատ դեպքերում այդ կառույցի գործունեությունը կարգավորվում է միայն կառավարության որոշումներով, և հնարավոր չէ բազմաթիվ փոփոխություններ իրականացնել ներքին կարգով։ «Առաջին հերթին Ակադեմիայի կանոնադրությունը չի կարող հաստատվել առանց կառավարության որոշման, իսկ այդ կանոնադրությունը այսօր թույլ չի տալիս անել փոփոխություններ։ Օրինակ՝ մենք այս պահին ունենք հինգ բաժանմունք, որոնք խիստ տկարացած են, մարդկային ռեսուրսը բավարար չէ ձեռնարկելու համար լրջագույն ծրագրեր։ Համաձայն գործող օրենքի, երեք տարին մեկ պետք է տեղի ունենային ակադեմիայի ընտրություններ, սակայն արդեն 10 տարուց ավելի դրանք տեղի չեն ունեցել։ Այսօր Ակադեմիայի անդամների միջին տարիքը 80-ին մոտ է եւ ակնհայտ է, որ գիտական կառույցը երիտասարդացման խնդիր ունի։ Մենք կարիք ունենք ունակ, գիտության երիտասարդ մենեջերների ներգրավման, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունավետ բան անել։ Այս գիտակցությամբ, անշուշտ, ակադեմիայի նոր ղեկավարությունը անմիջապես ձեռնարկել է համապատասխան փաթեթի մշակում, բարձր չափորոշիչներով ընտրություններ իրականացնելու, և դա կախված է մնացել օդում, կառավարության կողմից արձագանք չկա, ինչպես նաև արձագանք չկա բազմաթիվ այլ դիմումների», – ասաց Արթուր Իշխանյանը։
ԳԱԱ հաջորդ առաջարկը վերաբերում է ինստիտուտների օպտիմալացմանը։ Առաջարկվել է որոշ ինստիտուտներ միավորել, բայց դա ևս հնարավոր է իրականացնել միայն գործադիրի որոշմամբ։ Արվել են նաև ԳԱԱ կառավարման համակարգի սխեմայի փոփոխության առաջարկներ։
«Դարձյալ չկա պատասխան։ Եթե ուզում եք անձամբ իմ կարծիքն իմանալ, չկա պատասխան, որովհետև չկան փաստարկներ։ Եթե լինեին փաստարկներ, այդ պատասխանները կլինեին։ Նրանք հստակ հասկանում են, որ այդ պատասխանների դեպքում լինելու է շատ ծանր հակադարձություն։
Ճիշտ նույնպես, օրինակ, երբ մենք առաջարկներ ենք անում ատեստավորման կարգի մասին, Ակադեմիական քաղաքի հետ կապված՝ չկա որևէ գրավոր պատասխան։ Շատ ժամանակ ասում են. դա քաղաքական որոշում է։ Այդ քաղաքական որոշումը պետք է հիմնված լինի քննարկումների վրա։ Առավել ևս, այսպիսի ծանր աշխարհակարգային փոփոխությունների պարագայում որևէ լրջագույն ռեֆորմի հաջողության հասնելու գրավականը լայն հասարակական կոնսենսուսն է, որը կարող է ձևավորվել հասարակական քննարկումների և շահագրգիռ կողմերի համաձայնության պարագայում», – ասաց նա։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հակադարձեց, որ Կոմիտեն միշտ բաց է ինստիտուտների ղեկավարների, գիտնականների հետ քննարկումների համար, իսկ ինչ վերաբերում է օրենքների կամ կառավարության որոշումների վերաբերյալ տարբեր առաջարկներին, ապա այդ փաստաթղթերի ընդունումն իրականացվում է որոշակի ընթացակարգով, առաջարկների ընդունումը կամ մերժումը ֆիքսվում է հատուկ ամփոթաթերթում, և այդ առաջարկները ներկայացրած ոչ մի կազմակերպության առանձին պատասխան չի տրվում։
Պանելը վարող «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ խնդիրը ոչ թե Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, այլ որոշում կայացնողների հարթությունում է. այդտեղ է, որ երկխոսությունը լավ չի ստացվում։ Ըստ նրա, Ակադեմիայում գիտակցում են փոփոխությունների անհրաժեշտությունը և առաջարկներ ներկայացնում, բայց կառավարությունը չի արձագանքում։ «Ուզում եմ ձեզնից լսել, արդյո՞ք սա ինչ-որ վրիպակ է, սա սխալմո՞ւնք է, թե՞ սա կոնկրետ ընտրված գործելաոճ է», - հարցրեց նա Կոմիտեի փոխնախագահին։
Արթուր Մովսիսյանը նախ նշեց, որ Կոմիտեում ամենաշատն էին ուրախացել Ակադեմիայի ղեկավար կազմի փոփոխությամբ և պատրաստ են եղել աջակցել խնդիրների լուծմանը։ «Ինչ-որ պահից սկսվեցին ինչ-որ տարաձայնություններ և այդ պահը Ակադեմիական քաղաք նախագծի ի հայտ գալն էր, որը էապես կապվեց նաև բարձրագույն կրթության և գիտության ապագա ճարտարապետության հետ։ Այսինքն, այստեղ առաջարկվում էր կառավարության կողմից մի նոր համակարգ, որը չէր կարող ու ճիշտ չէր, եղած ռեսուրսով, իրագործել գործող համակարգի հետ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, թե օրինակ Ակադեմիայի ներսում փոփոխություններ կարող էին լինել, ու միգուցե և այդ փոփոխությունները այն տեմպերով լինեին, որ նման նախագծերի կարիք չլիներ, չգիտեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ փոփոխությունները չկան», – ասաց նա, հավելելով, որ, իր կարծիքով, Ակադեմիայի բարեփոխումը պետք էր սկսել ավելի բովանդակային, ավելի առաջնային խնդիրներից, եւ ոչ թե ընտրություններից։
Ի պատասխան Գևորգ Սաֆարյանը նշեց, որ պատկերացումների մեջ կարող են լինել տարբերություններ, և դա քննարկման ենթակա խնդիր է։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի գնում ԳԱԱ արդիականացման ճանապարհով, քանի դեռ Ակադեմիական քաղաք նախագիծը կյանքի չի կոչվել։
«Հիմա պե՞տք է այդ կառույցը դառնա ավելի արդյունավետ մինչև ձեր այդ ամբիցիոզ ծրագրի իրականացումը, որը տարիների աշխատանք է պահանջում, որպեսզի ինքը կյանքի կոչվի։ Դեռ հետն էլ մի քանի հարցական կա, որովհետև այն բյուջեն, որ ասվում է, ոնց որ այնքան էլ իրատեսական չէ, էլ չեմ ասում երկրի բյուջեի ճեղքվածքը։ Այսպիսի տարբեր խնդիրներ կան, որոնք հարցականի տակ են դնում նախագիծը։
Եկեք հասկանանք, ինչո՞ւ ենք մենք թողնում ինքնահոսի նախորդ համակարգը։ Ունենք տեսլական նոր համակարգ ստեղծելու, բայց հին համակարգը ինչո՞ւ ենք թողնում ինքնահոսով գնա, ոնց որ սպառի իրեն, չենք անում փոփոխություններ։ Ու այդտեղ ոչ բյուջեի հարց կա, ընդամենը պետք է որոշում։ Ուզում եմ հասկանալ, դա կոնկրետ որոշո՞ւմ է», – կրկին հարցրեց Գևորգ Սաֆարյանը։
Արթուր Մովսիսյանը վստահեցրեց, որ չկա այդպիսի որոշում, և համակարգը ինքնահոսի չի մատնված, և տեսանելի փոփոխություններ կատարվել են նաև Ակադեմիայում, ակադեմիական ինստիտուտներում։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ օրինակ ակադեմիկոսների թվի մասով չկա հիմնավորում, թե ներկայիս գիտնականների քանակի դեպքում քանի ակադեմիկոս պետք է լինի երկրում։ «Ինչ վերաբերում է համակարգում փոփոխություններ անել էքզեկյուտիվ իմաստով, դրա համար ընտրություն ընդհանրապես պետք չէր։ Ակադեմիայի նախագահությունը ունի բյուջե, կարող են մարդիկ ընդունել աշխատելու համար», – ասաց նա։
Կոմիտեի փոխնագահը բացառեց, որ կառավարություն մուտք արված նամակներին կարող է պատասխան չտրվել։ «Եթե ինչ-որ կոնկրետ նամակ է մուտք արվել, որին չեն պատասխանել, դա էլ եմ բացառում, որովհետև պետական համակարգը սարքված է այնպես, որ կարող է պատասխանը գոհացուցիչ չլինել, բայց չենք կարող սահմանված ժամկետում չպատասխանել։ Հարցը երևի շատ ավելի գլոբալ է, բարձրացվել են խնդիրներ, որոնց պատասխանը չի հնչել, ոչ թե որ մուտք է արվել նամակը, այդ նամակին պատասխան չի ստացվել, և դրա անունը դնենք գործելաոճ», – ասաց Արթուր Մովսիսյանը։






